«Էդ ու՞մ էրեխուն կրակեցիր… դուռը բաց արա… իջի դուրս»,- դատավարության ժամանակ վկան պատմեց, թե ինչպես է դեպքի օրը կրակոցներից հետո գործով տուժողի հայրը գոռացել, հայհոյանքներ տվել ամբաստանյալ Ռ.Գ-ի հասցեին: Սակայն, վկայի խոսքով, Ռ.Գ-ն տան դուռը չի բացել մինչև ոստիկաների գալը:
30-ամյա Ռ.Գ-ն մեղադրվում է նախորդ տարվա հուլիսի 7-ի երեկոյան իր կողմից ապօրինի պահվող զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, ինչի հետևանքով տուժել է անչափահաս անձ: Գործը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:
Այսօրվա դատական նիստին դատարանը կողմերին ներկայացրեց «Օռանժ Արմենիա» ընկերությունից ստացված փաստաթուղթը, որտեղ նշված էին ամբաստանյալի կողմից դեպքի օրը կատարված զանգերի վերծանումները: Այդ փաստաթուղթը ևս փաստում էր այն մասին, որ կրակոցներից հետո ամբաստանյալը ոստիկանություն է զանգել. երկու անգամ զանգել է 1-02, այնուհետև ոստիկանությունից են զանգել իրեն, և նա ևս երեք անգամ զանգել ոստիկանությանը պատկանող բջջային հեռախոսահամարին:
Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պաշտպանական կողմի միջնորդությամբ ստացված զանգերի վերծանումներ ևս փաստում են այն մասին, որ դեպքի մասին ոստիկանություն ահազանգել է հենց ամբաստանյալը և ինտենսիվ կապի մեջ է եղել ոստիկանության հետ:
Տուժողի օրինական ներկայացուցիչը երկարատև ժամանակ դատական նիստերին չի ներկայանում: Այսօրվա դատական նիստին դատարանը հայտնեց, որ ոստիկանություն դիմումներ է ուղղել` վերջինիս և մի քանի վկաների բերման ենթարկելու վերաբերյալ, սակայն ոչ գրավոր, ոչ բանավոր որևէ պատասխան չի ստացվել:
Այսօրվա դատական նիստին բազմիցս ծանուցվելուց և չներկայանալուց հետո վերջապես դատարանում էր վկաներից Սաթենիկ Մարտիրոսյանը, ով իր ընտանիքի հետ վարձակալությամբ բնակվել է այն նույն շենքում, որտեղ նույնպես բնակարան է վարձակալած եղել ամբաստնյալը և որտեղ էլ պատահել է դեպքը:
Նա պատմեց, որ երեկոյան ժամը 9-ի սահմաններում իր որդին՝ Էդգարը, ով նույնպես գործով վկա է անցնում, աշխատանքից տուն է եկել, լողացել ու դուրս եկել՝ իանալով բակի զրուցարանում հավաքված տղամարդկանց: Մոտ 30-40 րոպե հետո, երբ ինքն ու դուստրը ննջասենյակում են եղել, լսել է երկու իրար հաջորդող կրակոցի ձայն, սակայն կարծել է, թե «խլոպուշկա» է: Հետո գնացել է հյուրասենյակ, որտեղ էլ լսել է ևս երեք կրակոց: Ցանկացել է պատուհանը բացել, սակայն դրսից որդին գոռացել է, որ չբացի:
Հետո արդեն հարևանուհին կիսագրկած, «թևերի տակից» բռնած ներս է բերել ոտքից վիրավորված երեխային, սկսել են վերքը մշակել: Քիչ ուշ եկել է շտապօգնությունը, որը կանչված է եղել ամբաստանյալի կնոջ համար, իրենք շտապօգնության աշխատակիցներին խնդրել են, որ նաև երեխայի վերքը զննեն, սակայն հրաժարվել են, ասելով՝ «դա մեր գործը չի»: Իսկ հետո եկել է ոստիկանությունը, իսկ ավելի ուշ էլ երեխայի հայրը գրկել է նրան ու տարել հիվանդանոց:
Դատարանի հարցին, թե վկան ի՞նչ գիտի՝ ինչու է ամբաստանյալը կրակոցներ արձակել, պատասխանեց, թե Ռ.Գ-ին դուր չի եկել, որ զրուցարանում մարդիկ են հավաքվել: Նրա խոսքով, զրուցարանում հաճախ նստել են հարևան Հայկն ու նրա ընկերները, որոնցից մեկի հիվանդ որդին (գործով նաև տուժողը, ում ոտքը վնասվել է կրակոցից) տարօրինակ, բարձր ձայներ է հանել, ու իբր այդ երեխայի ձայները ազդել են Ռ.Գ-ի վրա: Ու երևի այդ օրն էլ երեխայի ձայնը խանգարել է ամբաստնյալին:
Վկան ամբաստանյալին բնութագրեց որպես «լավ հայր, լավ ամուսին», որից երբևէ վատ բան չի տեսել, ու նրան ընտանիքն էլ դրական առումով աչքի է ընկել: Սակայն իր ցուցմունքներում նշեց նաև, որ Ռ.Գ-ն «մի տեսակ ուրիշ մարդ է», այսինքն՝ հարևանություն անել, շփվել չի սիրում, սակայն հարևաններին հանդիպելիս միշտ բարևել է:
Վկան նաև տեղեկություններ հայտնեց զրուցարանում նստած տղամարդկանց վերաբերյալ, նշեց, որ Հայկի ավտոմեքենան, սովորաբար, դրսում է կանգնեցվել: Դատարանը որոշեց, որ վկային պետք է ցույց տալ դեպքի ժամանակ արված տեսաձայնագրության համապատասխան նյութերը, որոնց վերաբերյալ նույնպես հարցեր պետք է տրվեն:
Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Ռ.Գ-ն գործով չպարզված ժամանակահատվածում և անձից ապօրինի կերպով ձեռք է բերել ու իր վարձակալած բնակարանում ապօրինի պահել է արհեստագործական եղանակով պատրաստված, 5.6մմ տրամաչափի օղակավոր բոցավառման որսորդական-սպորտային հրացանային փամփուշտներ`նախատեսված կրակելու համար, ակոսավոր հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք 29 փամփուշտներ:
Այնուհետև 2014-ի հուլիսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում շենքի բակի զրուցարանում թղթախաղով զբաղվող 4 տղամարդկանց հետ վիճաբանության մեջ է մտել, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով վերջիններիս, ինչպեսև շենքի բնակիչների նկատմամբ իր բնակարանի պատուհանից զենքի գործադրմամբ կրակոցներ է արձակյել, շուրջ 20 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել շենքի բնակիչների հանգիստը և հասարակական կարգը, որի ընթացքում Գրիգոր Աբրոյանին դիտավորությամբ պատճառել է առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: