Եկեղեցական ծիսակարգով ամուսնությունը իրավունքներ չի առաջացնում. փաստաբան

Ամուսնությունները չեն գրանցվում, ինչն էլ հետագայում առաջ է բերում գույքային և սոցիալական խնդիրներ՝  որոշակի իրավիճակների փոփոխության հետ կապված: Այս խնդիրն արդիական է նաև Շիրակի մարզում. այս մասին խոսեցին Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ կազմակերպված «Կանանց իրավունքները» թեմայով ուսուցման ժամանակ:

Ուսուցումն իրականացվում է «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում»  շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ:  ՀԵԻԱ գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը իր ողջույնի խոսքում հայտնեց, որ ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ:

ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց սեփականության իրավունքները` ամուսնության, ամուսնալուծության և ժառանգության հարցերի շրջանակներում:

Քննարկմանը ներկա Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքի պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը նշեց, որ քիչ չեն դեպքերը, երբ իրենց դիմում են միայնակ մայրեր, խնդրում աջակցել երեխաների հորից նյութական աջակցություն ստանալ՝ երեխաների ապրուստը հոգալու համար: Նույնիսկ դիմողներից մեկը եղել է հինգ երեխայի մայր: Եվ քանի որ ամուսնությունը գրանցված չէ լինում, ապա փաստացի ամուսնուն գույքային պահանջներ ներկայացնելն ու հաջողության հասնելը բավականին բարդ գործընթաց է դառնում:

Քննարկման ժամանակ հարց հնչեց, թե արդյո՞ք Հայ առաքելական եկեղեցում գրանցված ամուսնությունը որոշակի իրավունքներ է ծնում:  «Ոչ, եկեղեցական ծիսակատարությամբ կնքված ամուսնությունը գույքային իրավունքներ չի առաջացնում: Դա համարվում է փաստացի ամուսնություն, հետևաբար՝ նաև գույքային և այլ իրավունքներ չեն կարող ծագել»,- ասաց Սյուզաննա Սողոմոնյանը:

ՀԵԻԱ իրավախորհրդատու, փաստաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց օրենսդիր, գործադիր,  և դատական համակարգում կանանց մասնակցության հիմնահարցերը: Նրա խոսքով, ներկայումս մտահոգող խնդիրներից է այն, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն իրավանորմեր, որոնք կապահովեն համայնքներում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում (բացառությամբ Երևանի ավագանուց): Չկան նաև բիզնես ընկերությունների խորհուրդներում կանանց մասնակցությունն ապահովող իրավանորմեր:

Քննարկման մասնակիցներից մեկը հայտնեց, թե կանանց մասնակցության հարցերը արհեստական են, և անհասկանալի է, թե ինչու՞ են քվոտաներ հատկացվում մասնակցություն ապահովելու համար: Մ. Զադոյանը սակայն հակադարձեց, որ եթե խնդիրն արհեստական լիներ, ապա հատկացված քվոտաները թափուր կմնային, սակայն փաստերը վկայում են այն մասին, որ բոլոր տեղերը լրացվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել