Շարունակվում է ստոմատոլոգների և ատամնատեխնիկների դժգոհություններն ընդդեմ արտոնագրային վճարների: Այսօր` հունվարի 31-ին, ստոմատոլոգները Կառավարության շենքի դիմաց կազմակերպել էին հանրահավաք: Պատճառը, ինչպես նշեցինք, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքն է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 26-ին տեղի ունեցած ստոմատոլոգների համագումարի ժամանակ ստոմատոլոգների մի մասը կարծում էր, որ պետք է ընտրել պայքարի հետևյալ ձևաչափը՝ միահամուռ հավաքվել և կազմակերպել հավաք:
Այսօր ստոմատոլոգներից մեկն էլ հանրահավաքի ժամանակ ասաց. «երկաթը տաք-տաք են ծեծում»:
Ստոմատոլոգ Արուսյակ Հավասափյանը նշեց, որ արդեն քաղաքացիների մոտ սկսվել է խուճապ, բոլորը զանգում և այցելում են կլինիկաներ: Մարդիկ ուզում են, որ կարգավորվեն ստոմատոլոգիական խնդիրները, քանի դեռ չի թանկացել գնացուցակը: Ստոմատոլոգն իր խոսքում հավելեց. «Ամենացավալին այն է, որ մեզ զատել են Առողջպահության նախարարությանից և գցել են բիզնեսի դաշտ»:
«Ինչո՞ւ ես պետք է լքեմ իմ հայրենիքը», – նշեց ստոմատոլոգ Արմեն Վերդյանը, ով այսօրվանից դադարեցրել է իր ստոմատոլոգիական կլինիկայի գործունեությունը:
Կարծում ենք այս խնդիրը պետք է հուզի ոչ միայն ստոմատոլոգներին և ատամնատեխնիկիներին, այլ նաև յուրաքանչյուր քաղաքացու: Օրենքի նման փոփոխություններն առաջին հերթին վնասելու են քաղաքացիներին, քանի որ ֆինանսական միջին կարողություններ ունեցող քաղաքացին, եթե շատ ծանր ստոմատոլոգիական խնդիր չունենա, չի դիմի բժշկի աննորմալ գնաճի պատճառով: Բացի այդ ստոմատոլոգները ստիպված կլինեն աշխատել ոչ որակյալ նյութերով:
Ինչևէ, այս ամենի արդյունքում առաջին հերթին տուժելու է բնակչության առողջությունը:
Աղբյուր՝ Իրավաբան.net