Կիևի եվրոպական դաշնակիցները համաձայնեցված դիրքորոշում կպատրաստեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման պայմանների վերաբերյալ՝ օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է TVP Info հեռուստաալիքը։
«Մենք բոլորս առաջիկա մի քանի տասնյակ ժամերի ընթացքում համատեղ կպատրաստենք ընդհանուր եվրոպական դիրքորոշում», – ասել է նա օգոստոսի 12-ին նախարարների կաբինետի նիստից առաջ։
Տուսկը հավելել է, որ փոխվարչապետ Ռադոսլավ Սիկորսկին նիստի համար պատրաստել է կառավարության դիրքորոշման նախագիծը՝ ամերիկա-ռուսական բանակցությունների համատեքստում:
Վարշավայի դիրքորոշումը կոչ է պարունակում՝ ուղղված Թրամփին՝ թույլ չտալ զիջումներ Ռուսաստանի համար, պարզաբանել է Տուսկը: Նրա խոսքով՝ ուժեղ և հաղթանակած Ռուսաստանը «արագ և անմիջական սպառնալիք» է ներկայացնում Լեհաստանի համար: