Ալեքսանդր Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, նախնական համաձայնությամբ խմբի կազմով՝ նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Համլետ Պ․-ի հետ համատեղ իրացնելու նպատակով` Wildberries-ով պատվիրել են կեղծ 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամներ և մոտավոր հավասարաչափ բաժանել երկուսի միջև։ Այնուհետև զինծառայողը խանութներից մեկում 10 հատ կեղծ 1000 դրամը տվել է, փոխարենը ստացել 10,000 դրամանոց։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել հունիսի 27-ին և մակագրվել դատավոր Նապոլեոն Օհանյանին։
Նշվում է, որ մեկ այլ վայրում գտնվող խանութից վերադառնալուց հետո, զորամասից զանգահարել ու ասել են, որ խանութում զինծառայողները կեղծ թղթադրամներով գնումներ են կատարել։ Ալեքսանդր Բ․-ն ու Համլետ Պ․- հայտնել են, որ իրենք են խանութում կեղծ թղթադրամներով գնումներ կատարել։ Գնացել են խանութ, որտեղ տղաներից մեկը վաճառողին վերադարձրել է 10 հազար դրամանոց թղթադրամը, իսկ մյուսը պարտավորվել է 4000 դրամը մեկ ժամվա ընթացքում փոխանցել աշխատակցի բանկային քարտին։ Այնուհետև գնացել են զորամաս, և նրանց ուղեկցել են փոխգնդապետի աշխատասենյակ։
Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Դատարանը վճռել է Ալեքսանդր Բ․-ին և Համլետ Տիգրանի Պ․-ին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքներով ճանաչել և հռչակել անմեղ՝ վերագրվող արարքի քրեական հակաիրավականությունը ապացուցված չլինելու հիմքով:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կից պահվող թղթադրամները ոչնչացնել։
Դատական ակտը հրապարակվել է հուլիսի 16-ին։