Նախաքննությունն իրականացնող մարմինը հուլիսի 23-ին բժշկական փորձաքննություն է նշանակել՝ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի ստուգման համար: Իրավաբան.net-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց նաև, որ փորձաքննության հետ կապված պաշտպանական կողմը գլխավոր դատախազին ներկայացրած միջնորդության քննությունը խնդրել է հետաձգել:
«Գլխավոր դատախազին միջնորդություն էինք ներկայացրել, որով խնդրում էինք խափանման միջոցը վերանայել, փոխարինել ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով, սակայն այն պահին, երբ տեղեկացանք, որ վարույթն իրականացնող մարմինը նշանակել է փորձաքննություն, խնդրեցինք, որպեսզի միջնորդությունը թողնեն առանց քննության՝ մինչև փորձաքննության արդյունքների ստանալը»,- նշեց Արսեն Մկրտչյանը:
Նշենք նաև, որ օգոստոսի 16-ին լրանում է Մանվել Գրիգորյանի կալանքի տակ գտնվելու 2 ամիսը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը: