ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի 11 թեկնածուներ կան. հայտերի ընդունման ժամկետն ավարտվեց

Այսօր` ժամը 18:00-ին, ավարտվեց ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների հայտերի ընդունման ժամկետը: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը Իրավաբան.net-ին տեղեկացրեց, որ այս պաշտոնի համար հայտ են ներկայացրել 11 թեկնածուներ:

Հիշեցնենք` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուի մրցույթը մեկնարկել է սեպտեմբերի 3-ին, իսկ մինչ այդ` օգոստոսի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, ստեղծվել էր մրցութային հանձնաժողով: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով, որոնցից առաջինը Փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգման փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի:

«Հաջորդ երկուշաբթի օրը տեղի կունենա հանձնաժողովի նիստը, որից հետո Արդարադատության նախարարը կհրապարակի անունները»,- ասաց Ծովինար Խաչատրյանը:

Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովն ունի հետևյալ կազմը. Սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ), Վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ), ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր (համաձայնությամբ), Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ), ՀՀ արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ (համաձայնությամբ), Արդարադատության ակադեմիայի ռեկտոր (համաձայնությամբ), «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել