Չորս երեխայի հայր լինելը ստիպում է, որ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվես նաև ոչ տոնական օրերին. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմել է տարվա ձեռքբերումների, տարվա ընթացքում իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետների մասին:

Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականըի՞նչ ձեռքբերումներ ունեցաք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

2017 թվականը հարուստ իրավական իրադարձություններով տարի էր: Փաստաբանների պալատի համար երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝ խորհրդի և նախագահի ընտրությունները: Առանց բացթողումների հնարավոր չի լինում, բայց ընդհանուր առմամբ դրական տարի էր:

Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

– Չեմ կարող ասել, հատկապես, որ 1900-ից ավելի փաստաբան ունենք: Յուրաքանչյուրն իր ոճով և մոտեցումներով տարբերվում է մյուսից: Այսօր փաստաբան հանդիսացող յուրաքանչյուր անձ հերոս է, քանի որ ընտրել է դժվար ճանապարհ:

Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի,  դատական  կամ իրավական ակտեր) :

– Մշտապես: Մեր պայքարն ուղղված է լինում հենց զավեշտալի երևույթների դեմ:

Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

– Չգիտեմ դա լավ է, թե՝ ոչ, բայց ոչինչ չի զարմացրել:

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

– Ձմեռ պապը չի կարող լինել իրավաբան, հակառակ դեպքում երեխաները նվերներից կզրկվեին՝ բյուրոկրատական թղթաբանության պատճառով:

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

– Ինչպես միշտ, իմ ընտանիքի հետ միասին:

Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

– Չորս երեխայի հայր լինելը ստիպում է, որ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվես նաև ոչ տոնական օրերին:

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-Տարին, ամիսը, օրերը մարդկանց համար են: Տարվանից որևէ ակնկալիք չունեմ: Կարծում եմ, որ չի կարելի ներկան կամ ապագան կապել ինչ որ իրադարձությունների կամ իրերի հետ: Յուրաքանչյուր մարդ ինքն է կերտում իր ճակատագիրը, ինքն է ընտրում կյանքի խաչմերուկների իրեն հարմար ճանապարհները: Սա է ազատ ընտրության ի վերուստ տրված կանոնը: Այնպես, որ ակնկալիքներս մարդկանցից է՝ ինձանից և շրջապատիցս:

Դուք/Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Մեր խնդրանքի հասցեատերը Աստված պապիկն է: Խնդրում ենք մեր ժողովրդի համար խաղաղություն, առողջություն և սեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել