Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ «Սասնա ծռեր-2» զինված խմբի գործով դատական նիստը:
Գործի անջատված այս մասով ամբաստանյալներն են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Մխիթար Ավետիսյանը, Էդվարդ Ներսիսյանը, Սեդրակ Նազարյանը, Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Մեսրոպ Մակյանը:
Դատական նիստի ընթացքում շարունակվեցին նախորդ դատական նիստի ժամանակ ընդհատված ձայնագրությունների վերծանումները:
Նիստի ընթացքում 10 անդամի գործով դատական նիստին հրապարակվել են գնդի գրավման օրերին սպանված ոստիկանների դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները:
Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ գնդի գրավման ժամանակ զոհված ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահը վրա է հասել կրծքավանդակի և որովայնի շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող և միջանցիկ վնասվածքից, իսկ Յուրի Տեփանոսյանի մահը վրա է հասել ողնուղեղի դիֆուզ վնասվածքային ախտահարումից՝ ողնաշարի պարանոցային հատվածի և գանգի դիմային հատվածի համակցված հրազենային, գնդակային, կույր վիրավորում ստանալու հետևանքով, որը մահվան հետ անմիջական կապի մեջ է եղել: Բացի հրազենային վիրավորումից, Յուրի Տեփանոսյանի մարմնի վրա` կրծքավանդակի հետին մակերեսին, հայտնաբերվել է սալջարդ, որը պատճառվել է կենդանության օրոք՝ մահվանից անմիջապես առաջ սուր եզր ունեցող կույր առարկայով:
Ձայնագրությունների վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում: