Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, սկսվեց 12 տարվա վաղեմության սպանության գործով դատավարությունը:
Ամբաստանյալի աթոռին են 38-ամյա Կամսար Հակոբյանն ու Անդրանիկ Երեմյանը: Համաձայն մեղադրական եզրակացության, նրանք, տեղեկանալով , որ Արթուր Սարգսյանը մտադրություն ունի կազմակերպել Արկադի և Արտյոմ Գևորգյանների սպանությունը համաձայնվել են գումարային վարձատրության դիմաց կատարել սպանությունը` կատարելով Արթուր Սարգսյանի պատվերը:
Նրանք իմացել են, որ Արտյոմ և Արկադի Գևորգյանները 2003թ. հունիսի 25-ին առավոտյան Գ.Հարությունյանի և Ս.Հակոբյանի հետ, վերջինիս վարած և նրան պատկանող «ԳԱԶ 31029» մակնիշի սև գույնի տաքսի ավտոմեքենայով պետք է գնան Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց:
Այնուհետև Կ. Հակոբյանը Ա. Երեմյանի և Ա. Սարգսյանի հետ, Արթուր Սարգսյանի տրամադրած «Մերսեդես 124» ավտոմեքենայի վրա ամրացրել են այլ ավտոմեքենայի պետհամարանիշներ, զինվել են Ա.Սարգսյանի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց տրամադրված հրազեն հանդիսացող «ԱԿՄԱ» տեսակի 1625 համարի , «ԱԿՄԱ» տեսակի առանց համարի և «ԱԿԱ-74ՈՒ» տեսակի 369450 համարի ինքնաձիգերով, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:
2003թ. հունիսի 25-ին դարանակալել են Նուբարաշենի խճուղում և նշված «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենայի տվյալ ճանապարհահատվածով ընթանալու պահին երկու կամ ավելի անձանց շահադիտական դրդումներով ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ հրազենային կրակահերթեր են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևոնքով վարորդ Սաշիկ Հակոբյանը, ուղևորներ Գ.Հարությունյանը և Ա.Գևորգյանը ստացած բազմաթիվ հրազենային վնասվածքներից մահացել են, իսկ մյուս ուղևոր Ա.Գևորգյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալներից Կամսար Հակոբյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, չէին ներկայացել նաև տուժողի ներկայացուցիչները: Այս իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 30-ին: