Պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թ․ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը․ հայտնում են ՀԿԿ-ից։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձինք պատշաճ ձևով ծանուցվել են 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ:
Հիշյալ անձինք, սակայն, այդ ընթացքում չեն ներկայացրել հայտարարագրերը և չեն ներկայացել հանձնաժողովին: Դրանից հետո Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, և տեղի ունեցած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության արդյունքում որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ 200․000-ական ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին:
Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝ համայնքների նախկին ղեկավարները 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագրեր չեն ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթներով նախաքննություններն ավարտվել են, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է ՀԿԿ-ի տարածած հաղորդագրությունում։