Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մայիսի 4-ին, շարունակվեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով նախնական դատալսումները։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը օպերատիվ հետախուզական միջոցառումների (ՕՀՄ) ընթացքում ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ 2 միջնորդություն ներկայացրեց։
Ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանն առաջինը ներկայացրեց իր միջնորդությունը։ Ըստ նրա՝ քրեական գործի շրջանակներում «ագրեսիվ» միջամտություն է տեղի ունեցել Արուսյակ Ալեքսանյանի անձնական կյանքի իրավունքի նկատմամբ։
«Այս պարագայում ի սկզբանե ներկայացվել է Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ապացուցողական գաղտնի գործողություններ, այն է՝ արտաքին և ներքին դիտում իրականացնելու վերաբերյալ միջնորդություն՝ օպերատիվ զեկուցագրի հիման վրա։ Դրա մեջ նշվել է, թե ստացվել են տվյալներ այն մասին, որ Արուսյակ Ալեքսանյանը տարբեր անձանցից առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստանում։ Դատարանը բավարարում է այդ միջնորդությունը՝ հիմք ընդունելով չստուգված, անհայտ աղբյուրից ստացված օպերատիվ տվյալը, որը տեղ է գտել զեկուցագրում։ Այնուհետև օպերատիվ մարմինը իր կազմած զեկուցագրում առկա տվյալներն իրականացված գաղտնի գործողության արդյունքում չի հաստատում ու նոր միջնորդություն է ներկայացնում՝ նշված գործողությունները ևս 2 ամսով շարունակելու թույլտվություն ստանալու համար՝ նույն հիմքով»,-նշեց Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ դատարանը 2-րդ անգամ էլ է բավարարել միջնորդությունը՝ առանց դրանում առկա տվյալների արժանահավատությունը գնահատելու։
Գաղտնի գործողությունների արդյունքում կաշառքի վերաբերյալ տվյալները այդպես էլ չեն հաստատվել, սակայն իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու վերաբերյալ մեղադրանք է առաջադրվել դատավորին։ Էրիկ Ալեքսանյանն ասաց նաև, որ խնդիր չի տեսնում, եթե դատարանը որոշի միջնորդության լուծումը հետաձգի՝ մինչև ապացույցների հետազոտումը։ Նա նաև նշեց, որ դատարանը, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, պետք է գնահատի ստացված օպերատիվ տվյալների արժանահավատությունը և գաղտնի գործողությունների իրականացման համար բավարար լինելը։
«Օպերատիվ մարմինը փորձել է մանևրել։ Առաջին անգամ, երբ այդ միջոցառումներն իրականացրել են և չեն հաստատվել տեղեկությունները, գաղտնալսման ժամանակ այլ խոսակցություններ են լսվել։ 2-րդ անգամ միջնորդություները ներկայացնելիս կրկին կաշառքի հանգամանքն է նշվել, որովհետև կաշառքը ծանր հանցանք է և միայն ծանր հանցանքների դեպքում է գաղտնի գործողությունների թույլտվությունը տրվում կամ դրա ժամկետը երկարաձգել։ Եթե նրանք նոր զեկուցագրի մեջ նշեին, որ կաշառքը չի հաստատվել, բայց այլ կասկածելի խոսակցություններ կան, ապա դատարանը երկարաձգման թույլտվությունը չէր տա։ Օպերատիվ մարմինը մանևրել է այստեղ, կաշառքի վերաբերյալ վերացական, չհաստատված տվյալ է ներկայացնում ու նորից թույլտվություն հայցում»,-նշեց Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ զեկուցագրերի հիմքում օպերատիվ մարմինը, այս դեպքում՝ ԱԱԾ-ն, որևէ ապացույց չի ներկայացրել։
Արուսյակ Ալեքսանյանը միացավ Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությանն ու նշեց, որ զեկուցագրի վերաբերյալ Վերաքննիչ դատարան տարված իրենց բողոքի քննության ժամանակ ԱԱԾ ներկայացուցիչը ասել է, թե զեկուցագրից բացի այլ նյութեր դատարանին չեն ներկայացվել, իսկ զեկուցագրին, բացի կազմողից, հավանություն է տվել վերադաս անձնակազմից ևս 20 հոգի․ «Սրա համար ես գուցե ստիպված լինեմ միջնորդել որպես վկա հարցաքննել նաև Աշոտ Ղամբարյանին, ով կազմել է զեկուցագիրը և նրա վերադասին, Վիգեն Պետրոսյանին»։
Ամբաստանյալի խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ մեկ տարի է, ինչ հետապնդում է իրեն․ «Գոնե կես դրվագ կաշառք այսքան ժամանակ ներկայացվե՞լ է, թե ոչ։ Ոչ, չի ներկայացրել»։
Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը դատարանում հայտարարեց, որ ինքը ևս միանում է միջնորդությանը։
«Կոպիտ կերպով խախտվել է պաշտպանյալիս անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Փաստորեն, օպերատիվ մարմինը արհեստականորեն ուռճացրել է իր կողմից ձեռք բերված «օպերատիվ ինֆորմացիան», այն հասցրել 2-5 միլիոն դրամ կաշառք ստանալու ինֆորմացիայի, որպեսզի հնարավոր լինի միջնորդություն ներկայացնել դատարան»,-նշեց Մանուկյանն ու ավելացրեց, որ միջնորդությունները բավարարած դատավորը հեղինակազրկել է դատական իշխանությունը։
Արուսյակ Ալեքսանյանն այնուհետև դիմեց դատարանին՝ նշելով, որ Վահե Դոլմազյանն անձնապես իրեն ճանաչում է, կաշառքի մասին խոսակցությունները իր համար որպես անձնական վիրավորանք են ընկալվում․ «Ինչ հոդված ուզում են՝ թող Գլխավոր դատախազության ներկայացուցիչներն ինձ վրա կարեն, բայց ոչ երբեք կաշառք։ Դա իմ սկզբունքներին, դա իմ ապրած կյանքին, դա իմ վաստակին, դա իմ դաստիարակությանը դեմ է»։
Նրա խոսքով՝ ԱԱԾ-ի ներկայացրած զեկուցագիրը աբստրակտ ոճի կեղծ փաստաթուղթ է, որում անգամ մեկ քրեական գործ չի հիշատակվում։ Ամբաստանյալի խոսքով՝ ինքը մինչև հիմա չգիտի, թե իրեն որ գործերով են կասկածել ու գաղտնի գործողություններ կատարելու միջնորդություն ներկայացրել։
Այնուհետև հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը ներկայացրեց միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ միջնորդությանը լուծում տալով դատարանն իր որոշմամբ գնահատական է տալու ոչ թե ապացույցների ձեռքբերման հանգամանքները և դրանց թույլատրելիությունը, այլ դատարանի ընդունած որոշման օրինականությունը, հիմնավորվածությունը։ Դատախազը հիշեցրեց, որ զեկուցագրի վերաբերյալ Վերաքննիչ դատարան տարված պաշտպանական կողմի բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկն այն անգամ վարույթ չի ընդունել։
Բացի այդ, Արմեն Գևորգյանը նշեց, որ ենթադրյալ կաշառքի չափի ուռճացման վերաբերյալ պնդումները անհիմն են, քանի որ, ըստ Քրեական օրենսգրքի, դատավորի կողմից կաշառք ստանալը դիտվում է որպես առանձնապես ծանր հանցանք՝ առանց չափը դիտարկելու։
«Չեմ կարող չանդրադառնալ դերձակին բնորոշ առանձնահատկությունները դատախազությանը վերագրելուն։ Ցավով եմ արձանագրում, որ նման մտքեր են արտահայտվում դատավորի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, թեև լիազորությունները կասեցված են։ Դատախազությունը, ինչպես միշտ, անձանց մեղադրանքը պաշտպանում է և հիմնվում է բացառապես ապացույցների բավարար համակցության վրա։ Ինձ հետաքրքիր է՝ տիկին Արուսյակ Ալեքսանյանն արդյո՞ք նույն կարծիքը, նույն համոզմունքն ուներ այն ժամանակ, երբ դատավորի պաշտոնն էր զբաղեցնում»,-նշեց հանրային մեղադրողը՝ կոչ անելով, որպեսզի պաշտպանական կողմը կոռեկտության սահմաններում արտահայտվի։
Վահե Դոլմազյանը որոշեց Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունն առանց քննության թողնել։
Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Միքայել Շխիմյանը ևս միջնորդությունը ներկայացրեց օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ։ Նա ՕՀՄ-ների մեկնարկը հավասարեցրեց քրեական հետապնդում հարուցելու հետ, որը իրականացվել է առանց Բարձրագույն դատական խորհրդի թույլտվության։ Միքայել Շխիմյանի կարծիքով՝ ՕՀՄ-ները հավասարազոր են քրեական հետապնդման․ «Քրեական հետապնդում ասելիս ես հասկանում եմ այն հանգամանքը, երբ անձի իրավունքների փաստացի սահմանափակումն է սկսվում։ Տվյալ պարագայում անձի նկատմամբ օպերատիվ միջոցառումներ են սկսվել, ինչի արդյունքում տեղի են ունեցել վերջինիս հիմնարար իրավունքների սահմանափակումներ»։
Արուսյակ Ալեքսանյանը միացավ Միքայել Շխիմյանի միջնորդությանը՝ նշելով, որ 2022-ի հուլիսի 12-ից պետությունը իրեն կասկածել է 2-5 միլիոն դրամ կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Այս միջնորդությունը դատարանը մերժեց։
Նիստը հետաձգվեց, հաջորդ դատալսումները նշանակվեցին մայիսի 8-ին։
Եվգենյա Համբարձումյան