Կանոնադրությամբ նախատեսեք շահառուների շրջանակը․ Կարեն Զադոյանի խորհուրդը՝ ՀԿ-ներին

Անդամավճարները «Շահութահարկի մասին» օրենքով չեն ճանաչվում եկամուտներ և ծախսեր, քանի որ համարվում են անհատույց ակտիվներ։ Այս մասին այսօր Չարենցավանի քաղաքային գրադարանում Կոտայքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար նախատեսված դասընթացի ժամանակ նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը․ «Սա նշանակում է, որ երրորդ անձանց համար մատուցվող ծառայությունները, դրանք կարող են լինել մեր շահառուները, այդ ծառայությունները հարկային մարմնի կողմից կարող են համարվել ոչ անհատույց ակտիվներ ու բնականաբար շահութահարկով պետք է հարկվի, անկախ նրանից դա դրամաշնորհի միջոց է, թե՝ ոչ, այսինքն՝ դրամաշնորհն ինքնին առանձին չի ազատվում շահութահարկից, եթե իր մեջ անհատույց ծախսեր է պարունակում, օրինակ՝ իր անդամների, կազմակերպության համար, դրանք ազատվում են, բայց երրորդ անձանց համար կատարված ծախսերը չեն ազատվում»,- նշեց պարոն Զադոյանը և առաջարկեց հետևյալ լուծումը․ «Այս տեսանկյունից, եթե դուք կազմակերպության կանոնադրությամբ նախատեսեք շահառուների շրջանակը, ապա այդ դեպքում անալոգիայի կարգով, ինչպես անդամների դեպքում, այստեղ էլ շահառուների դեպքում էլ խնդիր չի լինի ու այդ ծառայությունները շահառու խմբերի համար նախատեսված կլինեն, ոչ թե երրորդ անձանց համար»,- ամփոփեց նա։

Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն Հայաստանում ունի իր գույքի ձևավորման տարբեր աղբյուրներ։ Ըստ Կարեն Զադոյանի՝ օրենքով պարտականություն է դրվում ՀԿ-ների վրա կարգավորել, թե կազմակերպության, որ մարմիններն են տնօրինում այդ գույքը․  «Տնօրինողներից կարող է լինել կազմակերպության բարձրագույն մարմինը՝ ժողովը, գործադիր կամ կոլեգիալ մարմինը։ Դուք պետք է հասկանաք, թե ձեր կազմակերպություններում, որ մարմնին եք վերապահում այդ լիազորությունները, որովհետև եթե հետագայում տվեցիք միայն գործադիր մարմնի ղեկավարին և այդ մարմինը ձեր գույքն օտարեց, նրա գործողություններն այդ մասով իրավաչափ կլինեն, սակայն օրինական է, թե ոչ, այսինքն՝ նպատակային է այդ օտարումից միջոցն օգտագործել, սա արդեն երկրորդ խնդիրն է»,- նշեց նա։

Բացի գույքի օտարումից, հարկավոր է նաև կանոնադրության մեջ հստակ սահմանել այն մարմինը, որը կարգավորելու է անդամավճարների ինստիտուտը, հակառակ դեպքում՝ կդիտարկվի, որ անդամավճարների ինստիտուտ ՀԿ-ն չի նախատեսում։

Օրենքը կազմակերպությունների հայեցողությանն է թողնում վերահսկող մարմնի ստեղծման հարցը․  «Կազմակերպությունները կարող են ունենալ վերահսկողական մարմիններ, կամ էլ կարող են չունենալ, օրենքը դա չի պարտադրում։ Եթե դուք չունեք ներուժ՝ հաշվապահներ, ֆինանսիստներ, ավելորդ պետք է չէ նախատեսել նման մարմին»,- մանրամասնեց բանախոսը։

Նշենք, որ ծրագրի շրջանակներում Կարեն Զադոյանը ՀԿ ներկայացուցիչներին տրամադրում է նաև անվճար իրավաբանակն խորհրդատվություն, իսկ կանոնադրությունները նոր օրենքին համապատասխանեցնելու նպատակով ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբանները անվճար աջակցություն են ցուցաբերելու կազմակերպություններին։

Հայտնենք, որ Չարենցավան քաղաքում այս դասընթացը անց է կացվել Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։

Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Գ․Թ․

Ա․Ս․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել