Հայաստանի գործողությունները հակասում են իր պաշտոնական կառույցների հայտարարություններին Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ենթադրյալ հանձնառության մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Ստամբուլում ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 51-րդ նիստի արդյունքների վերաբերյալ։
«Խաղաղությանն իր հանձնառության մասին Հայաստանի հայտարարությունները չեն համապատասխանում նրա գործողություններին: Ադրբեջանը մշտապես հանդես է եկել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղության համապարփակ համաձայնագրի օգտին, մինչդեռ Հայաստանը բազմիցս խոչընդոտել է առաջընթացին` ցուցաբերելով ոչ կառուցողական դիրքորոշում կրիտիկական հարցերում»,- նշել է Հաջիզադեն:
Նա կոչ է արել Հայաստանին՝ հրաժարվել ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ճանաչել իր պատմական պատասխանատվությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։