Դատախազի և քննիչի միջև իրավական վեճերը դատական կարգով լուծելու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում

Իրավաբան.net-ը Հայկական իրավագիտական հանդեսում հրապարակում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, Իրավաբանական գիտությունների դոկտոր Աղվան Հովսեփյան և Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանի գիտական աշխատանքը՝  «Դատախազի և քննիչի միջև իրավական վեճերը դատական կարգով լուծելու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Հոդվածում հեղինակներն անդրադառնում են քննիչի և դատախազի միջև իրավական վեճերը դատական կարգով լուծելու հեռանկարներին: Այդ նպատակով հոդվածում նախ՝ քննարկվում է նշված հարցի վերաբերյալ գիտության մեջ առկա մոտեցումները, այնուհետև՝ դատախազության և քննչական մարմնի միջև ծագող այն իրավական վեճերը (հարցերը), որոնք կարող են լուծվել դատական կարգով: Հեղինակները կարծում են, որ քննչական մարմինը և դրա պաշտոնատար անձինք դատարանում կարող են վիճարկել մասնավորապես հետևյալ հարցերը՝ առաջին՝ դատախազության և քննչական մարմինների միջև իրավասության վերաբերյալ վեճը, երկրորդ՝ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քննիչին վարույթից հեռացնելու որոշման օրինականությունը: Վերլուծության արդյունքում հեղինակներն առաջարկում են դատախազի և քննիչի միջև իրավական վեճերը դատական կարգով լուծելու հարցի քննարկումն ընդգրկել ՀՀ քրեական դատավարության բարեփոխումների օրակարգ: Ամբողջական հոդվածը ներկայացնում ենք ստորև․

Դատախազի և քննիչի գործունեության ընթացքում ծագում են առավելապես դատավարական փոխհարաբերություններ, որոնք կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ ՀՀ քր. դատ. օր.): Այսպես` ՀՀ քր. դատ. օր-ի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 26-րդ կետի համաձայն՝ քննիչը լիազորված է բողոքարկել դատախազի յուրաքանչյուր ցուցումը` չկասեցնելով դրա կատարումը, իսկ 27-րդ կետի համաձայն՝ քննիչը լիազորված է որպես մեղադրյալ ներգրավելու, հանցագործությունը որակելու և մեղադրանքի ծավալի, նախաքննությունն ավարտելու կամ գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի ցուցումներին համաձայն չլինելու դեպքում դրանք առանց կատարելու բողոքարկել վերադաս դատախազին: ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն, նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է լուծել հետաքննության մարմնի կամ նրա աշխատակցի և քննիչի` սույն օրենսգրքով նախատեսված առարկությունները` դատավարական ղեկավարում իրականացնող ստորադաս դատախազի ցուցումների վերաբերյալ: Նշված նորմերի վերլուծություններից բխում են.

1. Քննիչը կարող է առարկություն ներկայացնել (բողոքարկել ) միայն դատախազի ցուցումների վերաբերյալ: Օրենքով նախատեսված չէ քննիչի կողմից դատախազի որոշումների վերաբերյալ առարկություն ներկայացնելու (բողոքարկելու) իրավական ընթացակարգ:

2. Քննիչը դատախազի ցուցումի վերաբերյալ առարկություն կարող է ներկայացնել միայն վերադաս դատախազին: Ստորադաս դատախազի ցուցումի դեմ բերված առարկությունների լուծումը վերադաս դատախազի բացառիկ լիազորությունն է, ուստի այլ մարմինները, այդ թվում՝ դատարանը, իրավասու չեն լուծել դատախազի ցուցումների դեմ բերված քննիչի առարկությունը: Մյուս կողմից, ՀՀ քր. դատ. օր-ում՝ մասնավորապես

53-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում, չի կարգավորվում դատախազի որոշումների դեմ քննիչի ներկայացրած առարկությունները վերադաս դատախազի կողմից լուծելու բացառիկ լիազորություն:

3. Ընդհանուր կանոնի համաձայն՝ դատախազի ցուցումը վիճարկելը չի կասեցնում դրա կատարումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ցուցումը վերաբերում է որպես մեղադրյալ ներգրավելուն, հանցագործությունը որակելուն և մեղադրանքի ծավալին, նախաքննությունն ավարտելուն կամ գործի վարույթը կարճելուն կամ քրեական հետապնդումը դադարեցնելուն:

Նշված իրավական կարգավորումները գործնականում առաջացնում են մի շարք հարցադրումներ, մասնավորապես՝ հսկող դատախազի որոշումները ենթակա չեն բողոքարկման վերադաս դատախազին, որի հետևանքով քննիչը զրկված է դատախազի անօրինական որոշման դեմ իրավական արդյունավետ պաշտպանության միջոցից, իսկ դատախազի ցուցումի վերաբերյալ առարկությունը վերադաս դատախազի կողմից լուծելն ընդհանուր առմամբ արդյունավետ չէ, քանի որ այս գործընթացի անաչառության վրա ազդում են գերատեսչական-կորպորատիվ շահերը:

Սույն հոդվածում կանդրադառնանք քննիչի և դատախազի միջև իրավական վեճերը դատական կարգով լուծելու հեռանկարներին: Այդ նպատակով՝ նախ կքննարկվեն սույն հարցի վերաբերյալ գիտության մեջ առկա մոտեցումները, այնուհետև՝ կներկայացվեն դատախազության և քննչական մարմնի միջև ծագող այն իրավական վեճերը (հարցերը), որոնք կարող են լուծվել դատական կարգով:

1. Դատախազի և քննիչի միջև իրավական վեճերը դատական կարգով լուծելու վերաբերյալ գիտական մոտեցումները: Դատախազի ակտերը քննիչի կողմից դատարանում վիճարկելու վերաբերյալ քրեական դատավարության գիտության մեջ առկա են միմյանց հակասող մոտեցումներ: Հեղինակների մի խումբ այն համոզման է, որ օրենքով պետք է սահմանել քննիչի կողմից դատախազի ակտերը դատարանում վիճարկելու ընթացակարգ: Այս մոտեցման կողմնակիցները կասկածի տակ են դնում վերադաս դատախազի կողմից ստորադաս դատախազի և քննիչի միջև վեճը լուծելու օբյեկտիվությունը և նշում են այդ վեճերը լուծող անկախ և արտագերատեսչական մարմնի ստեղծման անհրաժեշտության մասին : Նրանք հարց են առաջադրում, թե ինչու է այս գործընթացից դուրս մնացել դատարանը : Այսպես, Գ. Խիմիչևան նշում է, որ քննիչի դատավարական ինքնուրույնությունն ապահովելու նպատակով նպատակահարմար է քննիչին իրավունք վերապահել դատախազի որոշումները և գործողությունները բողոքարկել դատարան: Քննիչին բողոքարկելու իրավունք վերապահելն արդարացված է նաև մեղադրանքի կողմ չհանդիսացող, գերատեսչական շահերով չկաշկանդված, հետևապես՝ անաչառ մարմնի կողմից վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից:

Գրականության մեջ նշվում է, որ անհրաժեշտ է նոր տեսանկյունից դիտարկել մեղադրանքի կողմի մասնակիցների միջև դատավարական վեճերի լուծմանը դատարանին ներգրավելու հնարավորությունը: Քրեական գործի քննության համար ստրատեգիական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քննիչի, քննչական բաժնի պետի և դատախազի միջև դատավարական վեճերը լուծելու լիազորությունը դատարանին վերապահելը հնարավորություն կտա ոչ միայն իրականում ապահովել քննիչի դատավարական ինքնուրույնությունը, այլև կբարձրացնի դատախազական հսկողության արդյունավետությունը՝ բացառելով քրեական գործով վճռորոշ նշանակություն ունեցող որոշումների կայացման ընթացքում գերատեսչական ազդեցությունը և կորպորատիվ շահերը :

Դատարանը պատասխանատու չէ մինչդատական վարույթի քանակական և որակական ցուցանիշների համար: Միևնույն ժամանակ, դատարանը շահագրգռված է վերացնել այդ փուլում թույլ տրվող խախտումները, քանի որ նախաքննության օրինականությունը և հիմնավորվածությունը քրեական գործով արդարադատության հիմքն են :

Ա. Բաստրիկինը նշում է, որ այս մոտեցման ընդդիմախոսները կարող են նշել, որ դատարանի կողմից վեճերի լուծումը կարող է քրեական գործերի քննության ժամկետների ձգձգման պատճառ դառնալ, սակայն դատարանում՝ դատախազի, քննիչի և քննչական բաժնի պետի երկխոսությունը կլինի հրապարակային : Քննիչի կողմից դատախազի ակտերը դատարանում վիճարկելու կողմնակից են մի շարք այլ հեղինակներ :

Դատավարագետների մեկ այլ խումբ մեղադրանքի կողմի երկու սուբյեկտների՝ քննիչի և դատախազի միջև իրավական վեճերը դատական կարգով լուծելու մոտեցումը համարում է ոչ նպատակահարմար: Դատարանը իրականացնում է գործի լուծման գործառույթ, և անթույլատրելի է նրա միջամտությունը հիերարխիկ կապերով քրեական հետապնդման գործառույթ իրականացնող պաշտոնատար անձանց ներքին հարաբերություններին :

Վ. Բիկովը նշում է, որ դժվար է պատկերացնել արդյունավետ նախաքննություն, եթե մեղադրանքի կողմի մասնակիցներն իրենց ծառայողական հարաբերությունները և դիրքորոշումներն սկսեն պարզել դատարանում: Նախաքննության ընթացքում առավել անիմաստ իրավիճակ դժվար է պատկերացնել :

Ա. Ալեքսանդրովը նշում է, որ անթույլատրելի է, որ քրեական հետապնդման մարմինները միմյանց գործողությունները և որոշումները բողոքարկեն դատական կարգով, քանի որ այն դատական քննության փուլում պաշտպանության կողմի առջև կվտանգի իրենց դիրքորոշումը :

Ինչպես նկատում ենք, դատախազի և քննիչի միջև առանձին իրավական վեճերը դատական կարգով լուծելու մոտեցման ընդդիմախոսների պատճառաբանությունների հիմքում դրված են ոչ այնքան գիտական հիմնավորումներ, որքան էմոցիոնալ գնահատականներ, և «քննիչը փոքր դատախազ է» կամ «դատախազը և քննիչը միևնույն անձի տարբեր դրսևորումներն են» վիշինսկյան վտանգավոր դատողությունները :

Քննիչի և դատախազի՝ որպես մեղադրանքի կողմի մասնակիցների ծառայողական փոխհարաբերություններին դատարանի միջամտության անթույլատրելիության փաստարկն անընդունելի է հետևյալ պատճառաբանությամբ.

Առաջին՝ դատախազությունը և քննչական մարմինները (քննչական կոմիտեները) ինստիտուցիոնալ առումով առանձին և ինքնուրույն պետական մարմիններ են, որոնց միջև բացակայում են ենթակայական (հիերարխիկ) փոխհարաբերություններ: Նշված պետական մարմինների միջև կարող են ծագել տարաբնույթ իրավահարաբերություններ, այդ թվում՝ իրավասության վերաբերյալ վեճեր: Ավելին՝ գործնականում հնարավոր չէ բացառել միևնույն հարցի վերաբերյալ քրեական հետապնդման մարմինների տարբեր մոտեցումների առկայությունը: Դատավարական հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ կարող են ունենալ նույնիսկ դատախազության համակարգում, օրինակ՝ ՀՀ դատախազության պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ տարածքային դատախազության դատախազի կողմից դատարանում մեղադրանքի պաշտպանությանը ներգրավվում է վերադաս դատախազը, և նրանք մեղադրանքի որակման կամ պատժի տեսակի ու չափի վերաբերյալ ունենում են հակառակ մոտեցումներ: Եթե դատախազության՝ որպես միասնական պետական մարմնի պարագայում ընկալելի չէ դատարանում հակառակ դիրքորոշումներ ունեցող ստորադաս և վերադաս դատախազների միաժամանակյա մասնակցությունը, ապա տարբեր պետական մարմինների միջև դատավարական կոնկրետ հարցերի վերաբերյալ իրավական հակասությունը ոչ միայն հնարավոր է, այլև համապատասխանում է դիալեկտիկայի օրենքներին:

Երկրորդ՝ ՀՀ քրեական դատավարության ներկայիս մոդելում, որտեղ քննիչին է վերապահված օբյեկտիվ քննության շրջանակներում արդարացնող և մեղադրական ապացույցներ հավաքելու մենաշնորհը, անթույլատրելի է քննիչին դիտել մեղադրանքի կողմի մասնակից, քանի որ դա նախաքննությունը դարձնում է մեղադրական: Պատահական չէ, որ ՀՀ ազգային ժողովում գտնվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի Նախագծով մինչդատական վարույթի մասնակիցները դասակարգված են ոչ թե մեղադրանքի և պաշտպանության կողմերի, այլև՝ քրեական վարույթի հանրային և մասնավոր մասնակիցների:
Քննիչի կողմից դատախազի ակտերը դատարան բողոքարկելու գաղափարը նորույթ չէ, այն նախատեսված է եղել նաև օրենսդրությամբ: Այսպես՝ 1864թ. Ցարական Ռուսաստանի Քրեական դատավարության կանոնադրության 285-րդ հոդվածի համաձայն՝ դատախազն իրավունք ունի քննիչին առաջարկելու ձերբակալել մեղադրյալին: Եթե քննիչը հանդիպի այն կատարելու խոչընդոտների, քանի որ մեղադրյալը բավարար կասկած չի առաջացրել հանցագործության մեջ, ապա, առանց այն կատարելու, դիմում է դատարան: 1922թ. քրեական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված էր, որ քննիչը կարող է դատախազի առանձին որոշումներ բողոքարկել դատարան: Նշված հոդվածի համաձայն՝ քննիչի գործողությունների դեմ բողոքի կապակցությամբ դատավորի կամ դատախազի որոշումը հայտարարվում է բողոքաբերին և անմիջապես ի կատար է ածվում: Եթե քննիչը կամ բողոքաբերը համաձայն չեն դատախազի որոշմանը, ապա այն կարող են բողոքարկել դատարան:
ՌԴ դատական բարեփոխումների 1992թ. Հայեցակարգում կրկին վերածնվեց վարույթ իրականացնող մարմինների միջև վեճերը դատական կարգով լուծելու գաղափարը: Հայեցակարգով առաջարկվում էր որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության եղանակ օրենսդրությամբ ամրագրել նաև վարույթն իրականացնող մարմինների միջև իրավական վեճերի դատական լուծումը :
2. Դատախազի և քննիչի իրավական վեճերը, որոնք կարող են լուծվել դատական կարգով: Քննիչի կողմից դատախազի ակտերը դատարանում վիճարկելու հարցը քննարկելիս պետք է հստակեցնել նաև այն հարցերի կամ ակտերի շրջանակը, որոնց կապակցությամբ քննիչը կարող է առարկություն ներկայացնել դատարան: Դատական կարգով վիճարկման ենթակա հարցերի շրջանակը սահմանելիս պետք է հիմք ընդունել հետևյալ կանխադրույթները:
Առաջին՝ դատարանում չեն կարող վիճարկվել ապացույց ձեռք բերելու, գնահատելու և ստուգելու վերաբերյալ դատախազի ակտերը, օրինակ՝ քննիչը դատական կարգով չի կարող վիճարկել փաստական տվյալներ ձեռք բերելու, այն ստուգելու մասին դատախազի ցուցումների հիմնավորվածությունը: Քննիչը կարող է դատախազի ցուցումը դատական կարգով վիճարկել միայն օրինականության տեսանկյունից, եթե ցուցումի կատարմամբ կարող է խախտվել մարդու սահմանադրական իրավունքները, իսկ վեճի դատական լուծման համար չի պահանջվում նախաքննական ապացույցների բովանդակության հետազոտում: Օրինակ՝ դատախազը ցուցում է տալիս սեռական հանցագործության զոհ անչափահաս տուժողին հարկադրաբար ենթարկել դատաբժշկական փորձաքննության:
Երկրորդ՝ դատախազի ակտը դատական կարգով վիճարկելը չի կասեցնում դատախազի որոշման կամ ցուցումի գործողությունը, եթե այն անհապաղ չկատարելը կխաթարի նախաքննության բնականոն ընթացքը կամ կխոչընդոտի մարդու իրավունքների իրականացմանը կամ պաշտպանությանը: Այլ կերպ ասած՝ նախաքննության բնականոն ընթացքին կամ մարդու իրավունքների պաշտպանությանն սպառնացող իրավիճակում /մինչև դատական կարգով վեճի լուծումը/ պետք է կիրառվի դատախազի դիրքորոշումը:
Երրորդ՝ օրենքով պետք է նախատեսել դատարանում դատախազի և քննիչի իրավական վեճի լուծման հատուկ դատավարական կարգ, որի հիմքում կդրվեն հետևյալ պահանջները՝ մինչև դատարան դիմելը վերադաս դատախազի կողմից առարկություն մերժելու պայման, առարկություն ներկայացնելու և դատարանի կողմից այն քննարկելու կարճ ժամկետներ, դատարանի որոշումը բողոքարկելու արգելք:
Կարծում ենք՝ քննչական մարմինը և դրա պաշտոնատար անձինք դատարանում կարող են վիճարկել մասնավորապես հետևյալ հարցերը՝

• դատախազության և քննչական մարմինների միջև իրավասության վերաբերյալ վեճը,
• հսկողություն իրականացնող դատախազի կողմից քննիչին վարույթից հեռացնելու որոշման օրինականությունը:

2.1 Դատախազության և քննչական մարմինների միջև իրավասության վերաբերյալ վեճը դատարանի կողմից լուծելը: Մինչև բուն հարցին անդրադառնալը հակիրճ ներկայացնենք ընդհանրապես պետական մարմինների միջև իրավասության վեճերը դատարանի կողմից լուծելու օրենսդրական կարգավորումը: Իրավունքի տեսության մեջ իրավասության վերաբերյալ վեճ նշանակում է իրավասության սուբյեկտների առանձին գործողությունների կամ դիրքորոշման անհամապատասխանություն նրանց ենթադրյալ (նորմատիվային, մոդելային) գործողություններին և որոշումներին: Նորմատիվ կերպով սահմանված իրավասությունից շեղումը ծագում է առաջին հերթին այն ժամանակ, երբ սուբյեկտն անցնում է իր լիազորությունները, կատարում է սխալ գործողություններ :

Լ. Լազարևան նշում է, որ իրավասության վերաբերյալ վեճերը ծագում են մի մարմնի կողմից մեկ այլ մարմնի իրավասության ոլորտ ներխուժելու, նորմատիվ կամ իրավակիրառ ակտեր ընդունելու եղանակով այլ մարմնի լիազորությունները յուրացնելու կամ համատեղ քննարկման ենթակա հարցերը լուծելիս այլ մարմնի իրավասությունն անտեսելու պատճառով :

Պետական մարմինների միջև իրավասության վերաբերյալ վեճերը դատական կարգով լուծելու իրավական մշակույթը նորույթ է հետխորհրդային պետություններում: Բանն այն է, որ խորհրդային ժամանակաշրջանում դատական իշխանությունը՝ որպես իրավական արժեքային ինստիտուտ, բացակայում էր, իսկ դատարանները քաղաքական համակարգում չունեին որևէ էական դերակատարություն, ուստի նման պայմաններում բնական է, որ պետական մարմինների վերաբերյալ իրավական վեճերը լուծվում էին ոչ թե դատական կարգով, այլ առավելապես ներկուսակցական պայմաններում:

Սահմանադրական և վարչական արդարադատության կայացմանը զուգահեռ՝ շրջանառության մեջ դրվեց նաև պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց իրավասության վերաբերյալ վեճերն անկախ դատական մարմնի կողմից քննելու գաղափարը : Այսպես՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության համաձայն՝ սահմանադրական դատարանը լուծում է իրավասության վերաբերյալ վեճերը, որոնք ծագել են՝ 1. Դաշնային իշխանության մարմինների միջև, 2. Դաշնային և սուբյեկտների պետական իշխանության մարմինների միջև, 3. ՌԴ սուբյեկտների բարձրագույն իշխանության մարմինների միջև:

ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի 2.6.3 կետում նշված է, որ ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման հնարավորություն: Թեև նման վիճակը դեռևս չի հանգեցրել գործնական դժվարությունների, սակայն, հաշվի առնելով սույն բարեփոխման արդյունքում սահմանադրական մարմինների քանակի ավելացման հնարավորությունը և դրանց լիազորությունների հարաբերակցության հավանականությունը՝ ապագայում ճգնաժամային իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է ընդլայնել սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը՝ հնարավորություն տալով լուծել նաև սահմանադրական մարմինների միջև նրանց լիազորությունների առնչությամբ առաջացող սահմանադրական վեճերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածում սահմանված են պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից մեկ այլ պետական մարմնի (վարչական մարմնի) դեմ վարչական դատարան հայց ներկայացնելու երկու իրավիճակ: Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի` իրավասության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։
Կարելի է շարունակել այն պետությունների ցանկը, որտեղ իրավասության վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով, սակայն սույն հոդվածում քննարկման ենթակա խնդիրների տեսանկյունից վերը նշվածը բավարար է պնդելու, որ տարբեր պետական մարմինների, այդ թվում դատախազության և քննչական մարմինների միջև ծագող առանձին իրավական վեճերի լուծման իրավասությունը դատարանին վերապահելու մոտեցումը համապատասխանում է ժամանակակից պետաիրավական համակարգի զարգացման միտումներին:

Իրավասության վերաբերյալ վեճերը քրեական դատարանի կողմից լուծելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև հետևյալ հանգամանքներով.

Առաջին՝ հետխորհրդային առանձին պետություններում քննչական մարմիններն առանձնացվեցին դատախազությունից և այլ գերատեսչություններից՝ ձեռք բերելով ինքնուրույն պետական մարմնի կարգավիճակ (քննչական կոմիտեներ): Հասկանալի է, որ քննիչների և դատախազների՝ միևնույն պետական մարմնի համակարգում գտնվելու պարագայում նրանց միջև իրավասության վերաբերյալ վեճ չէր կարող ծագել, իսկ ծագելու դեպքում՝ դրանք կարող են լուծվել ներգերատեսչական ընթացակարգերով:

Երկրորդ՝ ներկայումս դատախազության և քննչական մարմինների միջև իրավասության վերաբերյալ վեճերը փորձ է արվում լուծել վերադաս դատախազին առարկություն ներկայացնելու եղանակով: Ստացվում է, որ դատախազությունը մի կողմից հանդես է գալիս իրավասության վերաբերյալ վիճող կողմ, միաժամանակ՝ այդ վեճը լուծող մարմին: Քննչական մարմնի և դատախազության իրավասության վերաբերյալ իրավական վեճի լուծման նման ընթացակարգը հակասում է «անձը չի կարող իր գործով լինել դատավոր» իրավական աքսիոմային:

Դատախազության և քննչական մարմնի միջև իրավասության վերաբերյալ վեճերը ծագում են հատկապես այն դեպքերում, երբ օրենսդրորեն հստակ տարանջատված չեն դատախազի և քննիչի գործառույթները և լիազորությունները: Գործնականում դատախազության և քննչական մարմինների միջև կարող են ծագել իրավասության վերաբերյալ հետևյալ վեճերը:

Քննչական ենթակայությունը փոխելիս կամ գործն ըստ ենթակայության ուղարկելիս քննիչի և դատախազի իրավասության վերաբերյալ վեճ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն, նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է` ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից և հանձնել նախաքննության մարմնին, քրեական գործը սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով…»: ՀՀ քր. դատ. օր-ի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քննիչը լիազորված է հանցագործության դեպքով նախապատրաստել նյութեր և հարուցել քրեական գործ և սույն օրենսգրքով սահմանված ենթակայության կանոններին համապատասխան` գործն ընդունել իր վարույթ կամ քննության համար ուղարկել այլ քննիչի: Գործնականում հաճախ դատախազության և քննչական մարմնի միջև ծագում է վեճ, թե դատախազը ո՞ր դեպքում կարող է փոխել քննչական ենթակայությունը, իսկ քննիչը ո՞ր դեպքում կարող է տվյալ քրեական գործն ուղարկել այլ քննիչի: Իրավասության վերաբերյալ նշված վեճի լուծման իրավական ընթացակարգերի բացակայությունը հանգեցնում է նրան, որ վիճող կողմերը միմյանց «մեղադրում են» իրավասություն յուրացնելու մեջ, իսկ այս դատավարական վեճի լուծումն արհեստականորեն քրեականացվում է՝ տեղափոխվելով քրեական իրավունքի դաշտ: Կոնկրետ գործով, մինչև դատարանի կողմից վեճի վերաբերյալ որոշում կայացնելը պետք է նախապատվություն տալ դատախազի դիրքորոշմանը և գործն ուղարկել դատախազի կողմից սահմանված մարմին, քանի որ իրավասության վերաբերյալ այս վեճի դատական լուծումը որևէ կերպ չպետք է խաթարի կոնկրետ գործով նախաքննության ընթացքը:

Քննչական մարմնի ծառայողներին դատախազության կողմից ընդհանուր բնույթի հանձնարարություններ տալու իրավասության վերաբերյալ վեճ: Դատախազությունը գործնականում հաճախ քննչական բաժնի պետերին տալիս է կոնկրետ գործից դուրս՝ ընդհանուր բնույթի հանձնարարություններ: Մինչդեռ, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քննչական կոմիտեի նախագահը՝ իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ): «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի իմաստով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին հասցեագրված՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ոչ անհատական (ընդհանուր) իրավական ակտերը հանդիսանում են ներքին ակտեր, քանի որ նշված օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ներքին ակտ են այն վարքագծի կանոնները, որոնք տարածվում են միայն անորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) այն անձանց վրա, ովքեր գտնվում են դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, վարչական կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ : Այս դեպքում ծագում է իրավական վեճ, թե դատախազն արդյո՞ք իրավասու է ընդունել ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ նորմատիվ (համընդհանուր) բնույթի դատախազական ակտեր (իրավական ակտեր), թե՞ նշված լիազորությունը վերապահված է ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և նրա տեղակալներին:

Դատախազի կողմից անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնելու դեպքում անձին մեղադրանք առաջադրելու իրավասության վերաբերյալ վեճ: ՀՀ քր. դատ. օր-ի 202-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կարող են կայացնել քննիչը և դատախազը, իսկ 203-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մեղադրանքը պետք է առաջադրվի տվյալ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի կողմից (ընդգծումը՝ հեղ) որոշումն ընդունելու պահից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, սակայն բոլոր դեպքերում՝ ոչ ուշ, քան մեղադրյալի ներկայանալու կամ նրան բերման ենթարկելու օրը: Նշված նորմի տառացի մեկնաբանությունից բխում է, որ քննիչը մեղադրանք է առաջադրում իր կողմից որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում ընդունելու դեպքում, սակայն օրենքով սահմանված չէ դատախազի կողմից մեղադրանք առաջադրելու լիազորություն: Նշված իրավիճակում իրավասության վերաբերյալ վեճն առավել սրվում է, երբ քննիչը համաձայն չէ դատախազի կողմից անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշմանը, ուստի այդ պայմաններում նա չի կարող կատարել ՀՀ քր. դատ. օր-ի 203-րդ հոդվածում ամրագրված այն պահանջը՝ ըստ որի քննիչը մեղադրանք առաջադրելիս մեղադրյալին հայտարարում է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և բացատրում առաջադրված մեղադրանքի էությունը: Եթե քննիչը համաձայն չէ դատախազի կողմից անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշմանը, ապա չի կարող մեղադրյալին լրիվ ծավալով բացատրել առաջադրված մեղադրանքի էությունը, որն էլ կարող է հանգեցնել մեղադրյալի պաշտպանության իրավունքի խախտման:

2.2 Հսկողություն իրականացնող դատախազի կողմից քննիչին վարույթից հեռացնելու որոշման օրինականության վերաբերյալ վեճը դատարանի կողմից լուծելը: ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ դատախազը իրավասու է՝ հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին հեռացնել տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, եթե գործի քննության ընթացքում նրանք թույլ են տվել օրենքի խախտում: Քննիչին վարույթից հեռացնելու հիմքն առերևույթ դատավարական խախտում է, ուստի դատախազը, քննիչին վարույթից հեռացնելով, վերջինիս ենթարկում է քրեադատավարական պատասխանատվության : Քննիչին վարույթից հեռացնելը հետապնդում է առավելապես պատժիչ նպատակ. դատախազը քննիչի կողմից թույլ տված առերևույթ դատավարական խախտումների կապակցությամբ արտահայտում է պարսավանք :

Քննիչին վարույթից հեռացնելու մասին դատախազի որոշումը դատական կարգով բողոքարկելը բխում է անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից, քանի որ տվյալ դեպքում քննիչին վարույթից հեռացնելով սահմանափակվում է նրա՝ որպես մարդու մի շարք սահմանադրական իրավունքներ: Ի դեպ, ՌԴ Սահմանադրական դատարանը 2005թ. հունիսի 23-ի N 269-О որոշմամբ նշել է, որ ՌԴ քր. դատ. օր-ի 19-րդ և 123-րդ հոդվածները (որոնք բովանդակային առումով համապատասխանում են ՀՀ քր. դատ. օր-ի 290-րդ հոդվածի 1-ին մասին) չեն պարունակում որևէ դրույթ, որը կախված դատավարության մասնակիցների կարգավիճակից, կսահմանափակի նրանց իրավունքները, այդ թվում՝ կբացառի այդ մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը խախտող որոշումները և գործողությունները դատական կարգով ստուգելու հնարավորությունը: Ավելին, նշված նորմերը և դրանց հետ կապված այլ նորմերն անմիջականորեն ամրագրում են քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքը դատական կարգով բողոքարկել այն որոշումները և գործողությունները, որոնք վնասում են իրենց սահմանադրական իրավունքները և օրինական շահերը կամ խոչընդոտում են արդարադատության մատչելիությանը:

Այսպես՝ քննիչին վարույթից հեռացնելով և նրան դատավարական առերևույթ խախտումներ վերագրելով կարող են խախտվել քննիչի՝ որպես քաղաքացու հետևյալ սահմանադրական իրավունքները:

Առաջին՝ անմեղության կանխավարկած և արդյունավետ պաշտպանության իրավունք: ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը։ Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի։ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։ Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

ՀՀ սահմանադրական դատարանը 22.09.2009թ. ՍԴՈ-832 որոշմամբ անդրադարձել է անմեղության կանխավարկածի գործողության ոլորտի հարցին, մասնավորապես` այն միայն քրեադատավարական սկզբունք է, թեև կարող է կիրառվել նաև այլ վարույթների շրջանակներում: ՀՀ սահմանադրական դատարանը հաստատել է, որ անմեղության կանխավարկածը կարող է կիրառվել նաև վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների նկատմամբ: Անմեղության կանխավարկածի սկզբունքը տվյալ դեպքում տարածվում է նաև քննիչին վարույթից հեռացնելու եղանակով նրան դատավարական պատասխանատվության ենթարկելու վրա, քանի որ այն հանրային իրավական պատասխանատվության տեսակ է, որը կիրառվում է քննիչի կողմից առերևույթ դատավարական խախտումներ թույլ տալու հիմքով:

ՀՀ սահմանադրական դատարանը 30.03.2010թ. ՍԴՈ-871 որոշմամբ նշել է, որ ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածում ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքը նպատակ ունի պաշտպանել անձին հանիրավի մեղադրանքից: Հսկողություն իրականացնող դատախազը քրեական գործով դատավարական առերևույթ խախտումներ բացահայտելով՝ անմիջապես որոշում է կայացնում քննիչին վարույթից հեռացնելու մասին: Դատավարական պատասխանատվության միջոց կիրառելու մասին քննիչը տեղեկացվում է պոստ ֆակտում, երբ դատախազությունից քրեական գործի հետ ստանում է նաև վարույթից հեռացնելու մասին որոշումը: Նման դեպքում քննիչը զրկվում է վիճարկելու իրեն մեղսագրվող առերևույթ խախտումները և պաշտպանվելու նպատակով՝ դրանց շուրջ բացատրություններ ներկայացնելու հնարավորությունից: Օրենսդրությամբ նախատեսված չէ նույնիսկ հսկողություն իրականացնող դատախազի՝ քննիչին վարույթից հեռացնելու մասին որոշումը վերադաս դատախազին վիճարկելու և այդ վարույթի շրջանակներում հանիրավի մեղադրանքի պաշտպանվելու հնարավորություն:

Երկրորդ՝ քննիչի մասնագիտական արժանապատվության (արհեստավարժության) սահմանադրական իրավունք: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են, իսկ 14-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից։ Մարդու արժանապատվության սահմանադրական իրավունքի դրսևորումներից է նաև մասնագիտական արժանապատվությունը, որը կոչված է պաշտպանելու ծառայողի գործարար համբավը, նրա արհեստավարժությունը: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ հանրային ծառայողների արհեստավարժությունը և ազնվությունը հանրային ծառայության հիմնական սկզբունքներն են: Քննիչը նույնպես հանրային ծառայող է, և նրա մասնագիտական գործունեության նկատմամբ տարածվում են արհեստավարժության և ազնվության սկզբունքները: Դատախազը, քննիչին վարույթից հեռացնելով, կասկածի տակ է դնում քննիչի մասնագիտական կարողությունները, նրա հեղինակությունը:

Այսպիսով, կարծում ենք դատախազի և քննիչի միջև իրավական վեճերը դատական կարգով լուծելու հարցի քննարկումը պետք է ընդգրկվի ՀՀ քրեական դատավարության բարեփոխումների օրակարգ:


Հոդվածի հղումները ստորև՝

  1. Օրենքում օգտագործվում են քննիչի կողմից «բողոքարկել» և «առարկություն ներկայացնել» հասկացությունները, սակայն սույն հոդվածում առավելապես կօգտագործվի «առարկություն» եզրույթը:
  2. Ефимичев П. С., Ефимичев С. П. Расследование приступлениий: теория, практика обеспечение прав личности. М.: Юстицинформ, 2009. С. 437.
  3. Кудинов Л. Д. Некоторые вопросы правовой регламентации взаимоотношений следователя, начальника следственного отдела и прокурора. Укрепление законности предварительного расследования в условиях перестройки. Сборник научных трудов. – Волгоград: Изд-во ВСШ МВД СССР, 1990. С. 84.
  4. Химичева Г. П. Досудебное производство по уголовным делам: концепция совершенствования уголовно-процессуальной деятельности. Монография. М.: Экзамен, 2003. С. 300.
  5. Попова Т. Ю. Уголовно-процесуальный статус руководителя следственного органа. М.: Юрлитинформ, 2013. С. 107.
  6. Семенцов В. А., Нагоева М. А. Процессуальные полномочия следователя в досудебном производстве. Краснодар, 2011. С. 85.
  7. Бастрыкин А. Следствие требует тишины. Известия. 2 октября. 2007. С. 3.
  8. Кругликов А. Роль прокурора в уголовном судопроизводстве. Законность. 2008. № 1, С. 28, Горленко В. А. Проблема установления баланса полномочий следователя и прокурора в решении вопроса о возбуждении уголовного дела. Следователь. 2011. № 3. С. 16.
  9. Шадрин В. С. Уголовно-процессуальная деятельность прокурора и органов предварительного расследования: Досудебное производство. Санкт -Петербургский институт Генеральной прокуратуры Российской Федерации, 2005. С. 26.
  10. Быков В. М. Следователь в уголовном процессе России. М.: Юрлитинформ, 2014. С. 101.
  11. Александров А. С. Вопросы взаимодействия прокурора, руководителя следственного органа и следователя в ходе досудебного производства по уголовному делу. Вестник МВД. 2009. № 1. С. 53.
  12. Տես օրինակ՝ Колоколов Н. А. Методика проведения основных контрольно-судебных действий в стадии предварительного расследования. В 2-х частях. Ч. 1, М.: Юрлитинформ, 2015. С. 166.
  13. Концепция судебной реформы в Российской Федерации. М.: 1992. С. 45.
  14. Тихомиров Ю. А. Административное право и процесс. М.: 2005. С. 845.
  15. Комментарий к Конституции Российской Федерации. Общ. ред. Ю.В. Кудрявцева. М.: 1996. С. 503.
  16. Кобзарь Д. А. Судебное разрешение конституционно-правовых споров о компетенции в Российской Федерации. Автореф. дисс. … канд. юрид. наук. М.: 2005.
  17. Իրավասության վերաբերյալ այլ վեճերի մասին տես Հովսեփյան Ա., Թամազյան Ա., Ղամբարյան Ա., Շահնազարյան Վ. Քրեական վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունները: Եր., Ասողիկ, 2015:
  18. Ընդ որում իրավագիտության մեջ հանրաճանաչ է, որ դատավարական առերևույթ խախտումների հիմքով քննիչին վարույթից հեռացնելը դատավարական սանկցիայի (պատասխանատվության) միջոց է: Այս մասին տես Уголовно- процессуальное право РФ: учебник для вузов/ под ред. И. А. Петрухина. 2-е изд., перераб. и доп. М., 2009. С. 21, Ветрова Г.Н. Уголовно-процессуальная ответственность. М.: Наука, 1987. С. 103, Պետության և իրավունքի տեսություն: Խմբ. Ա. Ղամբարյան, Մ. Մուրադյան: Եր., 2014թ.: ՀՀ քր. դատ. օր-ի նախագծում վարույթից հեռացնելը նույնպես դիտվում է որպես քրեադատավարական սանկցիա:
  19. Громов Н.А., Полунин С.А. Санкции в уголовно-процессуальном праве России. – М.: Городец, 1998. С. 78.

«Դատական իշխանություն», 2015, 5-6, (191-192) էջեր 70-81

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել