Պահանջում են հանձնախումբ կազմել ու քննել Կարո Փայլանի գործը

Այսօր Երևանում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի:

Այս տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը իր ելույթում հարգեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության զոհերին:

Նախաձեռնողների համոզմամբ՝ այդ ելույթից հետո, խորհրդարանական քննարկման ժամանակ, նա ուղղորդված ու նախապես մշակված հարձակման ենթարկվեց: Նրա հասցեին հնչեցին նաև հայ լինելու վերաբերյալ հայհոյանքներ ու ռասիստական այլ արտահայտություններ: Ըստ ակտիվիստների՝ Թուրքական սոցցանցերում արդեն կոչեր են հնչում Կարո Փայլանին Հրանտ Դինքի պես սպանելու մասին:

Նրանք վստահ են, որ Կարո Փայլանի կյանքին վտանգ է սպառնում. «Մենք մեր նախաձեռնությամբ ուզում ենք մեր աջակցությունը հայտնել հայազգի պատգամավորին, ով իր կյանքը վտանգի տակ դնելով Թուրքիայում խոսում է հայերի դեմ ցեղասպանության, հայապահպանության մասին: Մենք Կարոյի հետ ենք և հետևողական կլինենք, որ նրա կյանքին վտանգ չսպառնա»,-  ակցիայի ժամանակ հայտարարեցին մասնակիցները:

Նրանք Հանրապետության հրապարակից երթով գնացին ՄԱԿ-ի գրասենյակ՝ նամակ հանձնելու. «ՄԱԿ-ին պետք է հիշեցնել իր իսկ առաքելության մասին, ու ստիպել, որ իր անդամ պետություններն էլ ընդունեն ու իրականացնեն այն պայմանները, որոնք պարտավորվել են կատարել»,- նշում էին ակտիվիստները:

Երթին միացել էր նաև փաստաբան Վարդանուշ Կավալյանը, նա մեզ ասաց, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի 1-7-րդ հոդվածներով սահմանված է խտրականության արգելքը ու պետությունների պարտականությունները, իսկ 9-11-րդ հոդվածներով սահմանված է ՄԱԿ-ի կառույցներին դիմելու իրավունքը. «Մինչդեռ Թուրքիայում բռնություն է կիրառվել հայազգի պատգամավոր Կարո Փայլանի նկատմամբ, ուստի պահանջն է, որ ՄԱԿ-ը կազմի հանձնախումբ՝ առանց Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների, ու քննի այդ գործը»:

ՄԱԿ-ի գրասենյակում ակտիվիստներին դիմավորեցին անվտանգության աշխատակիցը և վերցրեցին նամակը: Որոշ ժամանակ անց, գիտակցելով, որ իրենցից նամակը վերցրել է անվտանգության աշխատակիցը, ակտիվիստները դժգոհություն հայտնեցին, թե Հայաստանում արժանանում են նման բացասական վերաբերմունքի ՄԱԿ-ի կողմից, մինչդեռ ըստ ցուցարարների՝ իրենց ընդառաջ պետք է գար առավել կոմպետենտ պաշտոնյա:

Ակտիվիստներն իրենց դժգոհությունը հայտնեցին հեռախոսազանգի միջոցով և հեռացան:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել