Իրավաբան.net-ը Հայկական իրավագիտական հանդեսում հրապարակում է իրավաբանական գիտությունների դոկտորներ Արամ Թամազյանի և Արթուր Ղամբարյանի գիտական աշխատանքը` «Քրեական վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունների վիճահարույց հարցերը» թեմայի վերաբերյալ:
Դատախազը, քննիչը, քննչական մարմնի ղեկավարը, հետաքննության մարմնի պետը և հետաքննիչը հանդիսանում են քրեական վարույթի հանրային մասնակիցներ, ովքեր դրական (պոզիտիվ) պատասխանատվության են կրում իրենց պաշտոնական գործառույթները, պարտականությունների պատշաճ իրականացնելու համար: Վարույթի հանրային մասնակիցները ի պաշտոնե պարտավոր են օրենքով նախատեսված դեպքերում և կարգով դրսևորել ակտիվություն, կատարել անհրաժեշտ գործողություններ և ընդունել որոշումներ: Օրինակ՝ հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է միջոցներ ձեռնարկել մարդու իրավունքների ապօրինի սահմանափակումները վերացնելու ուղղությամբ:
Քրեական վարույթի հանրային մասնակիցները օժտված են հարաբերական ինքնուրույնությամբ: Այսպես, նախաքննության և հետաքննության մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ինքնուրույնությունը իրավաչափորեն սահմանափակված է մի կողմից գերատեսչական վերահսկողությամբ (գործադիր իշխանության մարմիններ են, ուստի նրանց վրա տարածվում է գործադիր իշխանությանը հատուկ ենթակայության սկզբունքները), մյուս կողմից նրանց գործունեության օրինականության նկատմամբ իրականացվում է դատախազական հսկողություն, կիրառվում են դատական երաշխիքներ:
Գործնականում հաճախ օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով և գերատեսչական հետաքրքրությունների հաստատման նպատակով քրեական վարույթի հանրային մասնակիցների միջև ծագում է ոչ ողջամիտ և ինքնանպատակ հակադրություն, որի արդյունքում տուժում են քրեական արդարադատության ընդհանուր խնդիրները, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունը, իր առաջնային դիրքերը զիջելով պաշտոնատար անձանց ինքնահաստատման հոգեբանական բարդույթով պայմանավորված վարքագծին, մղվում է երկրորդ պլան :
Քրեական վարույթի հանրային մասնակիցների միջև հակադրությունը կարող է նպաստել նախաքննության որակի բարձրացմանը, եթե այն տեղավորվում է դիալեկտիկայի օրենքների շրջանակներում: Բնական է, որ կոնկրետ գործով քննիչը, քննչական բաժնի պետը, հսկողություն իրականացնող դատախազը կարող են ունենալ տարբեր դիրքորոշումներ: Եթե դիրքորոշումների տարբերությունը, հակասությունը պայմանավորված է բացառապես քրեական վարույթի արդյունավետության և օրինականության ապահովման պահանջով, ապա նման հակասությունը համապատասխանում է դիալեկտիկայի հակադրությունների միասնության և պայքարի օրենքին: Այսպես, դիալեկտիկայի տեսանկյունից իրավաչափ է, երբ դատախազը քննիչին տալիս է ցուցումներ, իսկ քննիչը, չհամաձայնվելով ցուցումի հետ, բողոքարկում է այն, կամ դատախազը, չհամաձայնվելով քննիչի որոշումների հետ, վերացնում է այն: Քննիչի և դատախազի միջև դիալեկտիկական նման հակադրությունը նպաստում է քրեական արդարադատության զարգացմանը, որակական հատկանիշների բարձրացմանը:
Քրեական վարույթի հանրային մասնակիցների գործունեության արդյունավետությունն անմիջապես կախված է նրանց դատավարական գործառույթների, դրանցից բխող լիազորությունների հստակ տարանջատումից: Գործնականում վարույթի հանրային մասնակիցների միջև ծագում են մի շարք վիճահարույց հարցեր, որոնք պայմանավորված են կամ նրանց դատավարական գործառույթների ոչ հստակ տարանջատմամբ, միմյանց իրավասությունների ոլորտ ներխուժմամբ:
Սույն հոդվածում կներկայացվեն քննիչի, քննչական բաժնի պետի և դատախազի փոխհարաբերությունների հետևյալ վիճահարույց հարցերը.
1. արդյոք իրավաչափ է նախաքննության մարմնի կողմից քրեական մեղադրանքը տնօրինելու դատախազության սահմանադրական գործառույթի իրականացման արգելափակումը,
2. արդյոք դատախազը իրավասու է քննչական բաժնի պետին ցուցում տալ քննիչի վարույթում գտնվող քրեական գործով կատարել դատավարական գործողություններ,
3. արդյոք դատախազը իրավասու է քննիչի վարույթում գտնվող քրեական գործով հետաքննության մարմնին հանձնարարել կատարելու քննչական գործողություններ,
4. արդյոք վերադաս դատախազը իրավասու է քննչական բաժնի պետին հասցեագրել ընդհանուր բնույթի հանձնարարական՝ որոշակի խումբ քրեական գործով տրամադրելու դատավարական փաստաթղթեր,
5. արդյոք օրենսդրությամբ նախատեսված է դատախազի կողմից նախաքննության ժամկետը չերկարացնելու իրավական կառուցակարգեր:
1.Արդյոք իրավաչափ է նախաքննության մարմնի կողմից քրեական մեղադրանքը տնօրինելու դատախազության սահմանադրական գործառույթի իրականացման արգելափակումը: ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում : Նշված կարգավորման պարագայում ՀՀ գլխավոր դատախազի կողմից քննիչի` քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործի վարույթը կարճելու (քրեական հետապնդումը դադարեցնելու) որոշումը վերացնելուց հետո, եթե քննիչը կարճում է քերական գործի վարույթը կամ դադարեցնում քրեական հետապնդումը, ապա դրանով իսկ արգելափակվում է ՀՀ դատախազության քրեական հետապնդման տնօրինման գործառույթը, քանի որ նշված նորմն արգելում է երկրորդ անգամ վերացնել որոշումը:
ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանությունը և պրակտիկայի ձևավորումը չպետք է հանգեցնեն նախաքննության մարմնի կողմից դատախազության քրեական հետապնդումը տնօրինելու (քրեական հետապնդում հարուցել և մեղադրանք պաշտպանել) սահմանադրական գործառույթի արգելափակմանը մինչև խնդրի օրենսդրական և համակարգային լուծում տալը, ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման ժամանակ առաջարկում ենք ձևավորել հետևյալ պրակտիկան: Հսկողություն իրականացնող դատախազը քրեական վարույթը կարճելու (հետապնդումը դադարեցնելու), քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ քննիչի որոշումը վերացնելու մասին որոշման հետ միաժամանակ, որպես առանձին դատավարական փաստաթուղթ, կազմում է նաև ցուցում: Քրեական վարույթը կարճելու (հետապնդումը դադարեցնելու), քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ քննիչի որոշումը վերացնելու վերաբերյալ դատախազի որոշման մեջ նշվում են միայն թույլ տրված խախտումները, իսկ ցուցումում` կատարվելիք գործողությունները: Այս դեպքում ցուցումը, ըստ բովանդակության, կարող է լինել երկու տեսակի:
Առաջին, եթե քրեական գործի հետագա ընթացքը որոշելու համար անհրաժեշտ են ձեռք բերել նոր ապացույցներ, ստուգել և գնահատել ապացույցները, ապա դատախազը քննիչին հանձնարարում է հավաքել անհրաժեշտ ապացույցներ, ստուգել և գնահատել դրանք և նյութերը ներկայացնել դատախազին: Նյութերը դատախազին ներկայացնելու դեպքում դատախազը լրացուցիչ ցուցումով հանձնարարում է կարճել քրեական գործի վարույթը կամ մեղադրական եզրակացություն կազմելով ավարտել նախաքննությունը:
Երկրորդ, եթե առկա է բացառապես իրավական հարց (օրինակ` դատախազությունը գտնում է, որ բնակարան մուտք գործելով հինգ հազար դրամը չգերազանցող հափշտակության դեպքում արարք կատարած անձը պետք է դատապարտվի ՀՀ քր. օր-ի 147-րդ հոդվածով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), իսկ քննչական ապարատը գտնում է, որ նման դեպքերում առհասարակ հանցագործություն չկա), ապա դատախազը կարող է անմիջապես ցուցում տալ քրեական վարույթն ավարտել մեղադրական եզրակացություն կազմելով:
Առաջարկի իրավական հիմքը կազմում են հետևյալ դրույթները: ՀՀ քր. դատ. օր-ի 196-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն, բժշկական բնույթի միջոցների կիրառման համար քրեական գործը դատարան ուղարկելու մասին կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կազմելով: ՀՀ քր. դատ. օր-ի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 27-րդ կետի համաձայն՝ քննիչն իրավասու է որպես մեղադրյալ ներգրավելու, հանցագործությունը որակելու և մեղադրանքի ծավալի, նախաքննությունն ավարտելու կամ գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի ցուցումներին համաձայն չլինելու դեպքում դրանք առանց կատարելու բողոքարկել վերադաս դատախազին: Նշված նորմերից բխում է մեղադրական եզրակացություն կազմելով նախաքննությունն ավարտելու դատախազի ցուցումի իրավաչափությունը և քննիչի կողմից այն բողոքարկելու իրավասությունը:
Առաջարկվող պրակտիկայի ձևավորման դեպքում քննիչը կամ պետք է կատարի դատախազի ցուցումը՝ մեղադրական եզրակացություն կազմելով ավարտի վարույթը, կամ էլ, առանց այն կատարելու, ցուցումը բողոքարկի վերադաս դատախազին: Եթե վերադաս դատախազը նույնպես գտնի, որ պետք է վարույթն ավարտել մեղադրական եզրակացություն կազմելով, ապա քննիչը, չունենալով այլընտրանք, պարտավոր է կատարել մեղադրական եզրակացություն կազմելու և նախաքննությունն ավարտելու մասին դատախազի ցուցումը: Նման իրավիճակում քննիչը փաստացի զրկվում է վարույթը կրկին կարճելու, հետապնդումը դադարեցնելու, հետապնդում չիրականացնելու լիազորությունից, իսկ դատախազը հնարավորություն է ստանում իրականացնել քրեական հետապնդումը տնօրինելու սահմանադրական լիազորությունները: Այս պարագայում վերանում է ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ դատախազի կողմից քննիչի որոշումը վերացնելու իրավասահմանափակումների հրատապությունը:
Միաժամանակ կարծում ենք, որ մինչև վերը նշված միջոցառումների իրականացումը, ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասի ներկայիս կարգավորման պայմաններում հսկող դատախազն իրավասու է, յոթ օրվա ընթացքում, վերացնել նախ` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, որից հետո, եթե քննիչը կարճում է քրեական վարույթը (դադարեցնում է քրեական հետապնդումը), ապա հսկող դատախազն իրավասու է վերացնել նաև վարույթը կարճելու (քրեական հետապնդումը դադարեցնելու) մասին որոշումը: Բանն այն է, որ նշված դեպքերում հսկող դատախազը գնահատական է տալիս տարբեր դատավարական փաստաթղթերի, մի դեպքում վերացնում է քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը՝ պատճենն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում, միաժամանակ հարուցում է քրեական գործ: Եթե քննիչը վարույթը կարճելու (քրեական հետապնդումը դադարեցնելու) մասին որոշում է կայացնում, ապա որոշման պատճենն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում հսկող դատախազը վերացնում է նաև վարույթը կարճելու (հետապնդումը դադարեցնելու) քննիչի որոշումը: Եթե հսկող դատախազի կողմից վարույթը կարճելու (քրեական հետապնդումը դադարեցնելու) մասին որոշումը վերացնելուց հետո քննիչը կրկին կարճում է քրեական վարույթը (դադարեցնում է քրեական հետապնդումը), ապա նրա որոշումը կարող է վերացնել `
• վերադաս դատախազը բողոքի առկայության դեպքում, ՀՀ քր. դատ. օր-ի 263-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով՝ բողոքն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում;
• ՀՀ գլխավոր դատախազը, անկախ բողոքի առկայությունից, ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, որոշման կայացման պահից վեց ամսվա ընթացքում :
Այսպիսով, ՀՀ քր. դատ. օր-ի 21-րդ հոդվածում առկա անորոշ և հակասական կարգավորումները խաթարում են քրեական արդարադատության բնականոն իրականացումը, հանրային և մասնավոր շահերի հավասարակշռությունը` ստեղծելով հակասահմանադրական իրավիճակ: Նման հակասությունների վերացումը պահանջում է օրենսդրական և համակարգային լուծումներ:
2.Արդյոք դատախազը իրավասու է քննչական բաժնի պետին ցուցում տալ քննիչի վարույթում գտնվող քրեական գործով կատարել դատավարական գործողություններ: Հսկող (դատավարական ղեկավարում իրականացնող) դատախազի կողմից քննչական բաժնի պետին տրված ցուցումի առարկան և իրավաչափության պայմանները պարզելու նպատակով անհրաժեշտ է համակարգային վերլուծության ենթարկել ստորև նշված հարցադրումները:
2.1 ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի իմաստով քննիչի և քննչական բաժնի պետին տրված դատախազի ցուցումի առարկայի համեմատական վերլուծություն:
ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է` 4) անհրաժեշտության դեպքում քննչական բաժնի պետին գրավոր ցուցում տալ գործի քննությունը քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ, ինչպես նաև ցուցում տալ նախաքննություն իրականացնող տարբեր մարմինների քննչական բաժինների պետերին` այդ մարմինների քննիչներից ստեղծված քննչական խմբում ներառելու վերաբերյալ, … 6) հետաքննության մարմնին, քննիչին գրավոր ցուցումներ տալ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու, որոշումներ ընդունելու վերաբերյալ:
Դատախազի կողմից քննիչի տրված ցուցումի պարագայում օրենսդիրը չի հստակեցրել այն դատավարական գործողությունների և ընդունվող որոշումների շրջանակը, որոնց վերաբերյալ դատախազը քննիչին կարող է ցուցում տալ: Նման կարգավորմամբ դատախազն ունի լայն հայեցողություն քննիչին տալու ցուցում՝ քննիչի լիազորությունների մեջ մտնող ցանկացած դատավարական գործողությունների կատարման և որոշումների ընդունման վերաբերյալ: Օրենսդիրը, ի տարբերություն քննիչին տրված ցուցումի առարկայի, հստակեցրել է քննչական բաժնի պետին հասցեագրված ցուցումի առարկան, այն է՝ 1. քննությունը քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ, 2. նախաքննություն իրականացնող տարբեր մարմինների քննիչներից ստեղծված քննչական խմբում ներառելու վերաբերյալ:
Այսպիսով, նշված դրույթների համեմատական վերլուծությունից պարզ է դառնում, որ ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի իմաստով, դատախազը իրավասու է ցուցում տալ վարույթն իրականացնող քննիչի` նրա իրավասության ներքո գտնվող ցանկացած հարցի կապակցությամբ, իսկ քննչական բաժնի պետին՝ բացառապես քննչական խումբ ստեղծելու վերը նշված երկու հարցադրումների վերաբերյալ:
2.2 ՀՀ քր. դատ. օր-ի 193-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով՝ դատախազի կողմից քննչական բաժնի պետին ցուցում տալու իրավաչափությունը:
ՀՀ քր. դատ. օր-ի 193-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատախազի ցուցումները տրվում են գրավոր և պարտադիր են քննչական բաժնի պետի համար, որոնք կարող են բողոքարկվել վերադաս դատախազին՝ չկասեցնելով դրանց կատարումը, բացառությամբ սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասի 27-րդ կետով նախատեսված դեպքերի։ Արդյոք նշված նորմը դատախազին իրավունք է վերապահում քննչական բաժնի պետին տալ այնպիսի ցուցումներ, որոնց առարկան կազմում են քննիչի լիազորությունների մեջ մտնող գործողությունների կատարումը և որոշումների ընդունումը: Հարցին պատասխանելու նպատակով պետք է պարզել՝ առաջին, նշված նորմի կարգավորման առարկան և խնդիրը, մասնավորապես արդյոք նշված դրույթը, նյութաիրավական իմաստով, իրավալիազորող նորմ է, թե ոչ, երկրորդ՝ մեկնաբանվող նորմում քննիչի լիազորությունները սահմանող ՀՀ քր. դատ. օր-ի 55-րդ հոդվածի վրա հղման իմաստային նշանակությունը:
Առաջին, ՀՀ քր. դատ. օր-ի 193-րդ հոդվածի 4-րդ մասը կարգավորում է դատախազի ցուցումների ձևը, պարտադիրությունը և բողոքարկումը, այլ կերպ ասած քննարկվող նորմը սահմանում է դատախազի կողմից քննչական բաժնի պետին ցուցում տալու նյութաիրավական լիազորության իրականացման վարութային կարգը: Թեև ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածը սպառիչ կերպով չի սահմանում դատախազի լիազորությունները, սակայն դատախազի՝ այդ թվում քննչական բաժնի պետին ցուցում տալու լիազորությունները պետք է հստակ և ուղղիղ սահմանված լինեն օրենսգրքի համապատասխան հոդվածներում: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը հստակ պահանջում է, որ պաշտոնատար անձի լիազորությունները պետք է սահմանված լինեն օրենքով: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի իրավակարգավորումը մերժում է իրավական նորմերի այնպիսի մեկնաբանությունը, որով պաշտոնատար անձին կվերապահվի լատենտային լիազորություններ: ՀՀ քր. դատ. օր-ի 193-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումն չի ընդգրկում դատախազի ցուցում տալու նյութաիրավական լիազորություն, իսկ հակառակ մեկնաբանությունը կհակասի ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածին:
Երկրորդ, մեկնաբանվող դրույթում հղում է կատարվում քննիչի լիազորությունները սահմանող 55-րդ հոդվածի վրա, որը պետք է դիտարկել ՀՀ քր. դատ օր-ի 193-րդ հոդվածի 2-րդ մասի հետ ունեցած համակարգային կապերի լույսի ներքո: ՀՀ քր. դատ օր-ի 193-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քննչական բաժնի պետն իրավունք ունի անձամբ կատարել նախաքննությունը` օգտվելով քննիչի լիազորություններից: ՀՀ քր. դատ օր-ի 193-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի համակարգային կապից բխում է, որ քննչական բաժնի պետը, հանդես գալով որպես վարույթ իրականացնող մարմին, իրավասու է առանց կատարելու բողոքարկել դատախազի ցուցումը, եթե դա վերաբերում է ՀՀ քր. դատ. օր-ի 55 –րդ հոդվածի 27-րդ կետով նախատեսված հարցերին:
Այսպիսով, ՀՀ քր. դատ. օր-ի 193-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորման առարկան չի ընդգրկում դատախազի՝ քննչական բաժնի պետին ցուցում տալու նյութաիրավական լիազորություն: Հակառակ մեկնաբանության պարագայում դատախազին կվերապահվի լատենտային լիազորություն, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի կարգավորմանը:
2.3 Քննիչի վարույթում եղած քրեական գործով քննչական բաժնի պետի կողմից դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ դատախազի ցուցումի իրավաչափությունը:
Անկախ դատախազի կողմից քննչական բաժնի պետին տրված ցուցումի առարկայի վերաբերյալ առկա մոտեցումներին, մի բան հստակ է. դատախազը իրավասու չէ քննչական բաժնի պետին տալ այնպիսի ցուցում, որի կատարումը դուրս է քննչական բաժնի պետի ընդհանուր լիազորությունների շրջանակից: ՀՀ քր. դատ. օր-ի 193-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քննչական բաժնի պետն իրավունք ունի մասնակցել քննիչի վարույթում գտնվող քրեական գործով նախաքննության կատարմանը, անձամբ կատարել նախաքննությունը` օգտվելով քննիչի լիազորություններից: Այս նորմից բխում է, որ քննչական բաժնի պետը քննիչի վարույթում գտնվող քրեական գործով կարող է մասնակցել քննչական գործողություններին, սակայն անձամբ չի կարող կատարել քննչական գործողություններ, բացառությամբ այն դեպքի, երբ քննչական բաժնի պետը քրեական գործն ընդունում է իր վարույթ և կատարում է նախաքննություն:
Այն դեպքում, երբ քննչական բաժնի պետը տվյալ քրեական գործն ընդունել է իր վարույթ և անձամբ է կատարում նախաքննություն, ապա դատախազը, քննչական բաժնի պետին, որպես տվյալ գործով վարույթն իրականացնող քննիչ, տալիս է ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված՝ քննչական և դատավարական գործողություններ կատարելու ցուցում:
Այս առումով ակնհայտ ապօրինի կհամարվի դատախազի այն ցուցումը, որով քննչական բաժնի պետին կհանձնարարվի քննիչի վարույթում եղած քրեական գործով կատարել քննչական և այլ դատավարական գործողություններ: Եթե քննչական բաժնի պետը դատախազի նման ցուցումի հիման վրա իր վարույթում չգտնվող գործով կատարի դատավարական գործողություններ, ապա դրանով կխախտի ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջները:
Այսպիսով, քննչական բաժնի պետը օրենքով լիազորված չէ քննիչի վարույթում գտնվող գործով կատարել քննչական և այլ դատավարական գործողություններ:
2.4 Քննչական բաժնի պետի կողմից քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ դատախազի ցուցումը կատարելու բացասական հետևանքները:
Եթե գործնականում քննչական բաժնի պետը կատարի քննիչի վարույթում գտնվող գործով քննչական և այլ դատավարական գործողություններ իրականացնելու մասին դատախազի ոչ իրավաչափ ցուցումը, ապա դա կարող է առաջացնել հետևյալ բացասական հետևանքները.
ա. Քննչական բաժնի պետի կողմից ցուցումի հիման վրա կատարված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության վիճարկումը: ՀՀ քր. դատ. օր-ի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել` տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից: Ինչպես նշվեց, քննչական բաժնի պետն առհասարակ լիազորված չէ քննիչի վարույթում եղած քրեական գործով քննչական և այլ դատավարական գործողություններ կատարել, ուստի նրա կողմից քննչական գործողություններ կատարելու եղանակով ձեռք բերված ապացույցները կճանաչվեն անթույլատրելի՝ համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից ձեռք բերելու հիմքով:
բ. Քննիչի դատավարական ինքնուրույնության և դատավարական գործառույթների տարանջատման խախտում: ՀՀ քր. դատ. օր-ի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քրեական գործն իր վարույթն ընդունելուց հետո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան իրականացնել քննչական և այլ դատավարական գործողություններ: Քննիչը պատասխանատվություն է կրում քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին կատարելու համար: Եթե քննչական բաժնի պետը քննիչի վարույթում եղած քրեական գործով կատարի քննչական գործողություններ, ապա դրանով կխաթարվի քննիչի ինքնուրույնության ինչպես դատավարական, այնպես էլ կրիմինալիստիկական բաղադրատարրերը: Քննիչն է որոշում քննչական գործողությունների կատարման ժամանակը, հերթականությունը, դրանց տակտիկական առանձնահատկությունները և քննիչն է պատասխանատու դրանց համար:
Քննչական բաժնի պետի կողմից քննիչի վարույթում գտնվող գործով քննչական գործողություններ կատարելու դեպքում խաթարվում է նաև քննիչի և քննչական բաժնի պետի գործառույթները: Քննիչի դատավարական գործառույթը քննության իրականացումն է, իսկ քննչական բաժնի պետը քննիչի գործողությունների կազմակերպման նկատմամբ իրականացնում է առավելապես գերատեսչական վերահսկողություն: Գերատեսչական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը չի կարող նույն վարույթում իրականացնել նաև քննության բովանդակությունը կազմող քննչական գործողություններ: Թերևս դատավարական գործառույթների հստակ տարանջատման նպատակով ՀՀ քր. դատ. օր-ի նախագծի 36 և 37-րդ հոդվածներով կարգավորվում են վարույթի հանրային մասնակիցների ինքնուրույնությունը և պատասխանատվությունը, վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունները: Նախագծի համաձայն՝ քննչական մարմնի ղեկավարը պատասխանատու է իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչների կողմից իրականացվող նախաքննության արդյունավետության, այդ թվում` դրա պատշաճ կազմակերպման համար: Քննիչը պատասխանատու է նախաքննության համակողմանիության, դրա բնականոն ընթացքի, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարելու համար:
3. Արդյոք դատախազը իրավասու է քննիչի վարույթում գտնվող քրեական գործով հետաքննության մարմնին հանձնարարել կատարելու քննչական գործողություններ: Գործնականում հանդիպում են դեպքեր, երբ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (դիմել դատարան` նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով), ստանում է անձի բնակարանում խուզարկություն կատարելու մասին որոշում և դրա կատարումն հանձնարարում է ոչ թե վարույթն իրականացնող քննիչին, այլ հետաքննության մարմնին:
ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածում նախատեսված է, որ դատախազը իրավասու է հետաքննության մարմնին, քննիչին գրավոր ցուցումներ տալ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու, հետաքննության մարմնին` հանձնարարել իրականացնել ձերբակալման, բերման ենթարկելու, կալանավորման, այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ որոշումները, իսկ ՀՀ քր. դատ. օր-ի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում նախատեսված է, որ հետաքննության մարմինը քննիչի վարույթում գտնվող հանցագործությունների գործերով կատարում է քննիչի, դատախազի հանձնարարությունները, դատախազի ցուցումները: Նշված նորմերը մեկնաբանելիս պետք է տարանջատել երեք իրավիճակ: Առաջին՝ դատախազը, հետաքննության մարմնի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում, կարող է նրան հանձնարարել կատարելու օրենքով նախատեսված քննչական և այլ դատավարական գործողություններ: Երկրորդ, դատախազը, հետաքննության մարմնի կողմից հետաքննություն (քրեական գործ հարուցելու հետո առավելագույնը 10 օր) իրականացնելու ընթացքում, կարող է նրան հանձնարարել կատարելու օրենքով նախատեսված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ: Երրորդ, դատախազը, քննիչի վարույթում գտնվող քրեական գործով, կարող է հետաքննության մարմնին հանձնարարել կատարելու նախաքննության բուն բովանդակությունը չկազմող դատավարական գործողություններ, օրինակ՝ քրեադատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումները: Քննչական գործողությունների կատարումը կազմում է նախաքննության բուն բովանդակությունը, իսկ նախաքննություն իրականացնում են օրենքով նախատեսված նախաքննության մարմինները:
Հետաքննության մարմնին՝ այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ որոշումները իրականացնելու դատախազի հանձնարարության տարածական մեկնաբանման դեպքում կխաթարվի քրեական դատավարության փուլերի սահմանազատման և հանրային սուբյեկտների դատավարական գործառույթների տարանջատման պահանջները: Քննիչի վարույթում գտնվող քրեական գործով հետաքննության մարմնին քննչական գործողություն կատարելու պրակտիկայի ձևավորման դեպքում հետաքննության մարմինը կվերածվի նախաքննության մարմնի, իսկ հետաքննությունը՝ նախաքննությանը:
Օրենքով նախատեսված են բացառիկ դեպքեր, երբ քննիչն առանձին քննչական գործողությունների կատարումը հանձնարարում է հետաքննության մարմնին: Այսպես, ՀՀ քր. դատ. օր-ի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ քննիչը լիազորված է առանձին քննչական գործողությունների կատարումը հանձնարարել հետաքննության մարմնին: Ուստի, քննիչի վարույթում գտնվող քրեական գործով հետաքննության մարմնին առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարություն կարող է տալ քննիչը:
Քննիչի վարույթում գտնվող գործով հետաքննության մարմնի կողմից կատարված քննչական գործողությունները և ձեռք բերված ապացույցները կարող են համարվել ոչ պատշաճ սուբյեկտի կողմից հավաքված ապացույցներ, և ՀՀ քր. դատ. օր-ի 105-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ ճանաչվել անթույլատրելի ապացույց:
4.Արդյոք վերադաս դատախազը իրավասու է քննչական բաժնի պետին հասցեագրել ընդհանուր բնույթի հանձնարարական՝ որոշակի խումբ քրեական գործով տրամադրելու դատավարական փաստաթղթեր: Օրինակ՝ արդյոք վերադաս դատախազը իրավասու է քննչական վարչության պետին հանձնարարել է ՀՀ քրեական օրենսգրքի որևէ հոդվածով հարուցված քրեական գործերով նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելիս 24 ժամվա ընթացքում այդ որոշման պատճենին կից դատախազություն ներկայացնել նաև դեպքի վայրի զննության արձանագրության և դրան կից հավելվածների պատճենը: Սույն հարցադրման կապակցությամբ նշենք, որ վերադաս դատախազի կողմից նախաքննության մարմնին հասցեագրված ոչ անհատական բնույթի հանձնարարականները իրավաչափ չեն ինչպես քրեական դատավարության օրենսգրքի, այնպես էլ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի տեսանկյունից:
4.1. Վերադաս դատախազը իրավասու չէ քննչական բաժնի պետին ներկայացնել ընդհանուր բնույթի պահանջ՝ առանձին տեսակի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով տրամադրելու դատավարական փաստաթղթերի պատճեներ կամ տեղեկատվություն: Միայն հսկողություն իրականացնող դատախազն է իրավասու, կոնկրետ քրեական գործով, վարույթն իրականացնող քննիչից պահանջել տվյալ վարույթի վերաբերյալ նյութեր և տեղեկատվություն:
ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է` ստուգման համար հետաքննության մարմնից, քննիչից պահանջել նյութեր, փաստաթղթեր, քրեական գործեր և քննության ընթացքի մասին տեղեկություններ, ինչպես նաև ծանոթանալ դրանց կամ դրանք ստուգել նրանց գտնվելու վայրում: Նշված դրույթից բխում է, որ նյութեր պահանջելու լիազորություն ունի քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը և ոչ թե վերադաս դատախազը: Պատահական չէ, որ օրենսդիրը սահմանել է, որ դատախազը նյութեր պահանջում է ոչ թե քննչական բաժնի պետից, այլ քննիչից կամ հետաքննության մարմնից, ով կոնկրետ գործով հանդիսանում է վարույթն իրականացնող պաշտոնատար անձը, մինչդեռ սույն դեպքով դատախազը քննչական գործողության արձանագրությունը պահանջել է ոչ թե քննիչից, այլ քննչական բաժնի պետից:
4.2. Վերադաս դատախազը իրավասու չէ ընդունելու ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ նորմատիվ (համընդհանուր) բնույթի դատախազական ակտեր (իրավական ակտեր):
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Նորմատիվ իրավական ակտն օրենքով սահմանված դեպքերում և կարգով … ընդունած պաշտոնական գրավոր այն փաստաթուղթն է, որն ուղղված է իրավական նորմի կամ նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իրավական նորմը … վարքագծի կանոնն է, որն պարտադիր է անորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) անձանց համար: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սպառիչ ցանկով նախատեսում է այն սուբյեկտները, ովքեր իրավասու են ընդունելու նորմատիվ իրավական ակտեր, իսկ այդ ցանկում ՀՀ դատախազությունը նախատեսված չէ: Նույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ Սահմանադրությամբ և սույն օրենքով չնախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին ոչ անհատական բնույթի հանձնարարություններ տալու լիազորությունը վերապահված է ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և նրա տեղակալներին: Այսպես, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քննչական կոմիտեի նախագահը՝ իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ): «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի իմաստով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին հասցեագրված՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ոչ անհատական իրավական ակտերը հանդիսանում են ներքին ակտեր, քանի որ նշված օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ներքին ակտ է այն վարքագծի կանոններ, որոնք տարածվում են միայն անորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) այն անձանց վրա, ովքեր գտնվում են դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, վարչական կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները, ի թիվս այլ իրավահարաբերությունների, գտնվում են նաև վարչաիրավական հարաբերությունների մեջ, ուստի ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին հասցեագրված ոչ անհատական բնույթի ներքին ակտեր կարող են ընդունել ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալը: ՀՀ դատախազության պաշտոնատար անձանց՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին հասցեագրված ոչ անհատական բնույթի ակտերը չեն հանդիսանում ներքին ակտեր, քանի որ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները և ՀՀ դատախազության պաշտոնատար անձինք գտնվում են բացառապես դատավարական հարաբերությունների մեջ:
5. Արդյոք օրենսդրությամբ նախատեսված է դատախազի կողմից նախաքննության ժամկետը չերկարացնելու իրավական կառուցակարգեր: ՀՀ քր. դատ. օր-ի 197 հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն՝ նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա: Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին` քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ: Ձևավորված պրակտիկայի համաձայն՝ քրեական վարույթ իրականացնող քննիչը հսկողություն իրականացնող դատախազին ներկայացնում է ոչ թե նախաքննության ժամկետը երկարացնելու մասին որոշում, այլ նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդության մասին որոշում, իսկ հսկողություն իրականացնող դատախազը նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշման վրա ստորագրությամբ՝ պարզապես երկարացնում կամ չի երկարացնում նախաքննության ժամկետը : Այս դեպքում դատախազը չի կայացնում նախաքննության ժամկետը երկարացնելու առանձին դատավարական ակտ, մինչդեռ նախաքննության ժամկետը երկարացնում է դատախազը, ով պետք է ներկայացնի նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ իր դիրքորոշումը: Օրենքով կարգավորված չէ, թե դատախազը ին՞չ դատավարական ակտով է երկարացնում նախաքննության ժամկետը, սակայն նկատի ունենալով, որ նախաքննության ժամկետը երկարացնելը դատավարական գործողություն է, ուստի դատախազը նախաքննության ժամկետը կարող է երկարացնել առանձին պատճառաբանված դատավարական որոշում կայացնելով:
Գործնականում հանդիպում են դեպքեր, երբ հսկողություն իրականացնող դատախազը, հիմք ընդունելով նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդության մասին որոշումը ներկայացնելու՝ օրենքով սահմանված եռօրյա ժամկետը խախտելու փաստը, պարզապես չի երկարացնում նախաքննության ժամկետը: Ընդհանուր կարգի համաձայն ցանկացած միջնորդություն, իրավասու մարմինի կողմից քննարկվելու արդյունքում կարող է մերժվել, սակայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն դատախազի կողմից նախաքննության ժամկետները երկարացնելու մասին միջնորդությունը մերժելու (նախաքննության ժամկետը չերկարացնելու) իրավական ռեժիմ, ինչպես նաև՝ այդ իրավիճակում քրեական գործի հետագա ընթացքը լուծելու ընթացակարգ: Դատախազի կողմից նախաքննության ժամկետը չերկարացնելու դեպքում նախաքննությունը հայտնվում է փակուղային իրավիճակում, քանի որ նախաքննության ժամկետից դուրս քննիչը իրավունք չունի կատարելու որևէ դատավարական գործողություն, այդ թվում նախաքննությունն ավարտելուն ուղղված գործողություններ: Այս պարագայում քրեական գործի հետագա ընթացքը մնում է առկախված վիճակում: Ուստի համակարգային մոտեցման դեպքում հասկանալի է, որ դատախազի կողմից նախաքննության ժամկետը չերկարացնելու իրավական գործիքի կիրառությունը չի տեղավորվում գործող քրեական արդարադատության տրամաբանության շրջանակներում :
Կարծում ենք, դատախազը, ստանալով նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն պարունակող քննիչի պատճառաբանված որոշումը, կարող է կայացնել հետևյալ որոշումներից որևէ մեկը: Առաջին, դատախազը, համաձայնվելով քննիչի դիրքորոշման հետ, կայացնում է առանձին որոշում՝ նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդությունը բավարարելու մասին: Երկրորդ, դատախազը, մասնակի համաձայնվելով քննիչի դիրքորոշման հետ, որոշում է կայացնում նախաքննության ժամկետը մասնակի երկարացնելու կամ նախաքննության ժամկետը՝ քննիչի պատճառաբանությունից տարբերվող պատճառաբանությամբ երկարացնելու մասին: Երրորդ, դատախազը չի համաձայնվում նախաքննության ժամկետը երկարացնելու քննիչի որոշման հետ և որոշում է կայացնում քրեական գործի վարույթը կարճելու մասին կամ նախաքննության ժամկետը երկարացնում է այնքանով, որքանով անհրաժեշտ է նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացություն կազմելու համար: Ի դեպ, Ուկրաինայի քրեական դատավարության նոր օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հսկողություն իրականացնող դատախազը մերժում է երկարացնել նախաքննության ժամկետները, ապա պարտավոր է 5 օրյա ժամկետում կայացնել հետևյալ որոշումներից որևէ մեկը՝ քրեական վարույթը դադարեցնելու մասին որոշում, կամ դիմել դատարան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու միջնորդությամբ, կամ դիմել դատարան՝ մեղադրական ակտով կամ բժշկական բնույթի կամ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու միջնորդությամբ:
Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին քննիչի որոշումը քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ ներկայացնելու պահանջը խախտելու դեպքում արդյոք դատախազը կարող է նախաքննության ժամկետները լրացած լինելու պայմաններում երկարացնել նախաքննության ժամկետը: Իրավաբանների որոշակի խումբ գտնում է, որ նախաքննության ժամկետը լրանալուց հետո դատախազը իրավասու չէ երկարացնելու այն: Կարծում ենք, նման մոտեցումը վիճելի է: Բանն այն է, որ նախ պետք է պարզել, թե նախաքննության ժամկետը քրեական վարույթի ո՞ր սուբյեկտների համար է նախատեսում իրավասահմանափակող դրույթներ, այդ ժամկետը ու՞մ է հասցեագրված: Կարծում ենք պետք է տարբերակել նախաքննության և դատախազի հսկողական վարույթի համար նախատեսված դատավարական ժամկետները: Նախաքննության ժամկետը բովանդակում է քննիչի կողմից քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու ժամանակային սահմանափակում, ուստի՝ քննիչը դատավարական գործողություններ կարող է կատարել բացառապես նախաքննության ժամկետների շրջանակներում: Նախաքննության ժամկետը լրանալու պայմաններում քննիչի կատարած գործողությունները իրավաչափ չեն: Սակայն նախաքննության ժամկետները հասցեագրված չեն հսկող դատախազին, ուստի նախաքննության ժամկետի լրացած լինելն ինքնին չի խոչընդոտում դատախազին կատարելու իր իրավասության մեջ մտնող դատավարական գործողություններ (օրինակի՝ որոշում կայացնել վարույթը կարճելու մասին), այդ թվում՝ նախաքննության ժամկետը երկարացնելը:
Այսպիսով ելնելով վերոգրյալից կարելի է եզրակացնել.
1. Նախաքննության մարմնի կողմից քրեական մեղադրանքը տնօրինելու դատախազության սահմանադրական գործառույթը արգելափակող իրավական կարգավորումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված դատախազության գործառույթների բովանդակությանը:
2. ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի իմաստով, դատախազը իրավասու է ցուցում տալ քննչական բաժնի պետին՝ բացառապես քննչական խումբ ստեղծելու՝ օրենքով նշված երկու հարցադրումների վերաբերյալ:
3. ՀՀ քր. դատ. օր-ի 193-րդ հոդվածի 4-րդ մասը չի պարունակում դատախազի՝ քննչական բաժնի պետին քննիչի լիազորությունների մեջ մտնող հարցերի վերաբերյալ ցուցում տալու նյութաիրավական լիազորություն: Հակառակ մեկնաբանության պարագայում դատախազին կվերապահվի լատենտային լիազորություն, ինչը կհակասի ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի կարգավորմանը:
4. Քննչական բաժնի պետը օրենքով լիազորված չէ քննիչի վարույթում գտնվող գործով կատարել քննչական և այլ դատավարական գործողություններ:
5. ՀՀ դատախազությունը իրավասու չէ ընդունելու ՀՀ նախաքննության մարմինների ծառայողների նկատմամբ նորմատիվ (համընդհանուր) բնույթի դատախազական ակտեր (իրավական ակտեր):
6. Դատախազը իրավասու չէ քննիչի վարույթում գտնվող քրեական գործով հետաքննության մարմնին հանձնարարել կատարելու քննչական գործողություններ:
Գավառի պետական համալսարանի 16-րդ գիտական հոդվածների ժողովածու, Եր., 2014, էջեր 535-549:
Ա. Թամազյան
իրավաբանական գիտությունների դոկտոր
Ա. Ղամբարյան
իրավաբանական գիտությունների դոկտոր