«Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն սահմանված է, որ կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:
Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:
Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ կազմակերպությունը:
Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ կենսաթոշակառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:
Թաղման նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` նշանակելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ: Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում: