«Հարսնաքարի» գործով ամբաստանյալի խոսքով՝ մատուցողն իրավունք չուներ խփելու հաճախորդին. Երկու ամբաստանյալների ցուցմունքը

Այսօր Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց անցյալ տարվա հունիսին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա ընկերներին բռնությունների ենթարկած, Վահեի Ավետյանին մահ պատճառած Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը: Դատարանը մինչև նրա ցուցմունք տալը բավարարեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ ցուցմունքի ժամանակ ամբաստանյալի տեսանկարահանումն արգելելու վերաբերյալ:

Նորայր Հայրապետյանն իր ցուցմունքում նշեց, որ նախքան այդ դեպքը տուժողներից ոչ մեկին չի ճանաչել: 2012 թվականի հունիսի 17-ին ինքը նույնպես աշխատել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:

Նա հանկարծ նկատել է, բացօթյա սրահի դիմաց Ալիկը՝ մատուցող Դավիթ Ադամյանը, ձեռքով հարվածել է հաճախորդներից մեկին: Այդ պահին նրա կողքին է եղել Արկադի Աղաջանյանը, ով «Ալիկի վրա էր տվել»:

Անվտանգության աշխատակիցներից Գարիկ Մարգարյանը ձեռքերով մի կողմ է հրել Արկադիին, որպեսզի մատուցողին չհարվածի:

Այդ ընթացքում Էդգար Նիկոյանը մոտեցել է Վահեին: Իսկ մնացածը՝ Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը փորձել են հաշվեհարդար տեսնել մատուցողի նկատմամբ: Գարիկն այդ ժամանակ թույլ չի տվել, որ վիճաբանություն տեղի ունենա:

Նորայր Հայրապետյանի խոսքով՝ ինքը խիստ ձևով բարկացել է մատուցող Ալիկի վրա, որովհետև ինչպիսինն էլ լիներ հաճախորդը, նա իրավունք չուներ հարվածելու:

Ամբաստանյալի փոխանցմամբ՝ նրանք (տուժողները) իրենց պահվածքով շատ ագրեսիվ են եղել ու երևացել է, որ ալկոհոլի ազդեցության տակ են:

Իրենք Ալիկին հեռացրել են այնտեղից, քանի որ նրա ներկայությամբ իրավիճակն ավելի էր սրվում: Ամբաստանյալն առաջարկել է շարունակել քեֆը կամ հեռանալ՝ խոստանալով հանդիպել նրանց հետ և անհրաժեշտության դեպքում պատժել մատուցողին: Այդ ժամանակ Էդգար Նիկոյանը հարցրել է զուգարանի տեղը, իրենք ցույց են տվել:

Ապա Արկադի Բայադյանն ասել է Նորայր Հայրապետյանի, թե նա կարող է մատուցողի տեղը պատասխան տալ: Վերջինս ասել է, որ իհարկե, չի կարող:

«Հարսնաքարի» անվտանգության աշխատակցի փոխանցմամբ՝ մարդիկ դուրս էին եկել և հետևում էին դեպքին: Արտակ Բայադյանն ասել է, որ այդ, հանգամանքը հաշվի առնելով, քայլեն այլ կողմ: Ու սկսել են քայլել այլ կողմ: Գարիկ Սողոմոնյանը թևանցուկ է արել իրեն ու սկսել են խոսել դեպքի վերաբերյալ: Խոսելով գնացել են, մի քանիսն իրենցից ընկած են եղել առաջ, մի մասը՝ հետ:

Ավելի ուշ Նորայր Հայրապետյանը նկատել է, որ մյուս կողմում Արտակ Բայադյանը բոլորին հայհոյում է: Կյաժն այնտեղ է եղել: Այդ ժամանակ դեռ երկու քայլ չգցած Գարիկը հետևիցս իրեն է հայհոյել, ինքն էլ շրջվել է ու ապտակել: Դրանից հետո Գարիկ Սողոմոնյանը, իր շորերից կախվելով, նստել է գետնին: Ապա մոտեցել է Էդգար Նիկոյանը: Ամբաստանյալը մտածել է, որ մոտենում է իրեն խփելու, սակայն Էդգարն ասել է, որ տղաները խմած են, շուտով կտանի նրանց:

Նորայր Հայրապետյանը դատարանին հայտնեց, որ Էգդար Նիկոյանն ու Գարիկ Սողոմոնյանը դատարանին ճիշտ չեն դեպքերի մասին: Ամբաստանյալի խոսքով՝ տուժողներից ոմանք չեն ուզում ճիշտն ասել, որ ինքն այնտեղ միայն հանգստացրել է մարդկանց:

Նրա խոսքով՝ վիճաբանությունն ընդհանուր առմամբ տևել է երեսունից-քառասուն վայրկյան, ոչ ավելի: Ինքն ավելի ուշ Հարսնաքարի տնօրենին պատմել է, որ Գարիկին մեկ անգամ խփել է: Վեճի ավարտից հետո նրանք իրենց մեքենայով գնացել են, և ինքը չի էլ իմացել, որ մեկն այդքան ծանր վիճակում է: Նա նաև ասաց, որ ինքը դեպի վայրում չի տեսել Արթուր Բաբլոյանին, Գարիկ Մարգարյանին և մատուցող Ալիկին:

Նորայր Հայրապետյանը նշեց, որ ինքը երկու փաստ սխալ է ասել նախաքննության ժամանակ: Ինքը ներկայանալիս չի ասել Հարսնաքարի անվտանգության աշխատակից, այլ նշել է Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակից, ինչը սխալ է:

Նորայր Հայրապետյանը դատարանին ներկայացրեց տեղեկանք ընտանիքի անդամների վերաբերյալ և բնութագիր:

Հաշվի առնելով ամբաստանյալի ցուցմունքների մի քանի հակասությունները նախաքննական ցուցմունքների հետ՝ դատարանը որոշեց հրապարակել Նորայր Հայրապետյանի նախաքննական ցուցմունքներն ամբողջությամբ:

Գործով հաջորդ հարցաքննվող ամբաստանյալն Արման Բաղդասարյանն էր: Նա դատարանին ասաց, որ ինքը որևէ կապ չի ունեցել վիճաբանության հետ ու իրեն տեսնողները կամ վիճաբանությունից առաջ են իրեն տեսել կամ հետո: Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի բնութագիրը, ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկանք և մի շարք այլ փաստաթղթեր:

Արման Բաղդասարյանը ևս, օգտվելով իր իրավունքից, չպատասխանեց կողմերի հարցերին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միջորդեցին որպես վկա դատարան հրավիրել ու հարցաքննել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին, թվով մի քանի երգիչների ու երաժիշտների ու պահակների, ինչպես նաև մի քանի բժիշկների, ովքեր տեղյակ են եղել Վահե Ավետյանի իրական վիճակին: Դատարանը կողմերի միջնորդություններին անդրադառնալուց հետո կանցնի վիճաբանությունների փուլ:

Գործով հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 19-ին:

 

Նունե Հովսեփյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել