Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի բացառում, որ «ինչ-որ իքս փուլում» փաստաբանների վերուսուցումը և կադրերի պատրաստումը կվերապահեն Արդարադատության ակադեմիային: Այս մասին նա լրագրողներին ասաց Արդարադատության ակադեմիայի շենքի բացման համար կազմակերպված միջոցառման ժամանակ:
«Նախքան դա նախ պետք է Արդարադատության ակադեմիան կայանա, որ հասարակությանը, պետությանը ցույց տա, որ որակապես նոր մակարդակի վրա գտնվող կառույց է, որպեսզի հետագայում խոչընդոտներ չլինեն»,- հայտնեց նախարարը:
Նրա կարծիքով` մի քանի կառույցները միավորելու հարցում միշտ կան գերատեսչական շահեր. մի մասը մտածում է, որ միավորման արդյուքում իր ինքնուրույնությունը կսահմանափակվի:
«Ինչ- որ գաղտնիք բացած չեմ լինի, որ ասեմ` դատական իշխանությունը և դատախազությունն ինչ-որ փուլում դիմադրում էին այս միասնական կառույցի ստեղծմանը` մտածելով, որ իրենք ավելի արդյունավետ կարող են լուծել»,- հավելեց Հրայր Թովմասյանը:
Արդարադատության նախարարությունը նույն ծրագիրն ունի նաև նոտարիատի համար: