Մասնակիցն իրավունք ունի ընտրելու կենսաթոշակային ֆոնդ: Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում մասնակիցը կարող է ընտրել միայն մեկ կենսաթոշակային ֆոնդ: Մասնակիցը կենսաթոշակային ֆոնդ ընտրելու համար մասնակիցների ռեեստրը վարողին է ներկայացնում կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում` առցանց եղանակով (մասնակիցների ռեեստրը վարողի կայքէջի միջոցով) կամ հաշվի օպերատորի միջոցով: Դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: Իսկ դիմումը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները` մասնակցի անունը և ազգանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, մասնակցի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), բնակության վայրը և այլն), մասնակցի՝ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն (կենսաթոշակային հաշվի քաղվածք, նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն և այլն) ստանալու նախընտրելի միջոցը, ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անվանումը և կենսաթոշակային ֆոնդը, հավաստում՝ ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման վճարների և ֆոնդի կանոնների հետ համաձայն լինելու մասին, հավաստում, որ տեղյակ է սոցիալական վճարներ կատարելու իր պարտականության մասին և ընդունել է իր համար (օգտին) կուտակային հատկացումների հաշվին ձեռք բերված և ձեռք բերվելիք պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը, դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը, մասնակցի (մասնակցի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը:
Մասնակիցը մասնակիցների ռեեստրը վարողին տեղեկացնում է դիմումում նշված անձնական տվյալների փոփոխության մասին՝ մասնակիցների ռեեստրը վարողի սահմանած կարգով: