Ինչո՞ւ ԻՐԱԿԱՆՈւՄ զբաղեցրած պաշտոնից ազատվեց Աննա Վարդապետյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 10-ին, նոր որոշում է ստորագրել, որով Վահե Դանիելյանը  արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել։

Վարչապետի որոշմամբ՝ նոյեմբերի 8-ին այս պաշտոնից ազատվել էր Աննա Վարդապետյանը՝ նախարար Ռուստամ Բադասյանի առաջարկով։

Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի պաշտոնանկության վերաբերյալ Իրավաբան․net-ի հարցին ի պատասխան նախարարությունից հայտնել էին․ «Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում: Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»:

Ինչպես պարզ է դառնում այսօրվա նշանակումից, կառուցվածքային փոփոխություններ այդպես էլ չեղան, այս թվում՝ նախարարի տեղակալի հաստիքի կրճատման հետ կապված, իսկ Աննա Վարդապետյանի պաշտոնից ազատման պատճառները չբարձրաձայնվեցին։

Հիմա, ինչո՞ւ ԻՐԱԿԱՆՈւՄ զբաղեցրած պաշտոնից ազատվեց Աննա Վարդապետյանը. հարց արդարադատության նախարարությանը։

Հ․Գ․ Նշենք, որ Աննա Վարդապետյանը ազատումից հետո չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ այս հարցի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել