Արման Մկրտումյանը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

Փետրվարի 6-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ դատավոր Մխիթար Պապոյանին:

Հիշեցնենք, որ Մխիթար Պապոյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 5-ի ՆՀ-200-Ա հրամանագրով:

Շնորհավորելով Մխիթար Պապոյանին` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը բարձր է գնահատել որպես դատավոր նրա փորձն ու գիտելիքները և հույս է հայտնել, որ նա նույն նվիրումով ու ջանասիրությամբ կշարունակի իր գործունեությունն արդեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են դատական համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Փետրվարի 9-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահին և դատավորներին է ներկայացրել նույն պալատի նորանշանակ դատավոր Ռուզաննա Հակոբյանին:

Հիշեցնենք, որ Ռուզաննա Հակոբյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 5-ի ՆՀ-200-Ա հրամանագրով:

Շնորհավորելով Ռուզաննա Հակոբյանին` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը բարձր է գնահատել որպես դատավոր նրա փորձն ու գիտելիքները և հույս է հայտնել, որ նա նույն նվիրումով ու ջանասիրությամբ կշարունակի իր գործունեությունն արդեն ՀՀ վճռաբեկ դատարանում: Այս համատեքստում Արման Մկրտումյանն անդրադարձել է օրենքի միատեսակ կիրառության, միասնական դատական պրակտիկայի ապահովման, իրավունքի զարգացման ու կանխատեսելի արդարադատության ձևավորման գործում Վճռաբեկ դատարանի առաքելությանը:

«Վճռաբեկ դատարանը պետք է հետևի, որ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ստորադաս դատական ատյանների դատական ակտերը լինեն ոչ միայն օրինական, այլ նաև իրավական, համապատասխանեն մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերին, այդ թվում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային, քանի որ վճռաբեկ վարույթով սպառվում են դատական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները», – ասել է Վճռաբեկ դատարանի նախագահը:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ  ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել