«Նույն գետը երկու անգամ չեն մտնում». Նելիկ Հարությունյան

Սովորական ընթացակարգային պատճառներ էին: ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի նախորդ մրցույթի արդյունքում մեր երկրի կողմից առաջադրված թեկնածուներից մեկը` Նելիկ Հարությունյանն այս բառերով մեկնաբանեց այն հանգամանքը, որ ԵԽ նախարարների կոմիտեի խորհրդատվական խմբի 2014թ. դեկտեմբերի 22-ի կարծիքով` նա չի համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» չափանիշին:

Այսօր տիկին Հարությունյանը մասնակցում էր ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի հերթական մրցույթի հարցազրույցային փուլին: Հարցազրույցից հետո նա, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ պատմությունը կկրկնվի, ասաց. «Նույն գետը երկու անգամ չեն մտնում»:

Մրցույթային հանձնաժողովի հարցերին պատասխանելիս տիկին Հարությունյանը չնշեց, թե որն է, իր կարծիքով, Հայաստանում տեղի ունեցած ամեանաանարդար իրադարձությունը: Լրագրողների հետ զրույցում նա պատճառաբանեց, որ միշտ չէ, որ հարցադրման պահին պատասխանը հեշտ է լինում գտնել, անգամ, եթե դու այն գիտես:

Խոսելով 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից` ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցն ասաց. «Ցույցերի անցկացումը, ցանկացած կարծիքի արտահայտման ձևը, ընդունելի է: Չեմ կարող մինչ այդ կամ էլ դրանից հետո տեղի ունեցածը որևէ կերպ հակաժողովրդավարական համարել: Ուղղակի մեր երկրի պատմության մեջ դա առաջին մեծամասշտաբ միջոցառումն էր, որի դեպքում և՛ ժողովուրդը, և՛ իշխանությունը պատրաստ չէին նման հետևանքների: Դա իրոք դաս եղավ բոլոր կողմերի համար»,- շեշտեց տիկին Հարությունյանը՝ հավելելով, որ ողջ աշխարհում նույնպես այս խնդիրը մնում է չլուծված. «Եթե հետևենք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, ապա զանգավածային բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցածը բոլոր երկրում է խնդրահարույց: Ոչ մի պետություն երաշխավորված չէ, որ մեծ բախումներ չեն լինի: Մեր պետությունն այդ պահին պատրաստ չէր նման խնդրի առաջ կանգնելուն»,- եզրահանգեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել