Ֆրանսիայում կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով 1993թ. հունվարին օրենքով սահմանված կարգով` արդարադատության նախարարին կից ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման կենտրոնական ծառայությունը (The Central Service for the Prevention of Corruption (SCPC))՝ որպես միջգերատեսչական կառույց: Այն ղեկավարվում է արդարադատության ոլորտում ծառայող դատավորի կողմից: Կառույցում ընդգրկված են դատավորներ որոշ մասնագիտացված դատարաններից և տարբեր նախարարությունների քաղաքացիական ծառայողներ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Ֆրանսիայի արդարադատության նախարարության կայքից:
1993թ. ընդունված օրենքի համաձայն` կառույցն ունի երկու հիմնական առաքելություն՝
1. Մի տեղում կենտրոնացնել և մշակել կոռուպցիայի դեպքերի հայտնաբերմանը և կանխարգելմանը վերաբերող տեղեկատվությունը:
Այս իմաստով, կառույցը համագործակցում է բոլոր նախարարությունների և կոռուպցիայի դեմ պայքարում շահագրգիռ դերակատարների հետ:
Ստացված տեղեկությունները հրապարակային ե և հասանելի են դառնում ոչ միայն վարչապետին և արդարադատության նախարարին, այլ նաև հասարակությանը: Դրանք կարող են ներառել նաև կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված բարեփոխումների առաջարկներ, որոնք ներկայացվում են կառավարությանը:
2. Ապահովել աջակցություն արդարադատության և այլ ոլորտների աշխատակիցներին:
1993թ. օրենքը նախատեսում է, որ քաղաքացիական ծառայողները կարող են դիմել կառույցին՝ որոշակի հարցերի շուրջ կարծիք արտահայտելու խնդրանքով: Տվյալ պարագայում կառույցն աջակցում է նաև դատական ոլորտի այն պաշտոնատար անձանց, որոնց անվան հետ կապվում են կոռուպցիոն սկանդալներ կամ նման այլ հանցագործություններ:
Բացի այդ, Կոռուպցիայի կանխարգելման կենտրոնական ծառայությունը իր գործունեությունն ուղղում է երկու հիմնական ոլորտներ՝
1. Կոռուպցիայի կանխարգելման շուրջ դասընթացների իրականացում և հարցի նկատմամբ հետևողական վերաբերմունքի ձևավորում:
2. Միջազգային համագործակցություն:
Ստեղծման օրից սկսած, կառույցը բազմատիվ պայմանագրեր է կնքել կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպությունների հետ և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային մեխանիզմների ձևավորման ոլորտում առաջատար դերակատարում ունի:
Պատրաստեց՝ Մարինե Մկրտչյանը