Զելենսկին Ուկրաինայի կորուստների և ռազմաճակատում վերջին իրավիճակի մասին

Այժմ օրական մոտ 30 ուկրաինացի զինծառայող է մահանում ռազմաճակատում, մոտ 250-ը վիրավորվում են, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։

Նախագահի խոսքով, մայիսին և հունիսին ընթացող մարտերի ամենաթեժ պահին Ուկրաինան օրական կորցնում էր 100-ից 200 զինծառայող. «Ես ձեզ հաստատ կարող եմ ասել, որովհետև ես ամեն օր դրանով եմ ապրում»:

Զելենսկին հրաժարվել է հրապարակել Ուկրաինայի ընդհանուր ռազմական կորուստները պատերազմի սկզբից ի վեր, սակայն նշել է, որ դրանք մի քանի անգամ ավելի ցածր են, քան Ռուսաստանինը։

Նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգներից և դաշնակիցներից զենքի վերջին մատակարարումները օգնեցին կայունացնել իրավիճակը Դոնբասում: Այժմ Ուկրաինան կարող է օրական մոտ 6000 արկ արձակել, մինչդեռ Ռուսաստանը սկսում է զինամթերքի և զորքերի պակաս զգալ։

Զելենսկին նշել է, որ կրակային ուժերի հավասարակշռության այս փոփոխությունը նվազեցրել է ուկրաինական կորուստները։

Նախագահի խոսքով՝ Դոնբասում առաջնագծի կայունացումը Ուկրաինային թույլ կտա շարժվել այլ ուղղություններով։ Այնուամենայնիվ, նա հրաժարվել է քննարկել, թե որտեղ և երբ է Ուկրաինան նախատեսում հակահարձակում սկսել:

Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ուկրաինական քաղաքները ռուսական հրթիռներից պաշտպանելու համար։

Նրա խոսքով, այդ հակաօդային պաշտպանության համակարգերը շատ ավելի քիչ կարժենա ԱՄՆ-ին ու Եվրոպային, քան ուկրաինական տնտեսությունը ոտքի վրա պահելը՝ բյուջեի ամսական 5 մլրդ դոլարի դեֆիցիտով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել