Ամբաստանյալը գոռաց մոր վրա. «Սուս մնա»

27-ամյա Ա. Ղ-ն մեղադրվում է ուրիշի բնակարան մտնելու և ոսկյա զարդեր գողանալու համար: Համաձայն մեղադրական եզրակացության, նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. մայիսի 27-ին ժամը 18.40-ի սահմաններում բաց պատուհանից ապօրինի մուտք է գործել Ռ.Խ-ի վարձակալած բնակարան և ննջասենյակի զգեստապահարանում գտնվող բաճկոնի գրպանից գողացել է վերջինիս պատկանող ոսկյա զարդերը` կնոջը պատճառելով խոշոր չափի` 700000 դրամի գույքային վնաս:

Ամբաստանյալի հանդեպ կիրառված է խափանման միջոց` կալանքը:

Գործը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ ներկայացած երկու վկաները իրենց մոտ չունեին անձը հաստատող որևէ փաստաթուղթ: Դատարան չէր ներկայացել նաև տուժողը:

Ամբաստանյալը նյարդային էր ու էլ ավելի նյարդայնացավ, երբ հերթական դատական նիստը հետաձգվեց: Նա ոտքի կանգնեց ու հարց տվեց դատարանին, թե ինչքան պիտի շարունակվի այն վիճակը, երբ չկան վկաներն ու  տուժողը, իսկ իր նեռվերն էլ չեն հերիքում:

Ամբաստանյալի խոսքին միջամտեց դատական նիստերի դահլիճում ներկա ամբաստանյալի մայրը`խորհուրդ տալով ինչ-որ բաներ էլ ասել դատարանին, սակայն որդին ավելի բորբոքվեց ու գոռաց մոր վրա. «Սուս մնա, արա»:

Դատարանը նախ սանկցիա կիրառեց մոր հանդեպ` նրան դուրս հրավիրելով դահլիճից, այնուհետև նկատողություն արեց ամբաստնյալին` որևէ մեկի հետ նման տոնով չխոսելու համար: Ու հորդորեց իր առողջության ու խափանման միջոցը փոխելու միջնորդությունների հարցը բարձրացնել հաջորդ դատական նիստին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել