Ինքը պրոֆեսիոնալ մարմնավաճառ էր. դատապարտյալ քույրը ամբաստանյալ քրոջ գործով հարցաքննվեց

Հայաստանցի կանանց Դուբայում թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող 39-ամյա Հերիքնազի գործով այսօրվա դատական նիստին դատարանում հարցաքննվեց նրա քույրը՝ Բավականը, ով մեկ տարի առաջ է դատապարտվել 11 տարվա ազատազրկման՝  քրոջ հետ նույն խմբի մեջ կանանց հավաքագրելու և թրաֆիքինգի ենթարկելու համար:

Դատարանի ճշտող հարցին, թե ամբաստնյալն իր քույրն է, Բավականը պատասխանեց. «Երևի, չգիտեմ»: Հետո ցուցմունքում պարզաբանեց, թե 2005 թվականին ընդհարվել են, այնուհետև գրեթե կապ չի ունեցել Հերիքնազի հետ: Եվ քանի որ կապ չի ունեցել, հետևաբար, «իր բռնած գործերի հետ» Հերիքնազը նույնպես կապ չի ունեցել: Դատարանում Բավականը հայտնեց, թե ինքը քրոջ դեմ ցուցմունք է տվել իր հանդեպ կիրառված խորթ միջոցների հետևանքով՝ ոստիկանության 6-րդ վարչությունում մեկ օր ապօրինի պահել են, ծեծել, հայհոյել ու սպառնացել մորն ու եղբորը նույնպես բերման ենթարկել, եթե իրենց ուզած ցուցմունքը չտա: Նրա խոսքով, գիշերը 6-րդ վարչությունից ոտքով իջեցրել են քննչական բաժին, որտեղ էլ ցուցմունքը կորզել են իրենից:

Բավականը պարզաբանեց, թե իրականում ինքը գործով անցնող տուժողներ Ելենային ու Աննային առաջարկել է գնալ աշխատել Դուբայում աշխատող իր ընկերուհու՝ Անոյի մոտ, ում ինքը «քուր» է ասում: Եվ այստեղից էլ տուժողների մոտ թյուրիմացություն է եղել, թե խոսքը իր հարազատ քրոջ՝ Հերիքնազի մասին է:

Բավականն ասաց նաև, թե կանանց հավաքագրելիս նրանց ասել է, թե քրոջ՝ Հերիքնազի մոտ է նրանց ուղարկելու, որպեսզի տուժողների վստահությունը շահի:

Անդրադառնալով տուժող Ելենային, ում ցուցմունքները ընկած են երկու քույրերին առաջադրված մեղադրանքների հիմքում, Բավականն ասաց, թե նրանք երկուսը մտերիմ ընկերուհիներ են եղել, իսկ հետո ընդհարվել են, քանի որ Հերիքնազին Ելենան խաբեությամբ Թուրքիա է տարած եղել: Իսկ ելենայի Դուբայ գնալու հետ Հերիքնազը կապ չի ունեցել: Նրա խոսքով, Ելենան այստեղ էլ մարմնավաճառությամբ է զբաղվել, մեծ պարտքեր է ունեցել ու իրեն խնդրել է օգնել՝ գնալ Դուբայ ու այնտեղ աշխատել՝ պարտքերը մարելու համար: Ինքն էլ Անոյին միջնորդել է ու Ելենային ճանապարհել Դուբայ. «Ինքը պրոֆեսիոնալ մարմանավաճառ էր, ի՞նչ պիտի աշխատեր Դուբայում: Ասում էր՝ ես մենակ էդ գործը կարամ անեմ»:

Կարճ ժամանակ անց սակայն Ելենան վերադարձել է: Բավականի պատմելով, Անոն ասել է, թե Ելենայի արտաքինը չեն հավանում ու, բացի դրանից, նա ուզում էր հարբած վիճակում աշխատել, իսկ հարբելուց հետո էլ փորձում է երակները կտրել:

Տուժողներից Աննայի վերաբերյալ էլ Բավականն ասաց, թե նա նույնպես մարմնավաճառ է եղել ու դրա մասին հենց նրա մայրն է իրեն ասել: Աննայի ընտանիքի հետ մտերիմ են եղել, միասին 8 տարի ապրել են: Բավականը փորձեց ստվեր նետել նաև մյուս տուժողների բարոյական կերպարի վրա. ամուսնալուծված էին, խոսակցություններ կային…

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մեկ այլ հերիթի, քանի որ նիստերի նույն դահլիճում մեկ այլ գործ պետք է քննվեր: Հաջորդ դատական նիստին 11.5 տարվա ազատազրկման դատապարված քույրը կշարունակի հարցաքննվել ամբաստնյալ քրոջ գործով:

Հիշեցնենք՝ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մանրավաճառությամբ, մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Հայաստանում բնակվող ավագ քրոջ` Բավական Խաչատրյանի և մարդկանց շահագործման նպատակով ստեղծած կազմակերպված խմբի ղեկավար` Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ, անդամագրվել է նշված կազմակերպված խմբին, ապա` իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում, այն է` Նելլի Ներսիսյանը ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, ստացել նրանց Դուբայ քաղաքում, իսկ Հերիքնազ և Բավական Խաչատրյանները կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները:

Մանրամասները՝  տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել