ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու լիազորության տարանջատման հիմնախնդիրը

Իրավաբան.net-ը Հայկական իրավագիտական հանդեսում հրապարակում է Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանի և Իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդևանյանի գիտական աշխատանքը՝  «ՀՀ գլխավոր դատախազի և հսկող դատախազի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու լիազորության տարանջատման հիմնախնդիրը» թեմայով: 

Մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից է կրկնակի դատապարտման և պատժման անթույլատրելիության սկզբունքը (non bis in idem): ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար»: Միջազգային մի շարք պայմանագրերում նույնպես զետեղված է նշված սկզբունքը, մասնավորապես՝  ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետում և Եվրոպական միության հիմնարար իրավունքների խարտիայի 50-րդ հոդվածում, 1985թ. հունիսի 14-ի Շենգենյան համաձայնագրի կիրառման մասին կոնվենցիայով «նույն արարքների համար» (mêmes faits) դատական հետապնդումն արգելվում է:   Միջազգային իրավունքի մասնագետ Ֆ. Ռայմոնդոն non bis in idem սկզբունքը դիտում է որպես միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունք[1]:

Նույն արարքի համար կրկին չդատվելու իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածում, որի համաձայն՝ «ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում կրկին անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան»: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մեծ պալատը 2011 թվականին Զոլոտուխինն ընդդեմ Ռուսաստանի գործով որոշման մեջ անդրադարձել է  non bis in idem  սկզբունքին և՝  կրկնակի անգամ նույն իրավախախտման համար դատական պատասխանատվության չենթարկվելը դիտարկել է որպես հիմնարար իրավունք:

Միջազգային պայմանագրերում և ՀՀ Սահմանադրությունում ամրագրված նշված դրույթը քրեական դատավարության իրավունքում առանձնացվել է որպես դատավարական ինքնուրույն սկզբունք: Non bis in idem սկզբունքն իրենից ներկայացնում է պետության չորս նեգատիվ պարտականությունների համակարգ, որի տարրերը սերտորեն փոխպայմանավորված են, և դրանց ինքնուրույնությունը սոսկ հարաբերական է: Այդ երաշխիքներն են նույն արարքի համար անձին կրկին անգամ պատժելու, դատապարտելու, դատելու, քրեական հետապնդման ենթարկելու արգելքները[2]:

Մինչդատական վարույթում այս սկզբունքի կիրառումը կարևոր երաշխիք է, որպեսզի կասկածյալը և մեղադրյալը անորոշ ժամկետով չգտնվեն քրեական հետապնդման վիճակում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քր. դատ. օր-ի.)  21-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված այն դրույթը, համաձայն որի քրեական հետապնդման մարմնի՝ գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման[3]: Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում (քր. դատ. օր. 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ): ՀՀ քր. դատ. օր.-ի 21-րդ հոդվածում և բաժին 12.1-ում սահմանված են non bis in idem սկզբունքից շեղվելու հետևյալ հիմքերը`

  • նոր և նոր ի հայտ եկած հանգամանքները[4],
  • այն բացառիկ դեպքերը, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիuի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է uահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավաuարակշռությունը[5]:

ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատախազը քրեական գործը կարճելու,  քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու,  քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում: Սույն հոդվածում կփորձենք ներկայացնել քրեական գործի հարուցումը մերժելու (քրեական հետապնդում չիրականացնելու) կամ քրեական գործի վարույթը կարճելու (քրեական հետապնդումը դադարեցնելու) որոշումը վերացնելու ոլորտում հսկողություն իրականացնող դատախազի և ՀՀ գլխավոր դատախազի լիազորությունների տարանջատման խնդիրը:

Կանխավ նշենք, որ ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածը տարբեր ժամանակահատվածներում ենթարկվել է փոփոխությունների, ներկայացվել է նոր խմբագրությամբ, սակայն այդ փոփոխությունների ընթացքում չեն պահպանվել քրեական դատավարության հանրային և մասնավոր շահերի զուգակցման, դատախազ – քննիչ փոխհարաբերություններում նրանց դատավարական գործառույթների հստակ տարանջատման հիմնարար մոտեցումները, որի արդյունքում ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածն ինքնին պարունակում է խիստ անորոշ և հակասական կարգավորումներ:

Իրավակիրառ պրակտիկայում ՀՀ գլխավոր դատախազի և հսկող դատախազի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու (քրեական հետապնդում չիրականացնելու) կամ քրեական գործի վարույթը կարճելու (քրեական հետապնդումը դադարեցնելու) որոշումը վերացնելու լիազորությունների տարանջատման վերաբերյալ առկա են հակասական մոտեցումներ:

Մոտեցում առաջին: Մի խումբ իրավաբաններ գտնում են, որ հսկող դատախազն իրավասու է վերացնել  քննիչի` քրեական գործի հարուցումը մերժելու (քրեական հետապնդում չիրականացնելու) կամ քրեական գործի վարույթը կարճելու (քրեական հետապնդումը դադարեցնելու) որոշումը` առանց քանակական սահմանափակման: ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասում, բացի ժամկետային սահմանափակման, այլ բնույթի սահմանափակումներ նախատեսված չեն: Հսկող դատախազը քննիչի որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում իրավասու է վերացնել այն: Եթե քննիչը կրկին կարճում է քրեական վարույթը (դադարեցնում է քրեական հետապնդումը), ապա հսկող դատախազը իրավասու է նոր որոշումն ստանալու պահից յոթօրյա ժամկետում կրկին վերացնել այն: ՀՀ գլխավոր դատախազը վեցամսյա ժամկետում իրավասու է վերացնել քննիչի` քրեական գործի հարուցումը մերժելու (քրեական հետապնդում չիրականացնելու) կամ քրեական գործի վարույթը կարճելու (քրեական հետապնդումը դադարեցնելու) որոշումը, թե հսկող դատախազը չի վերացրել այն:

Կարծում ենք, այս մոտեցումն ընդունելի չէ, քանի որ եթե հսկող դատախազը անսահմանափակ քանակով վերացնի քննիչի նշված որոշումները, ապա անձը, դատախազական և քննչական գերատեսչությունների դիրքորոշումների անհամաձայնության հետևանքով, անորոշ ժամկետով կհայտնվի քրեական հետապնդման վիճակում, ինչն ինքնին հակասում է  նույն արարքի համար կրկին չդատվելու (non bis in idem) սկզբունքի բուն էությանը:

Մոտեցում երկրորդ: Իրավաբանների երկրորդ խումբը մեկնաբանելով, որ ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասում օգտագործվող «դրանից հետո» արտահայտությունը վերաբերում է հսկող դատախազի կողմից որոշումը վերացնելու գործողությանը (և ոչ թե յոթօրյա ժամկետին), գտնում են, որ հսկող դատախազը կարող է վերացնել ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասում թվարկված որոշումները միայն մեկ անգամ, որից հետո քննիչի որոշումը կարողէվերացվելմեկանգամևմիայն ՀՀգլխավորդատախազիկողմից:

Այս մոտեցումը խոցելի է այն իմաստով, որ եթե հիմք ընդունենք, որ «դրանից հետո» արտահայտությունը վերաբերում է ոչ թե յոթօրյա ժամկետին, այլ հսկող դատախազի կողմից որոշումը վերացնելու գործողությանը, ապա կստացվի, որ ՀՀ գլխավոր դատախազը վեցամսյա ժամկետում քրեական հետապնդման մարմնի՝ օրենքով նախատեսված որոշումները կարող է վերացնել միայն այն դեպքում, երբ հսկող դատախազը մեկ անգամ դրանք վերացրել է: Մինչդեռ, ձևավորված կայուն իրավակակիրառական պրակտիկան վկայում է այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազն իրավասու է վերացնել քրեական հետապնդման մարմնի՝ օրենքով նախատեսված որոշումները նույնիսկ այն դեպքում, երբ հսկողություն իրականացնող դատախազը չի վերացրել դրանք:

Այս մոտեցման պարագայում ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից քննիչի` քրեական գործի հարուցումը մերժելու (քրեական հետապնդում չիրականացնելու) կամ քրեական գործի վարույթը կարճելու (քրեական հետապնդումը դադարեցնելու) որոշումը վերացնելուց հետո իրավասու է կրկին կարճել քրեական վարույթը` արգելափակելով ՀՀ դատախազության քրեական հետապնդման տնօրինման գործառույթը:

Կարծում ենք, որ նման հակասական կարգավորումների և մեկնաբանությունների հիմնական պատճառն այն է, որ գործող քր. դատ. օր-ով քրեական հետապնդման ոլորտում քննիչի և դատախազի լիազորությունները  հստակ տարանջատված չեն: Մինչդեռ, ՀՀ կառավարության կողմից հաստատված նոր ՀՀ քր. դատ. օր-ի նախագծում հետևողականորեն տարանջատված են քրեական հետապնդման տնօրինման ոլորտում դատախազի և քննիչի լիազորությունները, որի պարագայում քննարկվող հիմնախնդիրները չեն ծագի: Այսպես, դատախազն անձինորպեսմեղադրյալներգրավելու, քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու կամ վերսկսելու, քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելումասինքննիչի միջնորդության հիման վրա կայացնում է համապատասխան որոշում, հաստատում է քրեական վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը:

Մոտեցում երրորդ: Մինչև բուն դիրքորոշումը ներկայացնելը նշենք, որ ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանությունը և պրակտիկայի ձևավորումը չպետք է հանգեցնեն նախաքննության մարմնի կողմից դատախազության քրեական հետապնդումը տնօրինելու (քրեական հետապնդում հարուցել և մեղադրանք պաշտպանել) սահմանադրական գործառույթի արգելափակմանը: Ի տարբերություն քրեական հետապնդման այլ մարմինների գործունեության՝ հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը քրեական վարույթին մասնակցող անձանց օրինական շահերի և իրավունքների պահպանման կարևորագույն երաշխիքներից է[6]: Դատախազական հսկողության սահմանադրական գործառույթի պատշաճ իրականացման համար պետք է առկա լինեն անհրաժեշտ նախադրյալներ և պայմաններ[7]:

Մինչև խնդրի օրենսդրական և համակարգային լուծում տալը, ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման ժամանակ առաջարկում ենք ձևավորել հետևյալ պրակտիկան: Հսկողություն իրականացնող դատախազը քրեական վարույթը կարճելու (հետապնդումը դադարեցնելու), քրեական հետապնդում չիրականացնելու  վերաբերյալ քննիչի որոշումը վերացնելու մասին որոշման հետ միաժամանակ, որպես առանձին դատավարական փաստաթուղթ, կազմում է նաև ցուցում: Քրեական վարույթը կարճելու (հետապնդումը դադարեցնելու), քրեական հետապնդում չիրականացնելու  վերաբերյալ քննիչի որոշումը վերացնելու վերաբերյալ դատախազի որոշման մեջ նշվում են միայն թույլ տրված խախտումները, իսկ ցուցումում` կատարվելիք գործողությունները: Այս դեպքում ցուցումն ըստ բովանդակության կարող է լինել երկու տեսակի:

Առաջին, եթե քրեական գործի հետագա ընթացքը որոշելու համար անհրաժեշտ են ձեռք բերել նոր ապացույցներ, ստուգել և գնահատել ապացույցները, ապա  դատախազը քննիչին հանձնարարում է հավաքել անհրաժեշտ ապացույցներ, ստուգել և գնահատել դրանք և նյութերը ներկայացնել դատախազին: Նյութերը դատախազին ներկայացնելու դեպքում դատախազը լրացուցիչ ցուցումով հանձնարարում է կարճել քրեական գործի վարույթը կամ մեղադրական եզրակացություն կազմելով ավարտել նախաքննությունը:

Երկրորդ, եթե առկա է բացառապես իրավական հարց (օրինակ` դատախազությունը գտնում է, որ բնակարան մուտք գործելով հինգ հազար դրամը չգերազանցող հափշտակության դեպքում արարք կատարած անձը պետք է դատապարտվի ՀՀ քր. օր-ի 147-րդ հոդվածով (բնակարանի անձեռնմխելիությունը  խախտելը), իսկ քննչական ապարատը գտնում է, որ նման դեպքերում առհասարակ հանցագործություն չկա), ապա դատախազը կարող է անմիջապես ցուցում տալ քրեական վարույթն ավարտել մեղադրական եզրակացություն կազմելով:

Առաջարկի իրավական հիմքը կազմում են հետևյալ դրույթները: ՀՀ քր. դատ. օր-ի 196-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն, բժշկական բնույթի միջոցների կիրառման համար քրեական գործը դատարան ուղարկելու մասին կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կազմելով: ՀՀ քր. դատ. օր-ի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 27-րդ կետի համաձայն՝ քննիչն իրավասու է որպես մեղադրյալ ներգրավելու, հանցագործությունը որակելու և մեղադրանքի ծավալի, նախաքննությունն ավարտելու կամ գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի ցուցումներին համաձայն չլինելու դեպքում դրանք առանց կատարելու բողոքարկել վերադաս դատախազին: Նշված նորմերից բխում է մեղադրական եզրակացություն կազմելով նախաքննությունն ավարտելու դատախազի ցուցումի իրավաչափությունը և քննիչի կողմից այն բողոքարկելու իրավասությունը:

Առաջարկվող պրակտիկայի ձևավորման դեպքում քննիչը կամ պետք է կատարի դատախազի ցուցումը՝ մեղադրական եզրակացություն կազմելով ավարտի վարույթը, կամ էլ, առանց այն կատարելու, ցուցումը բողոքարկի վերադաս դատախազին: Եթե վերադաս դատախազը նույնպես գտնի, որ պետք է վարույթն ավարտել մեղադրական եզրակացություն կազմելով, ապա քննիչը, չունենալով այլընտրանք, պարտավոր է կատարել մեղադրական եզրակացություն կազմելով նախաքննությունն ավարտելու մասին դատախազի ցուցումը: Նման իրավիճակում քննիչը փաստացի զրկվում է վարույթը կրկին կարճելու, հետապնդումը դադարեցնելու, հետապնդում չիրականացնելու լիազորությունից, իսկ դատախազը հնարավորություն է ստանում իրականացնել քրեական հետապնդումը տնօրինելու սահմանադրական լիազորությունները: Այս պարագայում վերանում է ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ դատախազի կողմից քննիչի որոշումը վերացնելու իրավասահմանափակումների հրատապությունը:

Միաժամանակ կարծում ենք, որ մինչև վերը նշված միջոցառումների իրականացումը, ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասի ներկայիս կարգավորման պայմաններում հսկող դատախազն իրավասու է, յոթ օրվա ընթացքում, վերացնել նախ` քրեական գործի հարուցումը մերժելու (կամ քրեական հետապնդում չիրականացնելու) մասին որոշումը, որից հետո, եթե քննիչը կարճում է քրեական վարույթը (դադարեցնում է քրեական հետապնդումը), ապա հսկող դատախազն իրավասու է վերացնել նաև վարույթը կարճելու (քրեական հետապնդումը դադարեցնելու) մասին որոշումը: Բանն այն է, որ նշված դեպքերում հսկող դատախազը գնահատական է տալիս տարբեր դատավարական փաստաթղթերի, մի դեպքում վերացնում է քրեական գործի հարուցումը մերժելու (քրեական հետապնդում չիրականացնելու) որոշումը՝ պատճենն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում, միաժամանակ հարուցում է քրեական գործ: Եթե քննիչը վարույթը կարճելու (քրեական հետապնդումը դադարեցնելու) մասին որոշում է կայացնում, ապա որոշման պատճենն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում հսկող դատախազը վերացնում է նաև վարույթը կարճելու (հետապնդումը դադարեցնելու) քննիչի որոշումը: Եթե հսկող դատախազի կողմից վարույթը կարճելու (քրեական հետապնդումը դադարեցնելու) մասին որոշումը վերացնելուց հետո քննիչը կրկին կարճում է քրեական վարույթը (դադարեցնում է քրեական հետապնդումը), ապա նրա որոշումը կարող է վերացնել `

  • վերադաս դատախազը բողոքի առկայության դեպքում, ՀՀ քր. դատ. օր-ի 263-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով՝  բողոքն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում;
  • ՀՀ գլխավոր դատախազը, անկախ բողոքի առկայությունից, ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, որոշման կայացման պահից վեց ամսվա ընթացքում:

Այսպիսով, ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածում առկա անորոշ և հակասական կարգավորումները խաթարում են քրեական արդարադատության բնականոն իրականացումը, հանրային և մասնավոր շահերի հավասարակշռությունը` ստեղծելով հակասահմանադրական իրավիճակ: Նման հակասությունների վերացումը պահանջում է օրենսդրական և համակարգային լուծումներ:

Հոդվածի հղումները ստորև՝

1 Fabian Raimondo, General Principles of Law in the Decisions of International Criminal Courts (Martinus Nijhoff Publishers  and VSP, 2008), P. 94-95.

2 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ: Եր.: «Իրավունք», 2010, էջեր 193-194:

3 Մինչդատական վարույթում այս սկզբունքի կիրառման հիմնախնդիրների մասին տես, Ա. Հարությունյան Ա., Մարտիրոսյան Հ., Ղամբարյան Ա. Կրկին դատապարտման և պատժման անթույլատրելիության սկզբունքի հիմնախնդիրները մինչդատական վարույթում, «Օրինականություն», 2006, թիվ 38, էջեր 25-30, Դիլբանդյան Ս. Կրկնակի դատապարտման և պատժման անթույլատրելիության սկզբունքի էությունը և նշանակությունը, «Իրավագիտության հարցեր» 2006, թիվ 3:

4 Նոր ի հայտ եկած հանգամանքներով քրեական հետապնդման մարմնի որոշումների վերանայման մասին տես Շահինյան Վ., Ղամբարյան Ա. Մինչդատական վարույթում կայացված ակտերի վերանայումը նոր երևան եկած հանգամանքներով, «Օրենք և իրականություն», 2008, թիվ 5, էջեր 17-18:

5 Այս բացառությունը բխում է նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից: Տես` Նիկիտինն ընդդեմ Ռուսաստանի [Nikitin v.Russia] գործով 2004թ. հուլիսի 20-ի վճռի 45-րդ կետ:

6 Брагин А.П., Пронякин А.Д. Прокурорский надзор в Российской Федерации: Учебное пособие. – М.: Изд. Центр ЕАОИ, 2007. С. 14-15

7 Прокурорский надзор. Под общ. ред. Ю.Е. Винокурова.— 6-е изд., перераб. и доп. – М.: Высшее образование, 2005. С. 19-24.

«Օրինականություն», 2013, թիվ 78. էջեր 28-33

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել