«Փետրվարի 10-ին ՀՀ Նախագահն իր կարգադրությամբ սահմանեց այն ժամկետները, որոնց ընթացքում պետք է մշակվեն այն օրենքների նախագծերը, որոնք բխում են Սահմանադրությունից: Այս փաթեթի համար ժամկետ էր սահմանվել մարտի 1-ը, ինչը նշանակում էր, որ մենք ունեինք ընդամենը 13 աշխատանքային օր՝ մշակելու այս փաթեթը»,- կառավարության երեկվա նիստին հայտարարել էր ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով Ընտրական օրենսգրքի նախագիծը:
13 օրվա ընթացքում ընտրական օրենսգիրք մշակելը իսկապես բարդ գործ է, բայց արի ու տես, որ աշխատանքային խումբը այն մշակել է ոչ թե 13, այլ եթե հետևենք պարոն Հարությունյանի խոսքերի տրամաբանությանն ու Վենետիկի հանձնաժողովի հրապարակումներին՝ ընդամենը 5 օրում:
Այսպես՝ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի 54–րդ նիստի օրակարգում ներառված է նոր ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ եզրակացության հայտնման օրակարգը, հանձնաժողովն իր կարծիքը կհայտնի մարտի 10–ին, հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում, ինչպես ընդունված է ասել՝ սևը սպիտակի վրա գրված է, որ 2016թ. հունվարի 15-ին Արդարադատության նախարարը հանձնաժողովին հայտնել է նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներում աջակցելու խնդրանքի մասին, Վենետիկի հանձնաժողովը նախագիծը ստացել է փետրվարի 15-ին:
Պարոն Հարությունյանը նշում էր, որ նախագահի կարգադրությունը եղավ փետրվարի 10-ին, նա վստահեցնում էր, թե իրենք ընդամենը 13 աշխատանքային օր ունեին, ընդ որում՝ շեշտադրումն այնպիսին էր, որ աշխատանքային խումբն ուներ քիչ ժամանակ ու արեց սպասվածից ավելին, բայց ստացվում է, որ նախագիծն ուղարկվել է ժամկետները սահմանելուց ընդամենը 5 օրում: Տվյալ դեպքում ունենք՝ երկու պատճառաբանություն՝ կա՛մ հանձնաժողովը մինչ այդ մշակել էր նախագիծն ու այդ 5 օրն օգտագործեց այն վերջնական տեսքի բերելու համար, կա՛մ էլ մեր իրավաստեղծ ոլորտում կան կայծակնային արագությամբ աշխատող խմբեր:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը հունվարի 29-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այս խմբի անդամներն են ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան և ինքը:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահի 2016թ. փետրվարի 10-ի հրամանագրի հավելվածով հաստատվել էր Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը, ինչպես նաև ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական Ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անձնակազմը, որն էլ պետք է մշակեր նաև Ընտրական նոր օրենսգիրքը:
Սակայն այս անձանց շարքում չկա Արդարադատության նախարարը: Հարց է առաջանում՝ այդ ի՞նչ նոր խմբի մասին է խոսքը, որը ի դեպ, կայծակնային արագությամբ է աշխատում ու որի կազմի մեջ է մտնում Արդարադատության նախարարը: