Տղամարդը հարվածներ է հասցրել կնոջը, սպառնալիքներ հնչեցրել խորթ դստեր հասցեին

Սերգեյ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել կնոջը՝ Լուսինե Մ․-ին հարվածներ հասցնելու և ֆիզիկական ցավ պատճառելու համար։

Գործը դատարան է ստացվել ապրիլի 14-ին և մակագրվել դատավոր Սաթենիկ Անդրեասյանին։

Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նշվում է, որ տղամարդը առանց որևէ պատճառի վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում նրան մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ մեկից ավելի անգամ ձեռքերով և ոտքերով հարվածել է մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ․ վիճաբանությանը միջամտել է Սերգեյ Մ․-ի խորթ դուստրը, անչափահաս՝ 2007 թվականին ծնված՝ Զ․ Ղ․-ն։

Տղամարդը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքերով հարվածել է նրա դեմքին, այնուհետև, կատարել այլ բռնի գործողություն՝ ձեռքով բռնել է պարանոցից ու սեղմել, որի հետևանքով աղջիկը զգացել է ֆիզիկական ցավ։ Նրա հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, մասնավորապես՝ սպառնալով «մորթել նրան»:

Դատարանը վճռել է Սերգեյ Մ․-ի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատության սահմանափակում՝ 2 տարի ժամկետով։

Մեղադրյալին արգելել պատժի կրման ընթացքում առանց վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության փոխել մշտական բնակության վայրը և ժամը 20:00-ից մինչև 08:00-ն բացակայել մշտական բնակության վայրից:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:

Դատական ակտը հրապարակվել է օգոստոսի 5-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել