Նոր Ընտրական օրենսգիրքը մշակելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել, որի կազմի մեջ մտնում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հրայր Թովմասյանը:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե աշխատանքային խմբի աշխատավայրը նախագահականն է, նա արձագանքեց, որ նման բան չկա, իրենք աշխատում են, օրինակ, Հրայր Թովմասյանի գրասենյակում, նախագահականում նիստ չի եղել:
Ինչո՞ւ են այսքան քիչ մասնագետներ ներգրավված աշխատանքային խմբում՝ հարցին պարոն Թովմասյանը կատակով պատասխանեց. «Մի քանի բաներ կան, որ ասում է՝ դրա ժամանակ շատով լինելն այդքան էլ լավ չի, մեկը ձվածեղ ուտելուց և օրենք գրելուց»:
Ըստ Արդարադատության նախկին նախարարի լավագույն Ընտրական օրենսգիրքը պետք է բարձրացնի քաղաքացիների վստահությունը այս պրոցեսների նկատմամբ. «Այն վստահություն պետք է ներշնչի ընտրական պրոցեսների մասնակիցների շրջանում, որ ընտրողի քվեն լիարժեքորեն մինչև վերջ հաշվարկվի: Գլխավոր խնդիրը ընտրական պրոցեսներում վստահության պրոցեսն է, օրենսգիրքը պետք է դա անի»,- շեշտեց պարոն Թովմասյանը:
Ըստ նոր մոտեցումների՝ երբ անձը մոտենա տեղամասային հանձնաժողովին, մուտքագրվելու է նրա նույնականացման քարտը և էկրանին հայտնվելու է վերջինիս դեմքը. «Այս դեպքում, եթե հանկարծ մուտքագրվել է մի նույնականացման քարտ, որի ընտրողների ցանկում նշյալ անձը չկա, ապա վառվելու է կարմիր լույս և նրան թույլ չեն տա: Եթե անձը փորձել է երկրորդ անգամ քվեարկել, ապա որոշակի ազդանշան կլինի, կհրավիրվի ոստիկանը և նրան դուրս կտանեն»,- նշեց պարոն Թովմասյանը:
Զրույցի ժամանակ Հրայր Թովմասյանն ասաց, որ օրենսգիրքը նոր է միայն մշակվում, այս պահին նախագծի մասին խոսք գնալ չի կարող: