Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է 2025-ի ամառային զորակոչի ընթացքում ստացված բողոքները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներից, նրանց հարազատներից ու փաստաբաններից ստացվել է 123 գրավոր և բանավոր բողոք:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների աշխատակազմից։

41 բողոք քննարկվել է գրավոր ընթացակարգով, 12-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, ևս 70 քաղաքացու հարցի լուծման առնչությամբ Պաշտպանի աշխատակազմը տրամադրել է խորհրդատվություն։

2025 թվականի ամառային զորակոչին ևս բողոքների մեծ մասը վերաբերել են բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին ու դրանց բողոքարկումներին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն: Բացի այդ, քաղաքացիները Պաշտպանին դիմել են նաև կրթության, գիտության, սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու հիմքով զորակոչից տարկետում ստանալու, այլընտրանքային ծառայություն անցնելու, բժշկական փաստաթղթերը ստանալու և այլ հարցերով:

Պաշտպանի աշխատակազմն ամառային զորակոչի ընթացում շարունակել է զորակոչին առնչվող հարցերով հստակ մեթոդաբանությամբ մի քանի ուղղություններով աշխատանքը,
մասնավորապես՝

▪️ Բողոքներն ուսումնասիրվել և քննարկվել են հնարավորին արագ ու սեղմ ժամկետում, որից հետո պարզաբանումների պահանջով և կոնկրետ առաջարկություններով գրություններ են հասցեագրվել իրավասու պետական մարմիններին:
▪️ Արագ արձագանքումների շրջանակում քննարկումներ են նախաձեռնվել զինկոմիսարիատների, ՊՆ, ԿԳՄՍՆ, իրավասու ստորաբաժանումների, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ:
▪️ Զորակոչիկների փորձաքննություններին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններին առնչվող և այլ հարցերով պարբերաբար քննարկումներ են եղել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի հետ:

Կարևոր է նշել, որ զորակոչին առնչվող հարցերով շարունակ աճում է անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունն ու դրական գործերի քանակը:

Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ առկա են ոլորտային մի շարք հարցեր, այդ թվում՝ համակարգային բնույթ ունեցող, որոնց ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը և հնարավորին սեղմ ժամկետում լուծման մեխանիզմների ներդնումը կարող են նպաստել զորակոչի գործընթացում մարդու իրավունքների պատշաճ երաշխավորմանը:

Նշվածի կապակցությամբ Պաշտպանը իրավասու պետական մարմիններին ներկայացրել է կոնկրետ առաջարկներ, հարցին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև տարեկան հաղորդմամբ:

Առավել մանրամասն տե´ս Պաշտանի 2024 թվականի տարեկան հաղորդումը՝ էջեր 77-99:  ( https://shorturl.at/ZPGJb )

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել