Օքսֆորդի համալսարանի նախկին ուսանողը մեղադրվում է զենքով խուլիգանություն կատարելու մեջ

Օքսֆորդի համալսարանի նախկին ուսանողը մեղադրվում է զենքով խուլիգանություն կատարելու մեջ «Ինձ մոտ զգացողություն է, թե «փետուրով հնդկացի եմ»: Ես շատ լավ գիտեմ այդ հարցի պատասխանը, բայց ուզում եմ փորձագետը պատասխանի»,- այսօրվա դատական նիստին հայտարարեց ամբաստանյալը` 30-ամյա Ռ.Գ-ն, ով  ունի բարձրագույն կրթություն, ուսումը ստացել է նաև Օքսֆորդի համալսարանում: Նա մի քանի անգամ արտահայտեց այն միտքը, որ չի հավատում փորձագիտական եզրակացությանը` կատարվածի տեսաձայնագրության վերաբերյալ:

Օքսֆորդի համալսարանի նախկին ուսանողը ամբաստանյալի աթոռին է ապօրինի զենքը պահելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու (ինչը զուգորդվել է անձի հանդեպ բռնությամբ) մեղադրանքով: Գործը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության` նա  գործով չպարզված ժամանակահատվածում և անձից ապօրինի կերպով ձեռք է բերել ու իր վարձակալած բնակարանում ապօրինի պահել է արհեստագործական եղանակով պատրաստված, 5.6մմ տրամաչափի օղակավոր բոցավառման որսորդական-սպորտային հրացանային փամփուշտներ`նախատեսված կրակելու համար, ակոսավոր հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք 29 փամփուշտներ:

Այնուհետև 2014-ի հուլիսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում շենքի բակի զրուցարանում թղթախաղով զբաղվող 4 տղամարդկանց հետ վիճաբանության մեջ է մտել, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով վերջիններիս, ինչպեսև շենքի բնակիչների նկատմամբ իր բնակարանի պատուհանից զենքի գործադրմամբ  կրակոցներ է արձակյել, շուրջ 20 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել շենքի բնակիչների հանգիստը և հասարակական կարգը, որի ընթացքում Գրիգոր Աբրոյանին դիտավորությամբ պատճառել է առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Օրեր առաջ Ռ.Գ-ն ազատվել է կալանքից, սակայն գործը հարուցվելուց մինչ այժմ մոտ 6 ամիս կալանքի տակ է եղել: Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատաքննության ընթացքում արդեն իսկ երեք անգամ բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը` խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Սակայն առաջին ատյանի նախորդ երկու որոշումները մեղադրող կողմը բողոքարկել է վերաքննիչ դատարանում, որն էլ բեկանել է առաջին ատյանի որոշումը. Ռ.Գ-ն երկու անգամ կալանքից ազատվել է ու նորից կալանքի վերցվել:

Այսօրվա դատական նիստի ժամանակ հարցաքննվեցին վերը նկարագրված դեպքի տեսաձայնագրության վերաբերյալ եզրակացություն տված փորձագետները: Փորձագետ Մանուկյանն իր եզրակացության մեջ նշել է, թե տեսանյութում երևացող մարդկանց, նրանց դիմագծերը, մեքենաները նույնականացնել հնարավոր չէ` վատ լուսավորման պատճառով: Սակայն վերջինս 987 լուսապատճեն է արել տեսանյութից և ներկայացրել դատարանին: Ամբաստանյալի այն հարցին, թե ինչու՞ է հենց 987 լուսապատկեր է արել և ոչ 200-ը, վերջինս պատասխանեց, թե «իր լավությունը դառավ պատմություն» ու թե ինքը պարտավոր էլ չէր ընդհանրապես որևէ պատկեր տալ, քանի որ նշել է, թե նույնականացում անել հնարավոր չէ: Եվ պատկերները տվել է, որովհետև ջանասիրությամբ է աշխատում ու թե միգուցե այդ լուսապատկերները հետագայում պիտանի լինեն:

Պաշտպանական կողմին հետաքրքրում էր նաև այն հարցը, թե արդյո՞ք հնարավոր չէ նույնականացնել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որը բավականին լավ է երևում տեսանյութում: Ի պատասխան հարցին, փորձագետը հարց տվեց` դուք կարո՞ղ եք: Ամբաստնյալն էլ պատասխանեց, թե նույնիսկ մեքենայի արտադրման տարեթիվը կարող է ասել:

Հարցաքննության ժամանակ երբեմն բռնկումներ էին լինում: Եվ հերթական պատասխանից հետո երբ Ռ.Գ-ն հայտարարեց, թե «փորձագետը սխալ պատասխանեց», մեղադրող դատախազներից մեկը փորձեց պաշտպանել փորձագետին` դիմելով դատարանին. «Փորձագետի վրա ակնհայտ ճնշում է գործադրում»: Իսկ երբ դատավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք փորձագետն իրեն ճնշված է զգում, վերջինս պատասխանեց` ոչ: Նշենք, որ այսօրվա դատական նիստին պետք է հարցաքննվեին դատարան ներկայացած երկու վկա, սակայն վերջիններս անձը հաստատող փաստաթուղթ չունեին, հետևաբար, հարցաքննությունը հետաձգվեց:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել