«Այս նույն հարցի վերաբերյալ, արդեն հաշիվն էլ եմ կորցրել, թե քանի անգամ ենք խոսում»․ դատախազը՝ Արուսյակ Ալեքսանյանի գործով նիստի ժամանակ

Հակակոռուպցիոն քրեական դատարանում դեկտեմբերի 24-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է  դատավոր Վահե Դոլմազյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին միջնորդություն ներկայացրեց մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպաններից Առնոլդ Վարդանյանը։ Միջնորդությունը այն մասին էր, որ դատարանը օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ անթույլատրելի ապացույց ճանաչի։

«Առանձնապես ասելու բան չունեմ, որովհետև այս նույն հարցի վերաբերյալ արդեն հաշիվն էլ եմ կորցրել, թե քանի անգամ ենք խոսում։ Յուրաքանչյուր դատական նիստին պաշտպանական կողմը օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքները վիճարկող նոր միջնորդություն է բերում։ Այդ միջնորդությունները փորձում էին օրենսդրական տարբեր կարգավորումներով հիմնավորել, գոնե մինչ այս պահը։ Ինձ համար տարակուսելի է, թե ինչու է պարոն Վարդանյանը կամ ի՞նչ տրամաբանությամբ է միջնորդում անթույլատրելի ճանաչել կամ սահմանափակել օպերատիվ հետախուզական միջոցառումներով ստացված տվյալների օգտագործումը»,-ասաց դատախազ Արմեն Գևորգյանը։

Միջնորդության լուծումը դատարանը հետաձգեց։ 

Այս դատական նիստին դատարանն անդրադարձավ 2023 թվականի մայիսի 4-ին Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությանը, որը վերաբերում էր  օպերատիվ հետախուզական միջոցառումների (ՕՀՄ) ընթացքում ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ճանաչելուն։ Դատարանը նշեց, որ այս հարցի լուծշում էլ կտրվի եզրակափիչ դատական ակտի հրապարակման ժամանակ։

«Պարոն Գևորգյանը նշեց, որ համալիր այլ հետախուզական միջոցառումներ են իրականացրել, արտաքին դիտում, առանց տեխնիկական միջոցների օգտագործման և այլն, այո, իրականացվել են։ Եվ այդ օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում ի՞նչ է պարզվել, պարզվել է՝ Արուսյակ Ալեքսանյանը ինչ հեռախոսահամար է օգտագործում և պարզվել է, թե Արուսյակ Ալեքսանյանի աշխատասենյակը որտեղ է գտնվում, որ հարկն է և այլն։ Եկեք հասկանանք, այդ որ պարզել են հեռախոսահամարը մեկ, երկրորդը՝ աշխատասենյակի գտնվելու վայրը։ Դրանից ի՞նչ է պարզվել։ Պարզվել է, որ Արուսյակ Ալեքսանյանը կաշա՞ռք է վերցրել, ոչ։ Պարզվե՞լ է, որ Արուսյակ Ալեքսանյանը կասկածելի խոսակցություններ է ունեցել Էրիկ Ալեքսանյանի հետ, ոչ»,-ասաց ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը։

 

Դատական նիստը հետաձգվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել