Տեղական դատարանները կարող են բարձրացնել հանրային վստահությունը. Դավիթ Հարությունյան

Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլն այսօր շարունակվել է Գավառ քաղաքում: Արդարադատության նախարարության լևատվության բաժնի փոխանցմամբ` հայեցակագային դրույթները ներկայացրել են Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Դավիթ Հարությունյանն ու Գևորգ Դանիելյանը:

Դավիթ Հարությունյանը, խոսելով Սահմանադրության իրավական-քաղաքական և արժեբանական նշանակության մասին, ընդգծել է, որ հասունացել է Սահմանադրության փոփոխման անհրաժեշտությունը` այն պայմանավորելով սոցիալ-քաղաքական, արժեհամակարգային իրողությունների փոփոխման դինամիկայով: «Սահմանադրական բարեփոխումներով պետք է լուծվի մարդու իրավունքների ապահովման հարցը»,-նշել է բանախոսը:

Նա առանձնացրել է երեք տեսակի իրավունք՝ ազատություններ, հիմնական իրավունքներ և այլ տիպի իրավունքներ: Նրա համոզմամբ, եթե չլինի որևէ երաշխիք, որը կապահովի այդ իրավունքների կյանքի կոչումը, ապա մենք չենք կարողանա այդ իրավունքներն իրացնել: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սոցիալական ապահովության, սակայն, ըստ Դավիթ Հարությունյանի, Սահմանադրությունը չի կարող ապահովել դրանց ծավալը. դրանք կատարվում են օրենքներով, բայց Սահմանադրությունը պետք է կարողանա ամրագրել ճկուն ու կենսունակ մեխանիզմներ դրանց օրենսդրական ճիշտ կառուցվածքային ամրագրման առումով: Խոսելով իրավունքի գերակայության մասին` Հանձնաժողովի անդամը նշել է, որ օրենքը պետք է գործի բոլորի համար, որպեսզի այն ունենա գերակա նշանակություն:

«Ամենակարևոր սկզբունքն այն է, որ պետությունն իր իրավունքն իրականացնելիս սահմանափակվի մարդու իրավունքներով: Մենք պետք է լրացուցիչ կարգավորումներով հասնենք այս ամենի իրագործմանը»,-հավելել է նա:

Խոսելով իշխանության բաժանման ու հավասարակշռման մասին՝ Դավիթ Հարությունյանը շեշտել է, որ եթե այնպիսի իրավիճակ լինի, որ պառլամենտում մեծամասնությունը և հանրապետության նախագահը տարբեր քաղաքական ուժերից լինեն, ապա տեղի կունենա քաղաքական բախում, անխուսափելի կդառնա քաղաքական ճգնաժամը: «Հայեցակարգով մենք ներկայացնում ենք մոտեցումներ, որոնցով պետք է կարողանանք հնարավորինս անվտանգ լուծումներ գտնել այս իրավիճակի համար»,-ներկաներին հավաստիացրել է Դավիթ Հարությունյանը:

Պատասխանելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին՝ նա նշել է, որ այսօր կա գործադիր իշխանության երկվություն, մի մասի համար պատասխանատու է կառավարությունը, մյուս մասի համար` նախագահը, իսկ եթե այդ պատասխանատվության կատարման մեջ թերանում է կառավարությունը, ապա հնարավոր է պահանջել նրա հրաժարականը, իսկ նախագահի հրաժարական հնարավոր չէ պահանջել: «Ուրեմն պետք է լինի հանրային իրավական պատասխանատվություն բոլորի համար»,-եզրափակել է Հանձնաժողովի անդամը:

Գևորգ Դանիելյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել իրավունքների իրականացման կարգի սահմանմանը` նշելով, որ դրանով ավելի կանխատեսելի կդառնան այդ մեխանիզմները` ապահովելով ժողովրդավարական սկզբունքների իրականացումը: Սահմանադրությամբ նաև ազգային անվտանգության հարց պետք է լուծվի, օրինակ` որոշ թեկնածուներ սկզբում նշում են, թե գումար չունեն առաջադրվելու համար, սակայն հետագայում գումար են հայթայթում անհասկանալի տեղից:

Նա նշել է, որ այդ գործընթացը պետք է թափանցիկ լինի, որպեսզի արտաքին ինչ-ինչ ուժեր չներգրավվեն: Ըստ Գևորգ Դանիելյանի` խորհրդարանական գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ որոշ հարցերում կարևորվի նաև խորհրդարանական փոքրամասնության կարծիքը, որի ձայնը անհրաժեշտ է: «Քաղաքական փոքրամասնության լիազորությունների ընդլայնման առումով կարևոր է, որ նրանք նույնպես հնարավորություն ունենան հանրաքվեներ նախաձեռնելու, և կունենանք ավելի կառուցողական քաղաքական ուժեր»,-եզրափակել է Հանձնաժողովի անդամը:

Հարցուպատասխանի ժամանակ փոխանակվել են մտքեր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային գրեթե բոլոր դրույթների վերաբերյալ: Մարզի բնակիչները հետաքրքրվել են կառավարման պառլամենտական մոդելի ներմուծման միջազգային փորձով: Հարցադրումներ են եղել սոցիալական պետության, դատական համակարգերի առնչությամբ, որոնց պատասխանել է Դավիթ Հարությունյանը` ասելով. «Մենք ամրագրել ենք իրավական, սոցիալական պետություն, սակայն սոցիալական պետության գաղափարախոսություն ինչ-որ իմաստով ենթադրում է մարդու իրավունքների սահմանափակում, և սա խնդրահարույց է, քանի որ հարց է առաջանում՝ ուր մնաց իրավական պետության սկզբունքը: Ուրեմն պետք է կարողանանք այս ամենը ճիշտ կառուցել, ձևի և բովանդակության առումով»:

Անդրադառնալով դատական համակարգին վերաբերող հարցին նա ասել է, որ տեղական դատարանները կարող են բարձրացնել հանրային վստահությունը: Ըստ նրա՝ դատավորն ինքը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնելու հանրավորություն ունենա, պետք է ապահովվի նրա անկախությունը:

Հանդիպմանը հնչել են առաջարկություններ, դիտողություններ ու դիտարկումներ ևս, որոնք քննարկվել են հանձնաժողովի անդամների հետ:
Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին Վանաձորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել