Էներգամատակարարման պայմանագիրն աբոնենտի (այսինքն՝ Ձեր) հետ կնքվում է նրա մոտ էներգամատակարարող կազմակերպության գծերին միացված ու սահմանված տեխնիկական պահանջները բավարարող էներգաընդունիչ և այլ անհրաժեշտ սարքավորումների առկայության, ինչպես նաև սպառված էներգիայի հաշվառման ապահովվածության դեպքում:
Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս կենցաղային սպառման համար էներգիա օգտագործող քաղաքացին, պայմանագիրը կնքված է համարվում միացված ցանցին սահմանված կարգով աբոնենտի առաջին փաստացի միացման պահից:
Էներգամատակարարման պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով և կարող է փոփոխվել կամ լուծվել Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
Որոշակի ժամկետով կնքված էներգամատակարարման պայմանագիրը երկարաձգված է համարվում նույն ժամկետով և պայմաններով, եթե մինչև դրա գործողության ժամկետի ավարտը կողմերից որևէ մեկը չի հայտնում այն դադարելու կամ փոփոխվելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին:
Եթե մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը կողմերից մեկն առաջարկում է կնքել նոր պայմանագիր, ապա մինչև նոր պայմանագիր կնքելը կողմերի հարաբերությունները կարգավորվում են նախկին պայմանագրով: