Դատական կարգադրիչ, արդարադատության ավագ սերժանտ Տաթև Ոսկանյանը 4 տարի է՝ աշխատում է դատարանում։ Նշում է, որ փոքր տարիքից ցանկացել է համազգեստ կրել, ու այս աշխատանքի ընտրությունը պատահական է ստացվել։
«Շատ պատահաբար հայտարարությունը տեսնելով մտածեցի հենց այն է, ինչ ինձ պետք է, հայտարարությամբ դիմեցի, կանչեցին հարցազրույցի, եկա պրակտիկա, ստացվեց այնպես, որ ես դատական կարգադրիչ եմ արդեն 4 տարի»,-Iravaban.net-ի հետ զրույցում նշեց նա՝ կիսվելով իր փորձառությամբ, ներկայացնելով այն քայլերը, որոնք պահանջվում են Դատական կարգադրիչների ծառայության աշխատակիցների շարքերը համալրելու համար։
Նա պատմում է, որ աշխատանքային առաջին օրերը հեշտ չեն անցել, դատական նիստերին մասնակցելիս վախեր են առաջացել, սկզբնական շրջանում գործընկերներից մեկը պարտադիր իր հետ է եղել՝ անհրաժեշտության դեպքում աջակցելու, օգնելու համար։
«Դրանից հետո ընտելացա, հիմա ես եմ օգնում մեր նոր եկած աշխատողներին»,-ժպտալով ասում է Տաթևը։
Դատարանում ծանրաբեռնվածությունը մեծ է, կարգադրիչների աշխատանքային օրը սկսում է առավոտյան 08։40-ից, ծանոթանում են օրվա գրաֆիկին, միմյանց միջև բաշխում կատարվելիք գործառույթները։ Նրա խոսքով՝ հատկապես մեծ հնչեղություն ունեցող գործեր կան, որոնց ուզում են անպայման մասնակցել, իմանալ՝ ի վերջո ինչ որոշում է կայացնելու դատարանը։
«Պատասխանատվությունը, իհարկե, շատ մեծ է, մենք պետք է ապահովենք դատարան մտնող և դատարանում գտնվող անձանց անվտանգությունը, պետք է ապահովենք կարգուկանոնը, և դրանք պետք է արվեն օրենքի սահմաններում»։
Աշխատանքով պայմանավորված՝ կնոջ համար խնդիրներ են առաջանում ժամանակի ճիշտ կառավարման, ընտանիքի անդամների հետ լինելու, երեխայի դաստիարակման և այլ հարցերի հետ կապված։
«Երբ հայտարարությունը տեսա, որոշեցի, որ պետք է դիմեմ, առաջինը տեղյակ եմ պահել ամուսնուս, ասաց՝ եթե ուզում ես, փորձի։ Ամուսնացած կնոջ համար առաջնային դժվարությունը ժամանակը կիսելն է՝ աշխատավայրում և ընտանիքում։ Ճիշտ է, սա ծառայություն է, սակայն կանայք ևս կարող են համատեղել իրենց աշխատանքը ընտանիքի հետ»,-ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։