Կեղծ դիպլոմ ձեռքբերելու գործով դատարանում նոր հայտարարություն արվեց՝ հանցագործության մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվեց Շուշան Հովհաննիսյանի կողմից կեղծ դիպլոմի ձեռքբերման մեղադրանքով գործի քննությունը:

Հիշեցնենք, որ Շուշան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին իր ազգականի միջոցով Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանից ենթադրյալ 600.000 դրամի դիմաց ձեռք է բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կեղծ դիպլոմ, որը 2015 թվականին վերահաստատման նպատակով ներկայացրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:

Անցած դատական նիստին դատախազ Արամ Արամյանը հրապարակեց Շուշան Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու որոշումը, որով հայտնում էր, որ  Շուշան Հովհաննիսյանը 2008 թվականին իր ազգական Թամարա Գևորգյանի միջոցով 600.000 դրամի դիմաց Ռաֆիկ Մխիթարյանից ձեռք է բերել Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կեղծ դիպլոմը, որը ներկայացրել է Root TSI ՍՊԸ-ի կադրերի բաժին՝ իր անձնական գործին կցելու համար: Այնուհետև, Շուշան Հովհաննիսյանը նպատակադրվել է տվյալ  կեղծ դիպլոմը գործածել արտերկրում:

Մեղադրանքի այդ մասով այսօրվա դատական նիստին Շուշան Հովհաննիսյանը դատարանին ցուցմունք տվեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Ներկայացված մեղադրանքը, որ ես դիպլոմի պատճենը ներկայացրել եմ կազմակերպություն, չի համապատասխանում իրականությանը: Ես ոչ մի պատճե չեմ ներկայացրել Root TSI ՍՊԸ: Նաև ասեմ, որ պարզ չէր ես կգնայի Կանադա, թե՝ ոչ: Կունենայի այնտեղ օգտագործելու հնարավորություն, թե՝ չէ: Դա նույնպես բացարձակ ճշմարտություն չէ»,- իր խոսքում նշեց Շուշան Հովհաննիսյանը:

Պաշտպան Արա Զաքարյանը հարց ուղղեց իր պաշտպանյալ Շուշան Հովհաննիսյանին, թե արդյո՞ք այդ ընկերությունում աշխատելու համար համապատասխան հաշվապահական որակավորում պարտադիր եղե՞լ է, թե՝ ոչ և, որ աշխատանքի է ընդունվել, ապա որպես ի՞նչ է աշխատել: Շուշան Հովհաննիսյանը պատասխանեց, որ աշխատանքի ընդունվելիս հաշվապահական պարտադիր որակավորում որպես այդպիսին հայտարարության մեջ չի նշվել և ի սկզբանե աշխատանքի է անցել որպես գլխավոր հաշվապահ, որը եղել է 2007 թվականի սեպտեմբերի մեկին:

Դատարանի և Շուշան Հովհաննիսյանի միջև հարց ու պատասխան սկսվեց: Դատարանը հարցրեց.
– Արդյո՞ք դա նշանակում է, որ 10-րդ կամ 8-րդ դասարանի կրթություն կարելի է ունենալ և աշխատել որպես գլխավոր հաշվապահ:
– Չեմ կարող ասել:
– Եթե չեք կարող ասել, ապա ինչպե՞ս եք հաստատապես ասում:
-Համենայնդեպս, օրենքի որևէ պահանջ չկա, որ գլխավոր հաշվապահը լինի տնտեսագիտական կրթություն ունեցող անձ:

Այդուհետև Շուշան Հովհաննիսյանը ցանկացավ դատարանին ներկայացրել իր աշխատանքային գրքույկը (այն ավելի ուշ դատարանին ներկայացրեց պաշտպանը), որով հաստատվում էր, որ նա աշխատել է որպես գլխավոր հաշվապահ 2007 թվականից և հաստատում էր նաև, որ Տնտեսագիտական համալսարանի դիպլոմը չի կցվել կազմակերպության գործին ո՛չ աշխատանքի անցնելու պահին, և ո՛չ էլ դրանից հետո:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանի այն հարցին, թե՝ ինչպե՞ս կբացատրի Շուշան Հովհաննիսյանն այն հանգամանքը, որ նախաքննության փուլում տված ցուցմունքում նա նշել է, որ դիպլոմի պատճեն կցել է աշխատանքի ընդունվելու իր փաստաթղթերին, հաջորդեց Շուշան Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ նախաքննության փուլում իր տված ցուցմունքը եղել է ԱԱԾ-ի աշխատակիցների թելադրմամբ. «Իրենք ենթադրեցին, որ ես դիպլոմի պատճեն ներկայացրել եմ կազմակերպություն: Այդ պահին ես ընդհանրապես շարադրություն էի գրում մեծ մասամբ: Չուզենալով երկարացնել դատական գործընթացը, ես այդ մասի վրա ուշադրություն չեմ դարձրել»,- իր խոսքում նշեց Շուշան Հովհաննիսյանը:

Նա պնդում էր, որ ԱԱԾ-ում իրեն շտապեցրել են ու հապճեպ գրել են տվել ցուցմունքը, ինչպես նաև իրեն ասել են, որ ինչ հիշում է, այն էլ պետք է գրի. «Իսկ ես ոչ մի բան չէի հիշում ու գրելու առանձնապես բան էլ չկար: Որպեսզի ինչ-որ բան գրվեր, նրանք կողքից ավելացումներ էին անում», – ասաց Շուշան Հովհաննիսյանը:

Դատարանը հարց ուղղեց Շուշան Հովհաննիսյանին, թե ո՞վ է եղել իրենից ցուցմունք վերցնող քննիչը, նրա պաշտոնը, անունը և ազգանունը, որին Շուշան Հովհաննիսյանը պատասխանեց, որ անունն ու ազգանունը չի հիշում: Դատարանը վերցրեց գործում կցված փաստաթղթերը, որպեսզի տեսնի, թե ով է եղել ցուցմունք վերցնող քննիչը, որից հետո հայտնեց, որ Շուշան Հովհաննիսյանից ցուցմունք վերցրել է կապիտան Հակոբյանը: Սակայն Շուշան Հովհաննիսյանը դատարանին հայտնեց, որ իրենից ցուցմունք վերցնելու ժամանակ այդ սենյակում երկու անձ կային. « Նրանցից մեկը, հավանաբար,  Հակոբյանն էր, իսկ մյուսը չգիտեմ»,- ասաց նա:

Դատարանը շեշտեց, որ Շուշան Հովհաննիսյանի արված հայտարարությունն ԱԱԾ-ի հակաօրինական արարքի վերաբերյալ հաղորդում է հանցագործության մասին:

Պաշտպան Արա Զաքարյանը դատարանին ներկայացրեց Շուշան Հովհաննիսյանի աշխատանքային գրքույկի պատճեն, որով ապացուցվում էր, որ Շուշան Հովհաննիսյանն աշխատանքի է ընդունվել որպես գլխավոր հաշվապահ 2007 թվականի սեպտեմբերի մեկին:

Ընթերցողին հասկանալի լինելու համար նշենք, որ աշխատանքի ընդունվելու ամիսն ու ամսաթիվը պաշտպան Արա Զաքարյանը կարևորում է, քանի որ մեղադրանքում նշվում է, որ Շուշան Հովհաննիսյանը  Տնտեսագիտական համալսարանի դիպլոմը ստացել է 2008 թվականին և, որ այդ դիպլոմը կցվել է նրա աշխատանքային փաստաթղթերին: Մինչդեռ, պաշտպանը դատարանին ներկայացված փաստաթղթով ապացուցում է, որ Շուշան Հովհաննիսյանի աշխատանքի անցնելու պահին նա չի ունեցել տնտեսագիտական համալսարանի դիպլոմ, և այն գործին կցված չի եղել ո՛չ այդ պահին, ո՛չ հետո:

Այդ փաստաթղթի առկայությունը դատախազ Արամ Արամյանը համարեց որպես գործում առկա նոր փաստաթուղթ, որն ուսումնասիրելու համար դատարանից ժամանակ խնդրեց, սակայն պաշտպան Արա Զաքարյանն առարկություն հայտնեց դատական նիստը հետաձգելու և դատախազին ժամանակ տրամադրելու վերաբերյալ, որը բացատրեց նրանով, որ այդ փաստաթուղթը գործում առկա նորույթ չէ և, որ այն ի սկզբանե նշվել է կազմակերպության կողմից, որտեղ աշխատել է Շուշան Հովհաննիսյանը.

« 2,5 տարի է՝ ինչ այս դատական գործն ընթանում է և ամեն անգամ դատախազը նիստը հետաձգելու համար պատրվակներ է առաջ բերում: Պետք է նշեմ, որ Շուշան Հովհաննիսյանի՝  որպես հաշվապահ աշխատանքի անցնելու հանգամանքը 2007 թվականին նշվել է իսկզբանե և սա նոր բան չէ, որ դատախազն ուսումնասիրի, որի պատճառով էլ դատական նիստը հետաձգվի: Եթե այսպես շարունակվի, ապա այս դատական գործընթացը ևս մեկ տարի էլ դեռ կշարունակի»,- իր խոսքում նշեց Արա Զարքարյանը:

Դատարանը, սակայն, բավարարեց դատախազ Արամ Արամյանի միջնորդությունը դատական նիստը հետաձգելու վերաբերյալ և նշեց, որ դատական նիստերը կարող են տևել տարիներ նաև, քանի որ լինում են գործեր, որոնք մանրակրկիտ ուսումնասիրելու կարիք ունեն արդարադատության նպատակով, մանավանդ, երբ արդեն իսկ հանցագործության վերաբերյալ հայտարարություն է արվել ամբաստանյալի կողմից:
Այսպիսով,  հաջորդ դատական նիստը կլինի մայիսին: 

Լուսանկարում՝ Շուշան Հովհաննիսյանը

Սերգեյ Հակոբյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել