Օգոստոսի 29-ին` ժամը 11-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Արմավիր» բժշկական կենտրոնից: Բամբակաշատ գյուղի դաշտերում երկաթյա ամրանի վրա ընկնելու հետևանքով «Որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ:
Մեկնել են Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը:
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի գործընկերների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 29-ին` ժամը 9.30-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի դաշտամիջյան ճանապարհների խաչմերուկում, ավտոմեքենաները միմյանց չզիջելու հարցի շուրջ տուժած տղամարդը վիճաբանել է 32-ամյա համագյուղացու հետ: Վեճը շարունակվել է տուժածի «Լանդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայում: Նստելով վարորդի կողքին՝ 32-ամյա տղամարդը դռան գրպանիկում նկատել է դանակ, վերցրել այն ու հարվածել։
Նույն օրը` ժամը 19.15-ին, 32-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: