Եթե Արդարադատության նախարարությունը փորձի ոչ թե փաստաբանների ցանկությամբ նրանց վերապատրատումն իրականացնել Արդարադատության ակադեմիայում, այլ պարտադիր դարձնել, ապա կխախտի միջազգային մի շարք պայմանագրերով սահմանված փաստաբանական ինստիտուտի անկախության սկզբունքը: Այս մասին Իրավաբան.net-ի ասաց Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը` անդրադառնալով Արդարադատության նախարարի այն հայտարարությանը, թե ապագայում նախատեսում են Փաստաբանական դպրոցը ևս միացնել Արդարադատության ակադեմիային:
«Փաստաբանների պալատը միշտ ունի ճանապարհը փակելու լծակ, այսինքն` նախարարությունը չի կարողանալու պարտադրել, որ այդ լծակը չկիրառվի: Եթե փաստաբանական համայնքը համաձայն չլինի, այդ օրենքը չի կարող գործել: Քանի որ բոլոր դեպքերում Արդարադատության ակադեմիան չի կազմակերպելու որակավորման քննություններ»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրա խոսքով` ո՛չ այս տարի, ո՛չ ապագա 50 տարվա մեջ, ո՛չ Հրայր Թովմասյանը, ո՛չ արդարադատության ապագա նախարարները չեն կարողանալու Փաստաբանների պալատի նախագահին կամ խորհրդին պարտադրել իրենց կարծիքը. նրանք պետք է հաշտվեն այն իրողության հետ, որ փաստաբանական ինստիտուտը կայացած է մեր պետության մեջ: