Իրավաբան.net-ը Հայկական իրավագիտական հանդեսում հրապարակում է «Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանի 2010 թվականի գիտական աշխատանքը «ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ազդեցությունը օրենսդրական և դատական քաղաքականության վրա» թեմայով:
Օրենք և իրականություն, թիվ, 2010, էջեր 4-6
Ա. Ղամբարյան
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ներածություն
Իրավաբանական ռեալիզիմի հայեցակարգի կողմնակիցները գտնում են, որ դատական ակտերի կայացման վրա բացի իրավական նորմերից, ազդում են նաև նաև մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ: Նրանք փորձում են իրականությանը դիտել բաց աչքերով և իրերը կոչել իրենց անուններով: Եթե իրականությունը այնպիսին է, որ ոչ իրավական գործոններն անխուսափելիորեն ազդում են դատավորի որոշման վրա, ապա պետք է դրանք հաշվի առնել: Իրավաբանական ռեալիզմի կողմնակիցները դատավորի վարքագիծը, դատական ակտերի ընդունման գործընթացը չէին դիտարկում դատական իշխանության մարմինների սոցիալական միջավայրից կտրված, վերացական ձևով` հիմք ընդունելով պարզապես օրենքի և ենթաօրենսդրական ակտերի կարգադրագրերը: Իհարկե, կարելի է և դատարանի գործունեությունը դիտարկելիս և վերլուծության ենթարկելիս աչքերը փակել իրականության նկատմամբ և ձևացնել, թե իբրև դատարանը, ակտեր կայացնելիս կամ իրավունքի զարգացմանը նպաստելիս, ղեկավարվում է բացառապես իրավական կարգադրագրերով(1): Սակայն այս ոլորտում ինքնախաբեությունը հանգեցնում է կեղծ գիտական եզրահանգումների: Հայրենական իրավագիտությունում ընդունված է այն մոտեցումը, որ իրավաստեղծ գործընթացի վրա նույնպես ազդում են օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք գործոններ:
Այսպիսով, պետական-քաղաքական գործընթացների վրա սուբյեկտիվ (մարդկային) գործոնը ունի մեծ ազդեցություն, որի դերն ավելի է կարևորվում հատկապես դատավարության ոլորտում, որտեղ ավանդական պահպանողականությունը և մտածողության իներցիան շատ հարցերում կանխորոշում է այս կամ այն գործի ելքը: Դատարանի գործունեության գնահատման ժամանակ չի կարելի վերացարկվել դատավորի անձնական համակրանքներից և հակակրանքներից, որոնք թեև ոչ վճռորոշ բայց որոշակի չափով ազդում են ընդունվող որոշման վրա:
Իրավաբանական ռեալիզմի տեսանկյունից բարձրագույն դատական ատյանների գործունեության վերլուծությունը պահանջում է անդրադառնալ ոչ միայն դատական որոշումների զուտ իրավաբանական բովանդակությանը և իրավական հիմքերին, այլ նաև այդ որոշումների կայացման սոցիալական, այդ թվում` բարձրագույն դատական ատյանների նախագահների և նրանց կողմնակիցների գաղափարախոսական առանձնահատկություններին: Օրինակ, եթե դիտարկենք ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեությունը` հիմք ընդունելով նրա նախագահների արժեքային-գաղափարախոսական համակարգը, նախապատվությունները, պետական այլ մարմինների հետ փոխհարաբերություններ կառուցելու փորձը, ապա պարզ կլինի ոչ միայն առանձին դատական ակտերի, այլև դատաիրավական համակարգի վերաբերյալ օրենսդրական ակտերում արտահայտված կամքի ձևավորման պայմանները(2): Սույն հոդվածի շրջանակում կփորձենք համառոտ վերլուծության ենթարկել ՀՀ դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլում օրենսդրական և դատական քաղաքականության ուղղությունների ձևավորման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի անձնային գործոնի ազդեցության առանձին դրսևորումներ(3): Նախապես նշենք, որ արտասահմանյան գրականությունում ընդունված է գիտական հետազոտության շրջանակներում անդրադառնալ դատական քաղաքականության ձևավորման վրա՝ բարձրագույն դատական ատյանի ղեկավարների՝ սուբյեկտիվ գործոնով պայմանավորված ներգործությանը(4):
Դատավոր Հ. Մանուկյանի ազդեցությունը օրենսդրական քաղաքականության վրա:
2005թ. հունիսի 10-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվեց Հովհաննես Գերասիմի Մանուկյանը (ծնվել է 1971թ.): Այդ ժամանակ մի շարք դատական ատյաններում ղեկավար պաշտոնների նշանակվեցին Է. Մուրադյանը, Տ. Մուկուչյանը(5):
Ինչպես նկատում ենք, դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլում դատական իշխանության ղեկավար պաշտոններին նշանակվեցին հիմնականում երիտասարդներ, ովքեր տիրապետում են օտար լեզուների, ակտիվ շփումներ ունեն միջազգային, մասնավորապես ԱՄՆ մի շարք մասնագիտական կառույցների հետ, ազատված էին խորհրդային ժամանակշրջանի իրավական համակարգի գործնական հարթության չգրված վարքագծի կանոններից և տեսական դիրքորոշումներից: Նրանց մոտ գերակայում էր անգլոսակսոնական իրավական համակարգի գաղափարախոսությունը, իրավական խնդիրների` ոչ կաղապարված լուծումները, իշխանության համակարգում ՀՀ վճռաբեկ դատարանի ակտիվ դերակատարության գիտակցումը:
1. Առաջադիմական օրենսդրական նորամուծություններ:
Այդ ժամանակահատվածում, օրենսդրական քաղաքականության սուբյեկտները, դատական իշխանության մարմինների ղեկավար անձանց մասնակցությամբ, ամրագրեցին խորհրդային իրավագիտությանը և պրակտիկային օտար, սակայն մեր կարծիքով, առաջադիմական, մի շարք դրույթներ, օրինակ` ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածում ամրագրվեց համանման գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների պարտադիրության վերաբերյալ դրույթը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածում՝ օպերատիվ – հետախուզական առանձին միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների ապացուցողական նշանակության վերաբերյալ դրույթը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում սահմանվեց, որ եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձեւով: Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում:
2. Իրավապահ մարմինների դերի նվաստացում:
Այդ ժամանակաշրջանի օրենսդրական քաղաքականությունն աչքի էր ընկնում ոչ միայն առաջադիմական գաղափարների ներմուծմամբ, այլև մի շարք բացասական միտումներով, մասնավորապես` իրավապահ մարմինների լիազորությունների անհարկի սահմանափակում: Օրինակ` ՀՀ քր. դատ. օր-ում կատարված փոփոխություններով, առանց լուրջ փաստարկման, վերացվեց դատախազի կողմից քննչական գործողություններին մասնակցելու լիազորությունը: Առանձին դեպքերում այդ քաղաքականությունը նույնիսկ միտված էր իրավապահ մարմինների հեղինակության նվաստացմանը: Օրինակ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածում սահմանվեց, որ առանց որակավորման քննության փաստաբանի կարգավիճակ կարող են ձեռք բերել դատավորի 15 տարվա ստաժ ունեցող անձինք, սակայն այդ նույն մոտեցումը ցուցաբերված չէ դատախազի և քննիչի 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձանց համար: Բացի այդ, ՀՀ քր. դատ. օր-ի 86-րդ հոդվածում սահմանվեց, որ քրեական գործերով որպես վկա չի կարող հարցաքննվել դատավորը, ում լիազորությունները դադարեցվել է, իսկ լիազորությունները դադարեցրած դատախազների և քննիչների` որպես վկա հարցաքննելու համար նման վերապահում նախատեսված չէ:
3. Իրավական համակարգում ՀՀ վճռաբեկ դատարանի և նախագահի գերակայությունը:
Սուբյեկտիվ գործոնով պայմանավորված, օրենսդրական քաղաքականության սուբյեկտների (ՀՀ վճռաբեկ դատարան և ՀՀ արդարադատության նախարարություն) առաջնահերթություններից էր ՀՀ վճռաբեկ դատարանի, իսկ դատական համակարգում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գերակա դերի ամրապնդումը: Այսպես.
3.1 Օրենսդրական քաղաքականության սուբյեկտները, մեր կարծիքով, խախտելով դատավորի կարգավիճակի միասնականության սկզբունքը, ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածում սահմանեցին, որ առաջին ատյանի և վերաքննի դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցել արդարադատության նախարարը և Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, իսկ վճռաբեկ դատարանի դատավորի նկատմամբ՝ միայն ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը՝ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի միջնորդությամբ:
Ի դեպ, ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով սահմանվում է արդարադատության նախարարի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունը: Այս կապակցությամբ Եվրոպական Խորհրդի փորձագետները նշել են, որ ՀՀ արդարադատության նախարարի կողմից ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասության բացակայությունը, խոչընդոտում է իշխանության տարանջատման հավասարակշռման սկզբունքի արդյունավետ կիրառմանը: Մյուս կողմից, ՀՀ արդարադատության նախարարին վերապահելով նման իրավասություն, ամենևին էլ չի խախտվում դատական իշխանության անկախությունը, քանի որ, ի վերջո, ՀՀ արդարադատության խորհրդին է վերապահված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ՀՀ Նախագահին` դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու իրավասությունը(6):
3.2. Քննարկվող ժամանակահատվածում օրենսդրության քաղաքականության սուբյեկտների մոտ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ինստիտուտի գերակայության գաղափարը հասավ այն աստիճանի, որ կարծեք, ՀՀ վճռաբեկ դատարանը նույնացվում էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հետ: Այսպես, եթե ՀՀ դատական օրենսգրքի 52 – րդ հոդվածի 4-րդ մասում խոսվում է վճռաբեկ դատարանի նստավայրի մասին, ապա նույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվում է □վճռաբեկ դատարանի նախագահի նստավայր□ հասկացությունը:
Բացի այդ, ՀՀ դատական օրենսգրքում սահմանված էր, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու իրավասությունը վերապահված է ՀՀ վճռաբեկ դատարանի մասնագիտացված պալատներին, իսկ վճռաբեկ բողոքի լուծման գործառույթը՝ ՀՀ վճռաբեկ դատարանին: Նույնիսկ ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների և ՀՀ վճռաբեկ դատարանի գործառույթների նման տարբերակման պայմաններում, օրենսգրքում ամրագրվեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ակտիվ մասնակցություն ոչ միայն վճռաբեկ բողոքների քննությանը և լուծմանը, այլ նաև բողոքը վարույթ ընդունելու գործընթացին, չնայած որ, ինչպես նշվեց, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու իրավասությունը վերապահված էր ՀՀ վճռաբեկ դատարանի պալատներին, որի կազմի մեջ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը չի մտնում: Ներկայումս էապես փոխվել է վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու և քննության առնելու նախկին կարգը:
Ավելին, ՀՀ օրենսդրական քաղաքականության սուբյեկտները դուրս են եկել նույնիսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի որպես արդարադատության խորհրդի նիստերը վարողի սահմանադրական գործառույթի շրջանակից (ՀՀ Սահմանադրության 94.1-րդ հոդված) և դատական օրենսգրքում սահմանել են, որ ՀՀ արդարադատության խորհրդի նիստերը հրավիրում է վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Արդարադատության խորհրդի նիստ գումարում է երկշաբաթյա ժամկետում (ՀՀ դատական օրենսգրիք 107-րդ հոդվածի 1-ին մաս):
Դատավոր Հ. Մանուկյանի ազդեցությունը դատական քաղաքականության վրա:
Ինչ վերաբերում է քննարկվող ժամանակահատվածի դատական քաղաքականությանը, ապա նշենք, որ դատավոր Հ. Մանուկյանի նախագահությամբ, ՀՀ վճռաբեկ դատարանը (պալատը) ձևավորել էր առանց պատճառաբանության վճռաբեկ բողոքները վերադարձնելու պրակտիկա, ինչը դժգոհության ալիք բարձրացրեց ոչ միայն իրավապահ մարմինների շրջանակում, այլև փաստաբանների մոտ: Բացի այդ, քրեական մի շարք գործերով ՀՀ վճռաբեկ դատարանը որոշ հանցակազմերի տվեց այնպիսի մեկնաբանություններ, որոնք հակադրվում էր ձևավորված քրեական քաղաքականությանը: Օրինակ՝ իրավակիրառ պրակտիկայում արարքը որակվում էր որպես խուլիգանություն, եթե այն կատարվել էր ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավարությամբ(7), սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը 2006թ. հոկտեմբերի 24-ի որոշմամբ սահմանեց, որ խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ և խուլիգանական մղումներից ելնելով, իսկ մեղադրյալի կողմից տուժողին վիրավորանքներ, մարմնական վնասվածքներ հասցվելու կամ նման այլ բռնարարքների կատարման դեպքում խուլիգանական մղումները և խուլիգանության հանցակազմը կարող է բացակայել, եթե նշված գործողությունները կատարվել են կենացաղային հողի վրա առաջացած վիճաբանության, քիչ թե շատ երկարատև ժամանակահատվածի ընթացքում ձևավորված հակակրանքի արդյունքում(8): ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ խուլիգանության տված հանցակազմի մեկնաբանությունը նշանակում էր իրավակիրառ պրակտիկայում խուլիգանության հանցակազմի կիրառման ոլորտի սահմանափակում(9):
Ընդհանրացված ձևով կարելի է ասել, որ դատավոր Հ. Մանուկյանի գործունեությունն առավելապես ուղղված էր քրեական դատավարությունում պաշտպանության կողմի իրավունքների ապահովմանը (օրինակ` մեղադրյալի հայեցողությամբ պաշտպան ընտրելու իրավունքի ապահովում, պաշտպանին վարույթից հեռացնելու հիմքերի սահմանափակ մեկնաբանություն (ՀՀ վճռաբեկ դատարանի 2006թ. նոյեմբերի 24-ի որոշում), մեղադրյալի թարգման ունենալու իրավունքի ապահովում (ՀՀ վճռաբեկ դատարանի 2007թ. մայիսի 4-ի որոշում), մինչդատական վարույթում կայացված ակտերի դատական բողոքարկման իրավունքի ապահովում) և դատական հայեցողության շրջանակում` իրավապահ մարմինների հնարավորությունների սահմանափակմանը:
Իրավական կոնֆլիկտ այլ պետական մարմինների հետ:
Դրան զուգահեռ դատավոր Հ. Մանուկյանի նախագահության օրոք, ՀՀ վճռաբեկ դատարանը, իրավական որոշ խնդիրների լուծումների հարցում, կոնֆլիկտի մեջ մտավ այլ պետական մարմինների (ՀՀ դատախազություն, ՀՀ սահմանադրական դատարան) հետ, ինչն արտացոլվեց օրենսդրական և դատական քաղաքականության ձևավորման և իրականացման ոլորտում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած վերը նշված մոտեցումներում:
Նշված ժամանակահատվածում ՀՀ վճռաբեկ դատարանը հաճախ բացահայտ չէր կատարում ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները (օրինակ՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պատճառաբանելու մասին պահանջը): ՀՀ սահմանադրական դատարանի 2007թ.-ին ընդունած որոշումների կատարման վերաբերյալ հաղորդման մեջ նշվում է, որ անհատական դիմումների հիման վրա դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ դատարանի կողմից բողոքը վերադարձնելու մասին որոշման ոչ բավարար հիմնավորումը պատճառ է դառնում, որ քաղաքացիները չեն համոզվում իրենց բողոքի ոչ իրավաչափ լինելու հարցում(10):
Դատավոր Ա. Մկրտումյանի ազդեցությունը օրենսդրական և դատական քաղաքականության վրա:
2008թ.-ին Հ. Մանուկյանին հաջորդեց դատավոր Արման Յուրիկի Մկրտումյանը (ծնվել է 1960թ.), ով առավելապես կողմնակից էր ռոմանագերմանական իրավական համակարգի գաղափարախոսությանը, իսկ նոր արժեքների ներմուծման ոլորտում՝ չափավորությանը և հավասարակշռությանը: Ա. Մկրտումյանը 1989թ. մինչև 1996թ. աշխատել է ՀՀ դատախազությունում որպես բաժնի պետ, 1996թ-ից 1998թ. ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնում, իսկ 1998-2008թթ.՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն էր:
Ա. Մկրտումյանը, որպես Ազգային ժողովի իրավաբանական ծառայության ղեկավարի տեղակալ, մասնակցել է դատաիրավական բարեփոխումների առաջին փուլին և եռաստիճան դատական համակարգի ձևավորմանը: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո, դատավոր Ա. Մկրտումյանը նախաձեռնեց քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատարանների վերացման և նախկին դատական համակարգի վերականգնման գործընթացը(11):
Բացի այդ, դատավոր Ա. Մկրտումյանի պաշտոնավարման օրոք էապես փոխվեց վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի մոտեցումը: Ներկայումս ձևավորված իրավակիրառ պրակտիկայի համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, ընդհանուր առմամբ, պատշաճ ձևով պատճառաբանում է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումները:
Իհարկ է դատավոր Ա. Մկրտումյանի քաղաքականության վերլուծությունը, այդ քաղաքականության ուղղությունների փոփոխությունները, օրինաչափությունների վերհանումը հնարավոր է դատավորի գործունեության տևական ժամանակահատվածում կուտակված պրակտիկ նյութի ուսումնասիրության դեպքում: Սակայն այս կարճ ժամանակահատվածում դատավորի գործունեությունը դիտարկելիս, կարելի է նշել, որ դատավոր Ա. Մկրտումյանի քաղաքականությունն առավելապես միտված է մասնավոր իրավունքի ոլորտում մարդու սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովմանը (օրինակ՝ աշխատողների իրավունքների պաշտպանություն):
Եզրակացություն: Սույն վերլուծությամբ խնդիր չունենք կատարելու միանշանակ եզրահանգումներ և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահների անձնային գործոնի հիման վրա վերհանել դատարանի գործունեության վերաբերյալ հստակ օրինաչափություններ: Կրկին անգամ շեշտադրենք, որ այս տեսանկյունից ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության խորը և համակողմանի վերլուծությունը հնարավոր է ապահովել առանձին հետազոտության շրջանակներում, երբ հետազոտողի կողմից համապատասխան կարողությունների և նյութի տիրապետելու, ինչպես նաև հետադարձ հայացքով, այդ գործունեության սոցիալ-քաղաքական ազդեցությունը դիտարկելու դեպքում:
Կարծում ենք սուբյեկտիվ գործոնով պայմանավորված բարձրագույն դատական մարմինների գործունեության վերլուծությունը պետք է հանդիսանա ոչ թե բացառություն կամ իրավագիտությանը օտար երևույթ, այլ օրինաչափություն: Նման հետազոտությունների, գիտական վերլուծությունների արդյունքներն անհրաժեշտ է ներկայացնել նաև ԲՈՒՀ-ում, որի դեպքում կբարձրանա նաև ապագա դատավորների մոտ սեփական գործողությունների համար պատասխանատվության զգացումը:
1. Schlegel, John Henry American Legal Realism and Empirical Social Science Studies in Legal History. University of North Carolina Press.1995.
2. Թեև դատական իշխանության մարմինները օրենսդրական նախաձեռնության իրավունք չունեն, սակայն դատական իշխանության մարմինները մասնակցում են օրենսդրական քաղաքականության ձևավորմանը, մասնավորապես՝ դատաիրավական համակարգին վերաբերող կարևոր օրենսդրական նախագծերի փաթեթները նախապատրաստվում են դատական իշխանության ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ կամ նրանց կողմից:
3. Կանխավ նշենք, որ այս ոլորտի համալիր վերլուծություն կատարելու համար պահանջվում է հատուկ կարողություններ` մեթոդաբանություն, Վճռաբեկ դատարանի և նախագահի գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն (նիստերի արձանագրությունների և դատական ակտերի համակողմանի վերլուծություն):
4. Агеева Е. А. Деятельность верховного суда США под председательством Э. Уоррена, 1953-1969 гг. (Историко-правовое исследование). Автореф. дисс. … канд. юрид. наук. Белгород. 2009, Воробьева Е. В. Верховный суд в конституционно-правовой системе государства Израиль. Автореф. дисс. …канд. юрид. наук. М., 2009.
5. Դատավորների կենսա•րական տվյալները վերցվել են www.court.am ինտերնետյան կայքից:
6. «Դատարանակազմությունը Հայաստանում»: Արդարադատության արդյունավետության Եվրոպական հանձնաժողով: 2009թ. ապրիլի 14-17-ը Հայաստան այցելած ԵԽ փորձագետների զեկույցը:
7. Մանրամասն տես Հովսեփյան Ա. Դատախազական գործունեությունը և խուլիգանության դեմ պայքարի հիմնախնդիրները ( պատմատեսական և քրեաիրավական վերլուծություն): Երևան, «Տիգրան Մեծ», 2005, էջեր 213-215:
8. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածու: 2006-2008թթ.: – Եր. Ասողիկ, 2009, էջ12:
9. Նշենք, որ առանձին իրավաբանները ՀՀ վճռաբեկ դատարանի նշված իրավական դիրքորոշմանը դրական են արձագանքել: Տես Ղազարյան Ա. Վճռաբեկ դատարանը որպես քաղաքականություն ձևավորող: Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, 2007, թիվ 1, էջ56:
10. ՀՀ սահմանադրական դատարան: Տեղեկագիր, 1(46), 2008, էջ 18:
11. Մասնագիտացված դատարանների վերացման մասին մանրամասն տես Ղամբարյան Ա. Դատաիրավական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում (հասկացությունը, սկզբունքները և ռազմավարությունը): Իրավագիտության հարցեր, 2009, թիվ 3-4: