Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ հունիսի 8-ին կայացրել է արդարացման դատավճիռ:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել քաղաքացի Հովհաննես Հովհաննիսյանին՝ այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Վարդանանց 55 շենքի 38 բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Վաչագան Մեխակյանի մարմնի տարբեր մասերին և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող` կրծքավանդակի փակ բութ վնասվածքի, կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի արյունազեղման, ձախից կողոսկրերի կոտրվածքների` ուղեկցված ձախակողմյան լարված պնևմոթորաքսով, գանգուղեղային վնասվածքի, քթոսկրերի կոտրվածքի, հլխի աջ ճակատակողմնային շրջանի, գլխի ձախ գագաթային շրջանի սալջարդ պատռված վերքերի, ստորին շրթունքի աջ կեսի քերծվածքի, փախից` ստորին կոպի արյունազեղման ձևերով, որից հետո Վ. Մեխակյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Քրեական գործում՝ որպես մեղադրյալ ներգրավված էր նաև Աննա Հովհաննիսյանը: Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ամբաստանյալների իրավունքները պաշտպանել է Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մերի Ալավերդյանը: նա փոխանցեց, որ դեռևս դատական ակտը չի ստացել ու դատարանի հիմնավորումները իրեն հայտնի չեն: