Սելեկտիվ աբորտներ, սեփականության, աշխատանքային իրավունքի խախտումներ. ինչպե՞ս են խախտվում կնոջ իրավունքները

Սեռի ընտրությամբ աբորտներ, աշխատանքային, սեփականության իրավունքների ոտնահարումներ. ահա այս լուրջ խնդիրներին են բախվում կանայք հայաստանյան իրականությունում: Այսօր Երևանում  իրավաբանների, փաստաբանների և իրավապաշտպանների համար  «Կանանց իրավունքները» թեմայով անցկացվեց ուսուցում, որը կազմակերպվել է «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում»  շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանն հանդես եկավ ողջույնի խոսքով և  նշեց, որ ուսուցումը կազմակերպվում է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց համար, քանի որ վերոհիշյալ խնդիրները վերաբերելի են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: Կ. Զադոյանը հայտնեց նաև, որ ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ:

ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն ուսուցման մասնակիցներին ներկայացրեց կանանց սեփականության իրավունքները` ամուսնության, ամուսնալուծության և ժառանգության հարցերի շրջանակներում: Նրա խոսքով, ներկայումս սեփականության իրավունքի խնդիրներ են առաջանում, երբ փաստացի ամուսնությունը չի գրանցվում, գրանցված ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքը օտարվում է ամուսնու կողմից, ամուսինների չգրանցված եկամուտների դեպքում և այլն: Նա ներկայացրեց նաև կանանց վերարտադրողական առողջության իրավունքները, այդ թվում նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքում իրավական խնդիրները:

ՀԵԻԱ իրավախորհրդատու, փաստաբան Մարիամ Զադոյանը խոսեց աշխատանքային ներպետական և միջազգային իրավական նորմերի մասին, ներկայացրեց ներկայումս առկա մտահոգող խնդիրները: Նրա խոսքով, այժմ չկան գործատուի դեմ դատարանում իրենց իրավունքները կիրարկել ցանկացող անհատներին վրեժխնդրությունից պաշտպանող դրույթներ: Կանայք իրավական պաշտպանություն չունեն նաև սեռական հետամտումների ենթարկվելու դեպքում, քանի որ սեռական հետամտումները իրավական խնդիր չեն համարվում:

Նա ներկայացրեց նաև օրենսդիր, գործադիր մարմիններում և դատական համակարգում կանանց մասնակցության խնդիրները, դրանք կարգավորող իրավական ակտերը: Նրա խոսքով, ներկայումս մտահոգող խնդիրներից է այն, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն իրավանորմեր, որոնք կապահովեն համայնքներում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում (բացառությամբ Երևանի ավագանուց): Չկան նաև բիզնես ընկերությունների խորհուրդներում կանանց մասնակցությունն ապահովող իրավանորմեր: Նա ներկայացրեց նաև միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունները`կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, և կանանց իրավունքների կիրառման գործնական ուղիները:

Մասնակիցները սեմինարի ընթացքում հարց ու պատասխանի միջոցով վեր հանեցին մտահոգող խնդիրները, կատարեցին խմբային աշխատանքներ, դիտեցին ոլորտին առնչվող տեսանյութեր:

Հիշեցնենք, որ ուսուցումը կազմակերպվել է «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում»  շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել