Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չկարողացավ գտնել սահմանադրական դինամիկ և էվոլուցիոն զարգացումների որոշակի մեխանիզմ: Այս մասին այսօր քաղաքական կուսակցությունների հետ Սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Ցավոք սրտի, 1990-ականների սկզբներին մեզ մոտ առկա որոշ դրական միտումները հետագայում ամբողջությամբ անտեսվեցին: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է այնպիսի ինստիտուտների, ինչպիսին սահմանադրական օրենքի ինստիտուտն է, որի բացակայությունն այսօր լուրջ խնդիրներ է առաջացնում ընդհուպ մինչև փոքրամասնությունների իրավունքների կամ պառլամենտական փոքրամասնությունների լիարժեք իրացման առումով: Մեզանում բացակայում է սահմանադրական լիազորությունների հարցում վեճերի լուծման ինստիտուտը և սահմանադրության մեկնաբանության ինստիտուտը»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ եթե մենք փորձում ենք այդ հարցը նայել ոչ միայն Եվրոխորհրդի անդամ երկրներում, այլ Միջազգային պրակտիկայում, ապա երկրների զգալի մասը վաղուց այդ խնդիրների լուծումները գտել են: Այդ լուծումները հանգեցրել են նրան, որ Սահմանադրությունը դինամիկ և էվոլուցիոն զարգացում է ապրում: Դասական երկրներից մեկը Գերմանիայի օրինակն է:
«1949 թվականից մինչև այսօր գրեթե ամեն տարի սահմանադրական որոշակի փոփոխություններ են կատարվել: 1949- 2012 թվականների ընթացքում 225 փոփոխություն է կատարվել Գերմանիայի հիմնական օրենքում: 2006 թվականից հետո, երբ Հայաստանում արդեն 1 անգամ բարեփոխում իրականացվեց, Գերմանիայում ընդունվել է 9 Սահմանադրական օրենք և կատարվել են 43 կարևոր փոփոխություններ հիմնական օրենքում:Այդ բոլորն այս ճանապարհով երաշխավորում են Սահմանադրության դինամիկ զարգացումները: Այսօրվա սահմանադրական լուծումների մակարդակում մեզանում ցավոք սրտի հիմնական շեշտը դրվել է միայն սահմանադրական վիրահատական զարգացումների հնարավորության վրա, այսինքն՝ կարելի է մեկ անգամ փոփոխել կամ լրացնել, կամ ընդունել նոր Սահմանադրություն: Էվոլուցիոն զարգացումների հնարավությունները էապես սահմանափակված են»,- նշեց պարոն Հարությունյանը:
Ըստ նրա՝ իրավունքի ոլորտում կուտակված լրջագույն հիմնախնդիրներ գոյություն ունեն, որոնք պետք է օր առաջ լուծել:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում: