Պաշտպանը միջնորդեց որպես վկա հարցաքննել Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին

Այսօր` դեկտեմբերի 10-ին, շարունակվեց խարդախության և փաստաթղթերի կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Հովհաննես Բաղդասարյանի գործով դատական նիստը: Ըստ մեղադրական եզրակացության` Հովհաննես Բաղդասարյանը զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով 2006-2011թթ. մարտ ամիսը օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ստացել կենսաթոշակ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի` 3.064.228 դրամ գումար:

 

Վերջինս դատական նիստի ժամանակ անընդհատ պնդում էր, որ ինքը տեղյակ չէ ոչ մի կեղծ փաստաթղթից, ինքը չի կնիքել, չի ստորագրել:

 

Դատարանը նախորդ դատական նիստը հետաձգել էր ամբաստանյալի պաշտպանին ժամանակ տրամադրելու համար, որպեսզի վերջինս կարողանար միջնորդությունը գրավոր ներկայացնել: Այսօր պաշտպանը դատարանին միջնորդեց նշանակել դատաբժշկական փորձաքննություն` պարզելու համար, թե իր վստահորդը ստացել է կոնտուզիա և երբ: Քանի որ ամբաստանյալի պնդմամբ ինքը մարտի դաշտում ստացել է կոնտուզիա և արդյունքում դարձել հաշմանդամ, արդյունքում նշանակվել է զինվորական կենսաթոշակ, ինչը և վիճարկվում է դատարանում:

 

Դատարանը միջնորդությունը քննարկեց խորհրդակցական սենյակում: Արդյունքում մերժեց պաշտպանի ներկայացրած միջնորդությունը` դատաբժշկական փորձաքննություն նշանակելու համար` հրապարակելով պատճառաբանված որոշում:

 

Ամաստանյալի պաշտպանը միջնորդեց, որպես վկա հարցաքննել Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին` պարզելու համար վերջինիս կողմից տրված տեղեկանքը ստորագրության և կնիքի իսկությունը, որը առկա է քրեական գործում: Դատարանը մերժեց այդ միջնորդությունը ևս: Քանի որ արդեն իսկ դատարանում քննարկվել է այդ փաստը:

 

Դատարանը հայտարարեց, որ թերևս նախորդ դատական նիստի ժամանակ արդեն անցել են դատական վիճաբանությունների փուլին և պետք է այսօր ունկդրել կողմերի ճառերը, այնուամենայնիվ, թույլ է տվել լրացնելու դատաքննությունը: Սակայն ամբաստանյալի պաշտպանը անընդհատ ընդմիջում էր դատական նիստը` պատճառաբանելով ամբաստանյալի վատ գզալու փաստը:

 

Հերթական ընդմիջման ժամանակ ամբաստանյալը վատ զգալու պատճառով դիմեց հիվանդանոց: Շուրջ 30 րոպե ընդմիջումից հետո դատարանը զանգով պարզեց, որ ամբաստանյալը իրոք դիմել է բուժօգնության և այսօր ի վիճակի չէ ներկայանալ դատական նիստին:

 

Հաջորդ դատական նիստ նշանակվեց դեկտեմբերի 13-ին ժամը 11.00-ին:

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել