Թրամփը հայտարարել է, որ Մակրոնը սխալ է հասկացել Կանադայից իր վաղ հեռանալու պատճառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադայում ընթացող Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովից իր վաղ հեռանալը պայմանավորված չէ Իսրայելի և Իրանի միջև հրադադար հաստատելու ջանքերով, ինչպես ենթադրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփը համապատասխան գրառում է արել իր Truth Social հարթակում։

«Հրապարակայնություն փնտրող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սխալմամբ ասել է, որ ես լքել եմ Կանադայում G7-ի գագաթնաժողովը, որպեսզի վերադառնամ ԱՄՆ՝ աշխատելու Իսրայելի և Իրանի միջև «հրադադարի» վրա: Սխալ է։ Նա պատկերացում չունի, թե ինչու եմ ես հիմա գնում Վաշինգտոն, բայց դա, անշուշտ, կապ չունի հրադադարի հետ: Սա շատ ավելի մեծ բան է», – գրել է Թրամփը։

Ավելի վաղ Մակրոնը լրագրողներին հայտնել էր, որ Թրամփը շուտ է հեռանում, որպեսզի աշխատի Իրանի և Իսրայելի միջև հրադադարի վրա։

«Հանդիպելու և մտքեր փոխանակելու առաջարկ կա…. ԱՄՆ-ն վստահեցրել է, որ իրենք հրադադարի կհասնեն, և քանի որ նրանք կարող են ճնշում գործադրել Իսրայելի վրա, ինչ-որ բան կարող է փոխվել», – Մակրոնի խոսքերն է մեջբերում POLITICO հրատարակությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել