Հանրային շահերի պաշտպանության իրականացումը երրորդ անձանց կողմից հանդիսանում է իրավունքների պաշտպանության մեխանիզմ, որը սկիզբ է առնում դեռևս հռոմեական իրավունքից: Ներկայումս էլ միավորումների և Կազմակերպությունների կողմից երրորդ անձանց իրավունքների պաշտպանությունը գործող մեխանիզմ է հանդիսանում եվրոպական մի շարք երկրներում և այդ մեխանիզմի առկայությունը հատկապես կարևորվում է խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համատեքստում:
Iravaban.net-ի հետ զրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը նշեց՝ բացի այդ, Կազմակերպությունների կողմից հանրային շահերի պաշտպանության իրականացումն այս կամ այն կերպ սահմանադրական ամրագրում է ստացել եվրոպական մի շարք երկրների սահմանադրություններում։
«Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-906 որոշմամբ գտավ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը շահագրգիռ (կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված) հասարակական կազմակերպությունների համար, որպես իրավաբանական անձ, կարող է սահմանել տվյալ ոլորտում անձանց խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքի իրացման դեպքերը և կարգը` հաշվի առնելով actio popularis բողոքների ինստիտուտի առնչությամբ եվրոպական ներկա զարգացումների միտումները»,-նշեց Մարիամ Զադոյանը։
Փորձագետի խոսքով՝ գործող իրավակարգավորումները հնարավորություն են տալիս հասարակական կազմակերպություններին շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով դիմելու դատարան։ Սակայն, անհրաժեշտ է ընդլայնել այս ցանկը, ինչպես նաև կատարելագործել action popularis սկզբունքը ներպետական իրավական համակարգում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրավաբանների հայկական ասոցիացիան մշտադիտարկում է իրականացնում՝ ուղղված դատական և իրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ու դրանցից բխող գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքին։ Մշտադիտարկման շրջանակներում Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ոլորտի մասնագետների օգնությամբ վերլուծում և լուսաբանում է ինչպես ամբողջությամբ կատարված, այնպես էլ մասնակիորեն իրականացված կամ ընդհանրապես չկատարված գործողությունները՝ անդրադառնալով նաև դրանցում արձանագրված բացթողումներին, խոչընդոտներին ու պատճառներին։