Ի՞նչ ժամկետում է գրանցվում ամուսնությունը

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը։

Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել հարգելի պատճառների առկայության դեպքում: Ամուսնության գրանցման ժամկետը կրճատելու համար հիմք համարվող հարգելի պատճառներ են`

1) ամուսնացող անձանց համատեղ երեխա (ներ) ունենալը.

2) ամուսնացող կնոջ հղիությունը (առնվազն 12 շաբաթական).

3) ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության.

4) ամուսնացող անձի` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը.

5) Հայաստանի Հանրապետությունում ամուսնացող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` միմյանց կամ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության դեպքում ամուսնացողների կամ նրանցից մեկի` Հայաստանի Հանրապետության տարածքից երկարատև ժամանակով մեկնելու (բացակայելու) դեպքում.

6) ամուսնացող անձի ծանր հիվանդությունը:
Նշված հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով (կնոջ հղիության վերաբերյալ բժշկական տեղեկանք, երեխայի ծննդյան և հայրության ճանաչման վկայական, զինվորական ծառայության վայրից տեղեկանք, Հայաստանի Հանրապետության տարածքից մեկնելու փաստը հաստատող փաստաթուղթ):

Նշենք, որ ամուսնության պետական գրանցման ժամկետը, ելնելով կոնկրետ հանգամանքներից, կարող է կրճատվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի թույլտվությամբ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել