«Ես շփման համար փակ չեմ, ցանկության դեպքում որևէ դժվարություն կա, բայց քննարկման թեման կարող է լինել Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները». այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսության կոչին:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին Փաշինյանը կոչ արեց Սերժ Սարգսյանին զեկուցել իրավիճակի մասին, ասել նաև այն, որ նրա համառությունը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը:
«Ես Վլադիմիր Գասպարյանին, Գեորգի Կուտոյանին, Վիգեն Սարգսյանին եղբայրաբար հորդորում և խնդրում եմ, որ խմբով գնան և Սերժ Սարգսյանին զեկուցեն Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին: Այո, միգուցե ես ձեզ դաժան քննադատությունների եմ ենթարկել, նրանք միգուցե ինձնից խռոված են, բայց այս օրհասական պահին կոչ եմ անում, եղբայրաբար խնդրում եմ, գնալ և զեկուցել: Դա դավաճանություն չէ, դա ազգի համար ծառայություն է: Գնացեք և Սերժ Սարգսյանին բացատրեք, որ նա պետք է հեռանա»,- ասաց նա:
Նա նաև հավելեց, որ Մարտի 1-ը չի կարող կրկնվել, քանի որ այս շարժմանն աջակցում է ողջ հայությունը:
«Եթե Սերժ Սարգսյանը մտավախություններ ունի իր, իր ընտանիքի, երեխաների, թոռների անվտանգության հետ կապված և մտավախություն ունի, թե որևէ մեկը կարող է վատ վերաբերմունքի արժանանալ, քանի որ Սերժ Սարգսյանի թոռն է կամ երեխան, ես երաշխավորում եմ և ժողովուրդը երաշխավորում է, որ այդպիսի բան տեղի ունենալ չի կարող»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ԱԺ պատգամավորին երկխոսության կոչ է արել: